Դավիթ Սահակյան․ Երկրների զարգացածության աճը պետք է չափել կրթության մեջ ներդրված գումարով

«Այբ» դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը «Կրթությունը ներսից» նախագծի 19-րդ թողարկման հյուրն էր։ Այն վարում էր «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը։ «30 տարվա կրթական համակարգը և այսօրվա իրականությունը» խորագրով քննարկմանը պարոն Սահակյանի հնչեցրած մտքերը՝ ամփոփ։

30 տարվա կրթությունը

Վերջին 30 տարիների ընթացքում կրթական համակարգ կառուցելու համար մենք ոչ միայն ունեցել ենք Խորհրդային Միությունից հետո ռեսուրսների սակավության խնդիր, այլև մինչև այդ 70 տարի մենք մեզ հարց չէինք տալիս, թե ինչպիսի կրթություն ենք ուզում կառուցել։ Անկախացումից հետո առաջին տարիներին խնդիր էր դրված՝ կառուցել այնպիսի կրթական համակարգ, որ բացառվեր հետանցումը Խորհրդային Միություն՝ հրաժարվել հին դասագրքերից, հին գաղափարախոսություններից։ Եվ այդ պահին չէինք փորձում լավացնել կրթության որակը կամ ստեղծել նորը, նպատակը մեկն էր՝ փոխարինել հինը։ Կրթական համակարգը որպես համակարգ գործում էր, բայց հիմնական բացն այն զարգացնելն էր։

Կրթությունը՝ ներսից

Մենք շատ ենք խոսում տնտեսությունից և եթե վերջին շրջանում նայենք երկրի զարգացման ծրագրերին, կտեսնենք, որ կրթությունը համարվում է տնտեսությանը սպասարկող ոլորտ։ Դպրոցներում աշակերտներին սկսեցին պատրաստել ապագա աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, և որպեսզի երկիրը զարգանա, մեզ պետք են, օրինակ, այս կամ այն ոլորտի մասնագետներ և համապատասխան գիտելիքներ ունեցող մարդիկ։ Սակայն հիմա կա մեկ այլ տեսակետ, որ երկրների զարգացածության աճը պետք է չափել ոչ թե երկրի ՀՆԱ-ով, այլ կրթության մեջ ներդրված գումարներով։ Հիմա արդեն կրթությունը դարձել է տնտեսության զարգացումը թելադրող ոլորտ։

Ռեֆորմներ

Կրթությունը երկարաժամկետ ոլորտ է և բարեփոխումների մասին խոսելիս պետք է լինենք շատ զգույշ, որպեսզի խուսափենք խնդիրներից՝ դրանց լուծումներ տալու փոխարեն։ Պետք է տեսնենք՝ ըստ բովանդակության ի՞նչ խնդիրներ ունենք կրթության մեջ և ի՞նչ մարդիկ ենք ուզում ստեղծել ապագայի համար՝ ներկայիս կրթության միջոցով։ Կրթության լուրջ բարեփոխումների համար անգամ 20-30 տարին շատ քիչ է․ դա երկարաժամկետ գործընթաց է։

Կրթությունը՝ ապաքաղաքականացված

Կրթությունը պետք է դառնա առաջին հերթին ապաքաղաքական ոլորտ։ Նախարարները միշտ են լինելու քաղաքական պաշտոնյաներ և որոշումներ կայացնողը նրանք են, սակայն երբ մասնագիտական կառույցներն ունենան բավական մասնագիտական որակավորում՝ հավասարակշռելու քաղաքական որոշումները կրթության վերաբերյալ, հնարավոր կլինի լուծում տալ հարցերին։ Կարևոր է, որ կրթությունը բավարարի անհատի, հասարակության և պետության շահերը հավասարակշռված կերպով։

Կրթությունը՝ հիմա, ապագայում

Դպրոցները ոչ թե պետք է իրենց դիտեն որպես ենթակա և սպասեն, թե կառավարությունը երբ է իրենց թելադրելու որևէ քայլ անել, այլ իրենք պետք է կարողանանան ճիշտ պահանջ ներկայացնել։ Քանի դեռ կրթությունը չի դառնում հանրային արժեք, քանի դեռ հասարակությունը և կրթական հաստատությունները չեն դիտում կրթությունը որպես մեծագույն առաքելություն, մենք կունենանք ենթականեր և ստորադասներ։ Եվ պարզ է, որ մինչև օրս կրթության մեջ խնդիրներ պետք է լինեին, որովհետև 30 տարին շատ քիչ է բարեկարգումներ անելու համար, և ամեն ինչ անշուշտ առջևում է։

Իլոնա Արտազյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Լուրեր Tag News

Tweets by AybSchool
>