ՀՏՀ դպրոցի և ընդունելության վերաբերյալ

Տարեկան վճարը 1-12-րդ դասարաններում 2․800․000 ՀՀ դրամ է։ Ֆինանսական աջակցություն տրամադրվում է միայն 10-12-րդ դասարաններում։ 1-9-րդ դասարաններում գործում է հատուկ սակագին միաժամանակ սովորող քույր-եղբայրների համար։ Երկրորդ երեխայի վճարը 2․380․000 ՀՀ դրամ է, երրորդ և ավելի երեխաներինը՝ 2․240․000 ՀՀ դրամ։

«Այբ» ավագ դպրոց հիմնական ընդունելությամբ ընդունված լավագույն 25%-ի մեջ հայտնված մինչև 5 երեխա ՀՀ մարզերից և Արցախից, անկախ դիմորդի ընտանիքի վճարունակությունից, ստանում է ամբողջական ֆինանսական աջակցություն և ապահովվում Երևանում կեցությամբ, եթե դրա կարիքը կա: Հնարավորությունը գործում է «Այբ» ավագ դպրոցում ուսանելու բոլոր երեք տարիների համար՝ պայմանով, որ աշակերտը 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտի 85 և ավելի միավոր միջին տարեկան առաջադիմությամբ:

Այո՛, սակայն տրանսպորտային ծառայությունից օգտվելու վճարը ներառված չէ վարձավճարում։ Հիմնական դպրոցում (1-9-րդ դասարաններ) տրանսպորտային ծառայության վճարը 171․000 դրամ է, ավագ դպրոցում՝ 150․000 դրամ։ Ավելին, հնարավոր է, որ որոշ բնակավայրեր ներառված չլինեն հիմնական երթուղու մեջ, որպեսզի բոլոր երեխաները ստիպված չլինեն երկար ժամանակ անցկացնելու ճանապարհի վրա։

Հիմնական դասապրոցեսը սկսվում է 8։30-ին և ավարտվում 15։20-ին։ Այդ ընթացքում աշակերտներն ունեն 3-անգամյա ընդմիջում։ Դրանից հետո աշակերտները կարող են մասնակցել արտադասարանական պարապմունքների, որոնք ավարտվում են 16։20-ին։

«Այբ» դպրոցում գնահատումը կատարվում է ուսուցչի կողմից տրամադրվող արձագանքի (feedback) միջոցով: Թվանշանային գնահատման համար կիրառվում է 100-միավորանոց սանդղակ: Դպրոցում չկան նաև օրագրեր և մատյաններ: Փոխարենը գործածվում է «Մուդլ» էլեկտրոնային համակարգը (Moodle):

Արտադասարանական պարապմունքները տարբեր առարկաներից են լինում՝ հիմնականում կախված նրանից, թե այդ տարի աշակերտներն ինչ են ցանկանում ուսումնասիրել։ Ունենք արտադասարանական պարապմունք գերմաներենից, գիտության խմբակ, դասապատրաստում և այլն։

Դպրոցը չունի ուղղվածություն և հոսքերի բաժանում։ Այն տրամադրում է համապարփակ ուսում, երբ բոլոր առարկաներն էլ հավասարաչափ կարևոր են։ Սակայն ավագ դպրոցի (10-12-րդ դաս․) աշակերտներն իրենք են կազմում իրենց անհատական դասացուցակը մասնագիտական ընտրության հիման վրա։ Դասացուցակի ընտրության հարցում աշակերտները որոշակի ուղղորդում ունեն․ պետք է յուրաքանչյուր առարկայախմբից ընտրեն գոնե մեկ առարկա։ Այսինքն՝ նույնիսկ եթե աշակերտը ցանկանում է դառնալ բժիշկ և կենտրոնանում է բնագիտական առարկաների վրա, նա անպայման ընտրում է նաև արվեստի առարկայախմբից մեկ առարկա։

«Այբ» ավագ դպրոցում ամեն աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը, որը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից: Հիմնական առարկաները դասավանդվում են ստանդարտ և խորացված մակարդակներով:

Ավագ դպրոցի ընդունելության գործընթացը սկսվում է հունվարին։ Անցկացվում են բաց դռների միջոցառումներ, որոնց ընթացքում դուք ծանոթանում եք դպրոցին և ընդունելության գործընթացին։ Այնուհետև լրացնում եք դիմումը և մասնակցում ընդունելության մյուս գործընթացներին՝ քննություններին և ընդունող հանձնաժողովի անդամների հետ հարցազրույցի փուլին։ Ավագ դպրոցի ընդունելությունը հիմնականում ամփոփվում է մայիս ամսին։

Տարրական դպրոցի (1-ին դասարան) ընդունելության գործընթացը ևս սկսվում է հունվար ամսին։ Հունվար-մարտ ամիսների ընթացքում անցկացվում են բաց դռների միջոցառումներ, որոնց ընթացքում դուք ծանոթանում եք դպրոցին և ընդունելության գործընթացին։ Այնուհետև լրացնում եք դիմումը և մասնակցում ընդունելության մյուս գործընթացներին՝ դիմորդների հետ հանդիպում-դասերին և մասնագետների մասնակցությամբ խաղային զրույցին, որի ընթացքում դպրոցը ծանոթանում է երեխաների հետ և հասկանում՝ որքանով է դիմորդը պատրաստ (ոչ գիտելիքային առումով) հաճախելու դպրոց։ Ընդունելության գործընթացի վերջին փուլը դիմորդի ծնողների հետ ընդունող հանձնաժողովի ծանոթական զրույցն է։ Տարրական դպրոցի ընդունելությունը հիմնականում ամփոփվում է ապրիլ-մայիս ամիսներին։

Հիմնական դպրոցում ընդունելության գործընթացը սկսվում է յուրաքանչյուր դասարանում թափուր տեղերի առաջացման դեպքում։ Այսինքն՝ իրականացվում է թափուր տեղերի համալրման նպատակով կազմակերպվող ընդունելություն։ Ընդունելություն հիմնականում իրականացվում է յուրաքանչյուր քառորդի վերջում՝ տնօրինության որոշմամբ։ Դրա մասին հայտարարվում է կայքում։

Ավագ դպրոցի ընդունելությունն իրականացվում է միայն 10-րդ դասարանում։ 11-րդ և 12-րդ դասարաններում երեխաներն արդեն խորացնում են իրենց գիտելիքները և «Արարատյան բակալավրիատ» ծրագրով բավական ճանապարհ են անցած լինում։

«Այբ» դպրոցի ընդունելության գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ընդունելության դիմումը, որը հասանելի է լինում կայքում։ Կարող է շփոթմունք առաջացնել ավագ և տարրական դպրոցների բաց դռների միջոցառումներին գրանցվելը, քանի որ այդ ժամանակ նույնպես լրացնում եք ձեր անձնական տվյալները։ Սակայն բաց դռներին մասնակցելն ընդունելության դիմում չէ։ Անհրաժեշտ է պարբերաբար հետևել ընդունելության բաժնի կողմից ուղարկվող նամակներին կամ կայքի թարմացումներին, որպեսզի կարողանաք լրացնել ընդունելության դիմումը։

Եթե մինչև ընդունելության դիմումը լրացրել եք հետաքրքրվածների ցանկում հայտնվելու համար ձեր անձնական տվյալները, որպեսզի ձեզ պարբերաբար ներկայացնենք թարմացումներ թափուր տեղերի մասին և տեղեկացնենք ընդունելության գործընթացի մեկնարկի մասին, սա նույնպես կարող է ձեզ շփոթության մատնել՝ կարծել տալով, թե լրացրել եք ընդունելության դիմում։ Դիմումի մասին ձեզ տեղեկացնում ենք անհատական նամակներով, ինչպես նաև դրա մասին հրապարակում դպրոցի կայքում կամ ֆեյբուքյան էջում։

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>