Նախագծային ուսումնառություն. 2019-2020

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում 2019-2020 ուս․ տարում գործելու են 11 ակումբ։

Այս տարվա ակումբների գործունեությանը կարող եք ծանոթանալ ստորև։

Նախագծային ուսումնառության ակումբների աշխատանքների իրականացման համար հարկավոր է 10մլն ՀՀ դրամ։

Ինժեներական ակումբ

Ղեկավար՝ Վազգեն Գաբրիելյան

Նախագծի անվանում՝ “AVC combat”

Նախագծի նկարագրություն։ Նախագծի շրջանակում ակումբի անդամները նախատեսում են նախագծել և պատրաստել չորս ռոբոտ, որոնցից երկուսը լինելու են ինքնաղեկավարվող մեքենաներ, իսկ մյուս երկուսը՝ մարտական ռոբոտներ։

Ինքնաղեկավարվող մեքենայի առաջադրանքն է, խուսափելով ճանապահային արգելքներից՝ անցնել տրված ճանապարհը և հասնել վերջնակետին։

Մարտական ռոբոտի նպատակն է, կրելով նվազագույն վնաս՝ ազդել հակառակորդ ռոբոտի աշխատունակության վրա։

Նախագծից ակնկալվող արդյունքը՝ ստեղծված ռոբոտներով ապրիլ ամսին մասնակցել ԱՄՆ-ում անցկացվող հայտնի National Robotics Challenge մրցույթին:

«Արվեստանոց» ակումբ

Ղեկավար՝ Մարի Ադամյան

Նախագծի անվանում՝ «Քաղաքանդակ»

Նախագծի նկարագրությունը. Նախագծի նպատակն է Երևանի ոչ հայտնի քանդակների և դրանց հեղինակների հանրահռչակումը։ Ակումբը բարձրաձայնում է անուշադրության մատնված քանդակների և քանդակագործների անհայտ լինելու խնդիրը։

Նախագծից ակնկալվող արդյունքները՝ հանրությանը ներկայացնել անուշադրության մատնված քանդակների մշակույթը, ճանաչելի դարձնել մեր հայրենակից (դասական և ժամանակակից) արվեստագետների կյանքն ու ստեղծագործությունները, ներկայացնել քանդակագործությունը որպես քաղաքային միջավայրի անբաժանելի մաս։

Նախագծի վերջում նախատեսվում է ունենալ հավելված, որտեղ ընդգրկված կլինեն ընտրված արձանները և որոնց համար կստեղծվեն առանձին QR կոդեր։ Ընտրված արձանները հավելվածում կներկայացվեն անիմացիայի տեսքով։

Ծրագրավորման ակումբ

Ղեկավար՝ Վլադիմիր Խոյեցյան, Նվեր Աբգարյան

Նախագծի անվանում՝ Bolola

Նախագծի նկարագրությունը. Ակումբի անդամները ստեղծելու են SaaS տեսակի օնլայն հարթակ, որը նախատեսված է հանրային տրանսպորտային ծառայությունները առավել հասանելի և մատչելի դարձնելու համար։ Համակարգի առաջնային օգտատեր է հանդիսանալու հանրային տրանսպորտը կառավարող կառույցը։ Համակարգը աշխատելու է հետևյալ կերպ՝ համապատասխան ենթակառույցի պատասխանատուն գրանցվելու է համակարգում և ներմուծելու է երթուղիները։

Համակարգը տրամադրելու է բջջային հավելվածի և կայքի White label տարբերակներ։ Հավելյալ մոնետիզացման աղբյուր կարող են լինել API-ների տրամադրումը /այլ հավելվածում ինտեգրելու հնարավորություն/, GPS թրաքերների հետ աշխատանք /իրական ժամանակում մեքենաների ցուցադրում/ և այլն։

Նախագծից ակնկալվող արդյուքնները՝ ներդրված համակարգ և շուկայավարման ռազմավարություն։

Ֆոնդահայթայթման ակումբ

Ղեկավար՝ Տաթևիկ Ֆլջյան

Նախագծի նկարագրություն․ Ֆոնդահայթայթման ակումբը իր առջև նպատակ է դրել հայթայթել գումար «Արվեստանոց» ակումբի կողմից ստեղծված «Տեսողական պոեզիա» գրքի տպագրման համար։

Հայ հասարակության մեջ կան մի շարք ժամանակակից բանաստեղծներ, որոնց գործերը չեն ստանում այն ուշադրությունը, որին արժանի են։ «Տեսողական պոեզիա» գրքի տարածումը՝ ժամանակակից բանաստեղծությունների ներկայացման հետաքրքիր լուծումներով, կարող է նպաստել այս հարցի լուծմանը։ Ակումբի նպատակն է նախագծի արդյունքում հավաքել անհրաժեշտ գումար՝ 2մլն դրամ, գրքի հետագա տպագրման և վաճառքի համար։

Նախագծից ակնկալվող արդյունքն է հավաքել 2 մլն դրամ գրքի 500 օրինակի տպագրության համար։

Ռոքեստր

Ղեկավար՝ Վահագն Պապայան

Նախագծի անվանում՝ 80 ակՕրդ աշխարհի շուրջ

Այս ուսումնական տարի նախագծային ուսումնառության շրջանակում «Ռոքեստր» ակումբը պատրաստվում էր ներկայանալ երաժշտության ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ հարմոնիայի մասին հետազոտությամբ և համերգով։ Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում խմբի անդամներն ավարտել էին հարմոնիայի դասընթացը և երգացանկի ընտրությունը: Սկսվել էին համերգային ծրագրի նախապատրաստական աշխատանքները, սակայն հեռավար կրթության պայմաններում նոր ձևաչափ գտնելու անհրաժեշտություն եղավ։ Որոշվեց խմբի անդամների՝ հարմոնիայի մասին ուսումնասիրությունները ներկայացնել ներբեռնելի հաղորդաշարի՝ փոդքաստների շարքի միջոցով: Այն նախատեսված է երաժշտությունն ավելի հիմնավոր հասկանալ ցանկացող երաժշտասերների համար։

«Ռոքեստր» ակումբն իր այս հաղորդաշարով պատրաստվում է բացատրել հարմոնիկ լեզվի տարբեր յուրահատկություններ և դրանց դերը երաժշտական ստեղծագործությունների ընկալման և արժևորման մեջ՝ օգտագործելով օրինակներ համաշխարհային երաժշտության ժառանգությունից: Հաղորդումները նախատեսված են 10-15 րոպե տևողությամբ և կներկայացվեն հանրությանը շաբաթական երեք անգամ՝ հունիսի 1-ից սկսած:

Ֆ8/ լուսանկարչական ակումբ

Ղեկավար՝ Արեգ Բալայան

Նախագծի անվանում՝ «Աղբերս ու ես»

Նախագծի նկարագրություն․ Ակումբը իր առջև նպատակ է դրել հակադրել գեղեցիկը և գարշելին, բարձրացնել աղտոտվածության խնդիրը Հայաստանում, նպաստել աղտոտվածության նվազմանը, ներկայացնել աղբի այլընտրանքային օգտագործման ձևերը և բացահայտել աղբին երկրորդ շունչ տվող մարդկանց գործունեության ընթացքը։

Նախագծից ակնկալվող արդյուքներն են՝ ունենալ լուսանկարներ՝ «մոդելների» և արվեստագետների մասնակցությամբ, նկարահանել տեսանյութ էսթետիկի և տհաճի համադրությամբ և ձեռք բերել աղբով լցված թափանցիկ արկղ-սեղաններ հյուրասիրության համար։

Մոբիստուդիո

Ղեկավար՝ Էրիկ Անթառանյան

Նախագծի անվանում՝ Աշնա /Գույնը գ/ֆ/

Նախագծի նկարագրություն. Ֆիլմը աղջկա՝ իր երազանքին հասնելու ճանապարհին հանդիպող դժվարությունների մասին է։ Հերոսուհու՝ նպատակներին հասնելու ճանապարհին հանդիպած խոչընդոտների հաղթահարումը սովորական պատմություն է դառնում: Հայտնվում են մրցակիցներ և աջակցողներ: Իրավիճակին հանգուցալուծում է տալիս հայտնի ռեժիսորից անակնկալ կերպով արված առաջարկը՝ նկարահանվել ֆիլմում: Նախագծի նպատակը սմարթֆոնով գեղարվեստական ֆիլմ նկարելու անհնարինության միֆը ցրելն է:

Նախագծից ակնկալվող արդյունք՝ կինոփառատոններին մասնակցություն

Նախագծ 2՝ Սոցիալական հոլովակ

Նախագծի նկարագրություն՝ նախագծի շրջանակում ակումբի անդամները պետք է պատրաստեն հոլովակներ, որոնք իրենց մեջ պարունակում են սոցիալական գաղափարներ։ Ակուբի անդամները խնդիր են դրել իրենց առջև բարձրաձայնել արդի սոցիալական խնդիրները, ցույց տալ նրանց բացասական ազդեցությունները և առաջարկել լուծման ուղիներ։

Նախագծից ակնկալվող արդյունքներ՝ մարդկանց վերաբերմունքի փոփոխություն, մարդու կյանքի արժևորում։

Տեխնոշարժ ակումբ

Ղեկավար՝ Ալեքսանդր Մելիքյան

Նախագծի անվանում՝ “AyBus”

Նախագծի նկարագրություն․ Ակումբի անդամները իրենց կողմից ստեղծված ծրագրի միջոցով հնարավորություն են տալու հետևելու «Այբ» դպրոցի ավտոբուսների գտնվելու վայրը։ Հավելվածը հնարավորություն է ունենալու տրամադրելու նաև անհրաժեշտ(հնարավոր) այլ տվյալներ։ Հավելվածը հնարավորություն է տալու, նաև ճանապարհային ծանրաբեռնվածության պայմաններում «գերմանական» ճշգրտության ապահովում և երկկողմանի կապի ապահովում։ Որպես հավելում․ հնարավոր է նաև ավտոբուսների մեջ հնարավորություն ստեղծվի Chek in լինելու։

Նախագծից ակնկալվող արդյունքը՝ Հավելված, որը ավելի դյուրին և հարմարավետ կդարձնի Այբ ավտոբուսներով երթևեկությունը: Հավելվածը հաջողույթյուն գրանցելու դեպքում հետագայում կարող է տրամադրվել այլ կազմակերպությունների, ովքեր իրականացնում են ուղեփոխադրում։

Բիոինֆորմատիկա

Ղեկավար՝ Տիգրան Աղաբեկյան

Նախագծի անվանում՝ DNA Data Storage

Նախագծի նկարագրություն. Տեղեկատվության մոլեկուլյար պահեստավորումը գրավիչ այլընտրանք է անընդհատ աճող տվյալերի հետ աշխատելու համար։ Ինֆորմացիայի պահեստավորումը ԴՆԹ-ում ուլտրակոմպակտ է, երկարակյաց, ոչ խոցելի տեղեկատվական գրոհներին, և ամենակարևորը, ի տարբերություն օրինակ ֆլոպի սկավառակների, երբեք չի հնանա։ Պրոյեկտի նպատակն է ուսումնասիրել տեղեկատվության պահեստավորման մեթոդները, մասնավորապես մոլեկուլյար մեթոդը, ձեռք բերել գիտելիքներ գենետիկայից և էվոլուցիայից, և սովորել տվյալագիտության R լեզուն։ Ապա, պետք է գտնենք կազմակերպություններ ովքեր զբաղվում են Digital DNA Data Storage-ով, և պետք է գտնենք նրանց հետ համագործակցելու եզրեր, որպեսզի սովորենք այս մեթոդի արդյունաբերական կիրառումը։ Պետք է հետո սկսել փորձարկել մեթոդը, կանխատեսնել և տեսնել թե ինչքան ժամանակ և ֆինանս է անհրաժեշտ կիրառման համար։ Զուգահեռ տարվելու են քննարկումներ տարբեր կազմակերպությունների հետ, որոնք կցանկանան անցում կատարել ԴՆԹ տվյալների պահմանը, և նրանց առաջարկվելու է օգտվել ակումբի կողմից առաջարկված մեթոդից։

Նախագծից ակնկալվող արդյունը՝ Վերջնական նպատակը Հայաստանում տվյալ մեթոդի ներդրումն ու կիրառումն է։

Ֆիլմարտադրության ակումբ

Ղեկավար՝ Արուսյակ Զախարյան, Նարեկ Աշուղաթոյան

Նախագծի նկարագրություն՝ Ֆիլմարտադրության ակումբի նպատակը ֆիլﬕ ﬕջոցով հայկական մշակույթի գանձերի բացահայտումը, վերհանումը և հանրահռչակուﬓ է։ Նախագիծը ﬕտված է կրթելու դպրոցականներին՝ բացահայտել հայկական մշակույթային գանձերը, ճանաչելու ժողովրդական արվեստները, ծանոթանալու հայկական ավանդույթներին ու սովորույթներին։ Աշակերտները նախագծի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն արտահայտում են ֆիլﬔրի և հարցազրույցների ﬕջոցով։

Նախագծի արդյուքնում ֆիլմեր են պատրաստվելու՝ Վան-Վասպուրականի հայկական արծաթագործության, Բարձր Հայքի հայկական տարազների, Ուրարտական պատկերագրության և ծեսերի մասին։ Ինչպես նաև նախատեսվում է ցուցադրություն՝ Հայկական դռների հետքերով, հայկական դաջարվեստ և արձանագիր հայկական գորգ խորագրերով։

Կանաչ քիմիա

Ղեկավար՝ Լիլիթ Համբարձումյան

Նախագիծ՝ Bioplastic

Նախագծի նկարագրություն՝ Նախորդ տարի ակումբի անդամները հետազոտել են և առաջարկել բիոպլաստիկ օսլայի հումքով ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։ Այս տարի պատրաստի հումքը արտադրական տեսքի բերելու համար նախատեսվող սարքի նախագծումը և մոդելավորումը լինելու է նախագծի տրամաբանական շարունակությունը: Սարքը իր տեսակով նորարարական է, քանի որ այն բիոպլաստիկե թաղանթները ստեղծելու է հեղուկ հումքից:

Նախագծից անկնալվող արդյունք՝ պատրաստի, ավտոմատացված սարքի մոդել, որը կապահովի բիոպլաստիկի թաղանթի ստացում հեղուկ հումքից լաբորատոր պայմաններում:

Tweets by AybSchool
>