Շարունակվում է համագործակցությունը Գրանդ Վալիի պետական համալսարանի հետ

«Այբ» դպրոցը 2023 թվականից Արտասահմանում ուսանողական դասավանդման կոնսորցիումի (Consortium for Overseas Student Teaching, COST) անդամ է։ Այս կազմակերպությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում մանկավարժություն ուսումնասիրող ուսանողներին ձեռք բերելու միջազգային փորձ՝ դասավանդելով աշխարհի տարբեր երկրներում։ Կոնսորցիումի աշխատանքները համակարգում է Գրանդ Վալիի պետական համալսարանը, որի հետ համագործակցում է «Այբ»-ը։

Համագործակցության շրջանակում «Այբ» դպրոցը 2025 թվականի գարնանը հյուրընկալեց Ջորջիայի համալսարանից Լարիսա Հոքերին, ով դասավանդեց համաշխարհային պատմություն և անգլերեն 8-11-րդ դասարաններում։
«Ես միշտ գիտեի, որ ուզում եմ ուսուցիչ դառնալ. մնում էր միայն որոշել՝ ո՛ր առարկայի։ Դպրոցում ինձ դուր էր գալիս օգնել ընկերներիս, սիրում էի աշխատել երեխաների հետ և ուղղակի սիրում էի դպրոցը։ Իսկ սոցիալական գիտություններն ինձ գրավեցին, որովհետև դրանք թույլ են տալիս խորապես ուսումնասիրել մարդուն»,— պատմում է Լարիսան։
Հայաստանը որպես ծրագրի շրջանակում դասավանդման երկիր Լարիսան ընտրել է մեծ հետաքրքրությամբ.
«Երբ ուսումնասիրում էի երկրների ցանկը, հասկացա, որ Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեմ։ Սա հիանալի հնարավորություն էր բացահայտելու մի վայր, որը սովորաբար չէր լինի իմ ճանապարհին»։

Հայաստանում գտնվելու ընթացքում Լարիսան հասցրել է այցելել Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Գյումրի՝ առանձնահատուկ տպավորված լինելով ինչպես մշակութային ժառանգությամբ, այնպես էլ հյուրասիրությամբ։

Իսկ «Այբ»-ի մասին Լարիսան ժպիտով նշում է.
«Դպրոցի արժեքները, մթնոլորտը, աշակերտների հետաքրքրվածությունն ու ուսուցիչների նվիրումը իսկապես տպավորիչ են: Շատ բարձր եմ գնահատում այն, թե որքան մտածված է դպրոցում ամեն ինչ՝ ուսուցիչների և աշակերտների փորձառությունն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար»։

Հարցին, թե որն է դասավանդման ընթացքում ամենահիշարժան պահը, Լարիսան պատմում է.
«8-րդ դասարանի աշակերտների հետ գրքի կերպարներից մեկի մահվան կապակցությամբ փոքրիկ արարողություն էինք կազմակերպել։ Աշակերտները գրել էին շատ հուզիչ մահախոսականներ։ Երբ նրանք կարդում էին, ես պարզապես սկսեցի արտասվել»։

Լարիսան վստահ է, որ դպրոցում անցկացրած ամիսները մեծ ազդեցություն կունենան իր մասնագիտական հմտությունների զարգացման վրա։ Այս ծրագիրն իր համար դարձավ փոխադարձ ուսումնառության ու նոր գաղափարների փոխանակման փորձառություն։

««Այբ»-ի համագործակցային և ընտանեկան մթնոլորտը, մենտոր ուսուցիչների թե՛ մեթոդաբանական, թե՛ մարդկային մոտեցումները ինձ բազմաթիվ նոր գաղափարներ տվեցին։ Իմ աշակերտներն էլ հիշեցրին, թե որքան կարևոր է հավատալ սեփական ուժերին։ Ուղղակի շնորհակալ եմ բոլորին»։

Tweets by AybSchool
>