Հանդիպում ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ

«Այբ»-ում կինոմթնոլորտ էր. հյուրընկալել էինք ռեժիսոր Մհեր Մկրտչյանին։ Նա «Այբ»-ի աշակերտներին պատմեց իր անցած ճանապարհի մասին, ապա զրույցը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։

Մհեր Մկրտչյանը մասնագիտական հետաքրքիր և առաջին հայացքից արտառոց ճանապարհ է անցել։ Նախ որոշել է դառնալ իրավաբան, բայց շուտով հասկացել է, որ դա «իրենը չէ», և ընտրել է սցենարիստի մասնագիտությունը։ Ընդունվել և ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական ինստիտուտը։ Սակայն որոշակի հանգամանքների պատճառով ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է բանկային ոլորտում։ 2007 թ․-ից սկսել է զբաղվել ռեժիսուրայով։ «Ամեն ինչ կատարվեց մի օրվա մեջ. ես վաճառեցի ամեն ինչ և սկսեցի զբաղվել միայն կինոյով», - այբեցիների հետ անկեղծանալով՝ նշեց Մհեր Մկրտչյանը։

Նա խոսեց դերասանի մասնագիտության, նրա հատկանիշների և տաղանդի մասին։ Արվեստը պահանջում է բնատուր տաղանդ՝ կարծում է ռեժիսորը։ Ըստ նրա ՝ արվեստում աշխատասիրությունը երբեք չի կարող լրացնել տաղանդի բացը։ Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք ունե՞ս տաղանդ, թե ոչ։ Այս հարցի պատասխանը մեկն է․ փորձել։ Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ասում է՝ արվեստի գործին գնահատական տալու համար պետք է պարզել, թե այն ինչպիսի հուզական ազդեցություն ունի հանդիսատեսի վրա։ Այդ ազդեցության բացակայության դեպքում կարելի է եզրակացնել, որ բնատուր տաղանդը բացակայում է։

Հնչեց նաև հետաքրքիր հարց գրքերի և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի մասին։ «Կինոյում ամեն ինչի հիմքը գրականությունն է», - համոզմունք հայտնեց ռեժիսորը։ Ըստ նրա՝ վատ գիրքը երբեք լավ ֆիլմի սցենար լինել չի կարող, հետևաբար գրքի վրա հիմնված ֆիլմի որակը կախված է գրքից։

Մհեր Մկրտչյանի առավել հայտնի ֆիլմերն են «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2․ 25 տարի անց» և «Լյուդվիգ անունով ոզնին»։ Նա այժմ Մ․ Մկրտչյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

Ժաննա Հայրապետյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool
>