Շաբաթօրյակ «Փյունիկ» հաշմանդամների միության հարակից տարածքում

«Այբ» դպրոցի աշակերտները շաբաթօրյակ կազմակերպեցին մեր գործընկեր «Փյունիկ» հաշմանդամների միության հարակից տարածքում։ Նախաձեռնությանը մասնակցեց «Այբ» ավագ և միջին դպրոցների մոտ 20 աշակերտ։ Կազմակերպության ներկայացուցիչները «Այբ» դպրոցի սաներին պատմեցին միության ստեղծման, նպատակների, մինչև այժմ իրականացված և հիմա իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաև ներկայացրին առաջիկա այն ծրագրերը, որոնցում աշակերտները հնարավորություն կունենան ներգրավվելու որպես կամավորներ։ Ներկայացմանը հաջորդեցին տարածքի մաքրման բուն աշխատանքները։

Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության հետ երկարաժամկետ համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին։ Ի թիվս այլ կազմակերպությունների՝ «Այբ» դպրոցն ու «Փյունիկ» միությունն իրականացնում են սոցիալական համատեղ միջոցառումներ, իսկ «Այբ» դպրոցի աշակերտներն՝ ակտիվորեն ներգրավվում որպես կամավորներ ինչպես այդ միջոցառումներում, այնպես էլ «Փյունիկ» հաշմանդամների միության կողմից իրականացվող ծրագրերում ու աշխատանքներում։ Վառ օրինակ են «Այբ» դպրոցի աշակերտների և հաշմանդություն ունեցողների բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամների մասնակցությամբ անվասայլակներով բասկետբոլը, դրան նախորդած թեյախմությունը, երբ հավաքականի տղաները մեր սաների հետ քննարկում ծավալեցին այնպիսի դրսևորումների շուրջ, ինչպիսին են կամքի ուժը, նպատակը, շահադրդումը և այլն, «Փյունիկ» միության աջակցության տակ գտնվող, հաշմանդամության կարգ ունեցող երեխաների և «Այբ» միջին դպրոցի սաների մասնակցությամբ «Սպորտլանդիան»։

Համագործակցությունը շարունակական է, առաջիկայում կիրականացվեն նոր գաղափարներ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>