Լուսնից դեպի Մարս․ «Այբ»-ի աշակերտները՝ «Քեմուրջյան 100» համաժողովի հյուր

Խավար էր, մթին երեկո, անվրդով լռություն․․․ Բնությունը շունչը պահել ու սրտի տրոփյունով հետևում էր. հենց այդպես, առանց շտապելու, բարձրացրու գլուխդ, ապրե՛ս, այժմ նայի՛ր, նայի՛ր վերև՝ աստղերին, դե՛․․․ Բնությունը լուռ սարսռաց պահի ազդեցությամբ. պատմության մեջ առաջին անգամ մարդ էակը հայացք էր նետել աստղերին ու փշաքաղվել հիացմունքից։ Ամեն բան կանխորոշվեց հենց այդ ակնթարթին. հաջորդող երկարուձիգ դարերի ընթացքում մարդ էակը, անսպառ հետաքրքրությամբ լցված, բացահայտելու էր անծայրածիր տիեզերքի գաղտնիքները և ոգեշնչման անսպառ աղբյուր էր գտնելու դրանցում։

Բնությունը չէր սխալվել։ Որքան գնում, այնքան ավելի ու ավելի էր մեծանում մարդ էակի՝ տիեզերքին հաղորդ լինելու ձգտումը։ Աստղերը խենթացրել էին նրան, ստիպել էին մոռանալ սեփական չնչինության մասին։ Երևակայությամբ նա վաղուց արդեն շրջել էր տիեզերքի ամենահեռու անկյուններում։ Ու հենց այդպես, համառությամբ ու հավատով զինված՝ մարդ էակը հասավ մինչև Լուսին։

Աստղերի ու տիեզերքի մասին երազողներից մեկի՝ 20-րդ դարի հայազգի նշանավոր գիտնական, «Լուսնագնաց 1» և «Լուսնագնաց 2» ծրագրերի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյա հիշատակին էր նվիրված «Ստարմուս» (Starmus - Stars and Music) փառատոնի «Լուսնից դեպի Մարս. Ալեքսանդր Քեմուրջյան 100» գիտաժողովը, որին ներկա լինելու հրավեր էին ստացել նաև «Այբ» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների 5 աշակերտներ՝ «Այբ»-ի համահիմնադիր Արամ Փախչանյանի ուղեկցությամբ։ Հայազգի աստղաֆիզիկոս, «Ստարմուս» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի ջանքերով՝ գիտաժողովի շրջանակում միավորվել էին աստղագիտությունն ու ռոք երաժշտությունը։ Գիտության, մասնավորապես աստղաֆիզիկայի, առաջընթացի գլխավոր խթան լինելուն և դրա նշանակությանը նվիրված ելույթների կողքին գիտաժողովի ընթացքում առաջին անգամ կատարվեց աշխարհահռչակ երաժիշտներ Բրայան Ինոյի և Սերժ Թանկյանի՝ հատուկ «Ստարմուս» փառատոնի համար գրած երաժշտությունը։

Բանախոսները, այդ թվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մեծ ակնածանքով հիշատակեցին Ալեքսանդր Քեմուրջյանի անգնահատելի վաստակն ու ավանդը ինչպես աստղաֆիզիկայի, այնպես և տիեզերագնացության զարգացման մեջ։ Բանախոսների ելույթներին հաջորդեց գիտաժողովի հարց ու պատասխանի մասը, որի ընթացքում ներկաները, այդ թվում մենք՝ աշակերտներս, հարցեր ուղղեցինք նախագահին։

Գիտաժողովին ներկա լինելու բացառիկ հնարավորությունը ոգեշնչման մեծ աղբյուր էր, որը հետաքրքրասիրության նոր լիցքեր հաղորդեց, է՛լ ավելի խորացրեց գիտության ու ճարտարագիտության ոլորտների հանդեպ հետաքրքրությունը և երկնքին ավելի հաճախ նայելու առիթ դարձավ։

Տաթև Մարգարյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>