Կրթությունը 21-րդ դարի շարժիչ ուժն է․ ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսի հանդիպումը «Այբ»-ի աշակերտների հետ

«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին։ Այբեցիների հետ հանդիպման ընթացքում նա խոսեց կրթության ներկայիս և հետագա զարգացումների, մարտահրավերների, կրթական ոլորտում արվող բարեփոխումների, սեփական նպատակներին հասնելու համար մղվող պայքարի կարևորության մասին։ Ահա մի քանի կարևոր դրվագ և դիտարկում «Այբ»-ում ՀԱՀ-ի նախագահի հետ հետաքրքիր և արդյունավետ հանդիպումից։

Մարտահրավերներ

Աշխարհում որևէ բան փոխելու կարևորագույն նախադրյալներից է մարտահրավերներ ընդունելն ու դրանք հաղթահարելը։ Իսկ ահա մարտահրավերներն ընդունել կարողանալու և հաղթահարելու միջոցներ ձեռնարկելու ամենակարևոր ռեսուրսը որակյալ կրթություն տալն ու առողջ և մրցունակ սերունդ դաստիարակելն է։ Հարկավոր է երիտասարդներին որակյալ կրթություն տալու միջոցով նրանց նախապատրաստել մարդկության և շրջակա միջավայրի համաշխարհային խնդիրները լուծելու գործին։

Կրթությունը Հայաստանում և դրա կարևորությունը

Ես հայերեն չգիտեմ, բայց ես ինձ հայ եմ զգում։ Կիսով չափ շվեդ եմ, կիսով չափ՝ վրացի։ Սեպտեմբերից աշխատում եմ ՀԱՀ-ում։ Այստեղ աշխատելն ու հայերի հետ համագործակցելը հետաքրքիր է, համատեղ ծնվում են բազմաթիվ ստեղծարար գաղափարներ, որոնք ոչ հեռու ապագայում պետք է տան իրենց լուրջ և անհրաժեշտ արդյունքները։ Կրթության որակը Հայաստանում բավականին բարձր մակարդակի վրա է դրված, եթե համեմատենք մի շարք պետությունների հետ։ Սակայն արտերկրում սովորելը և փորձառություն ձեռք բերելը ևս մեծ ձեռքբերում կարող է լինել խելացի և անընդհատ ավելիին ձգտող երիտասարդների համար։ Իմ խորհուրդն է ձեզ անընդհատ աշխատել, մարզել ուղեղն ու, գնահատելով սեփական կարողությունները, կատարելագործել անհրաժեշտ հմտությունները։ Ողջունելի և ուրախալի է «Այբ» դպրոցի սկզբունքային գործունեությունը։ Այստեղ կա համատեղ աշխատանքի, միասնության գաղափարը, մթնոլորտը շատ մտերմիկ է, ինչն ինձ անչափ դուր է գալիս։

Սովորել ուրիշներից ու դառնալ ավելի լավը

Կրթությունը, գիտելիք ստանալու գործընթացն ամբողջ կյանքի համար է և չի սահմանափակվում միայն որևէ շենքում մի քանի տարի անցկացնելով։ Այն շարունակական ընթացքի է, որում ամենակարևորը հետաքրքրություն ցուցաբերելն է դեպի նոր բացահայտումներ և հայտնագործություններ։ Մեր հետաքրքրությունների ու գիտելիքների սահմաններից դուրս գալով և դրանք փոխադարձ կիսելով մեզ շրջապատող այլ մարդկանց հետ՝ մենք կընդլայնենք մեր աշխարհընկալումը և ի վերջո կհասնենք աշխարհի գրեթե բոլոր անկյուններում տեղ ծագած հիմնախնդիրների լուծմանը։ Սովորելով ուրիշներից և ուրիշներին սովորեցնելով՝ մենք դառնում ենք ավելի լավը և նպաստում ենք մեր շրջապատի զարգացմանը։

Համալսարանական կրթությունը և դրա անհրաժեշտությունը

Սիրելի՛ աշակերտներ, ուսումնասիրեք համալսարանական կրթության բուն նպատակն ու կարևորությունը՝ հասկանալու համար մասնագիտության համապատասխանությունը սեփական հետաքրքրություններին, մանրակրկիտ հետաքրքրվեք տեղական և արտերկրյա համալսարանների ընձեռած հնարավորություններով և հետո՛ միայն որոշում կայացրեք։ Ճիշտ ընտրությունը աշխարհում ինչ-որ բան փոխելու առաջին քայլն է։

Աիդա Ավետիսյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News

Tweets by AybSchool
>