10-րդ դասարանցիների այցը Օշական

Թարգմանչաց տոնն ունի առանձնահատուկ նշանակություն «Այբ»-ում, քանի որ խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշունչի հայերեն թարգմանությունը և Թարգմանչաց շարժումը։ Հենց Թարգմանչաց շարժումն էլ «Այբ»-ի առաքելության հիմքն է։

Ամեն տարի՝ աշնանը, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սրբոց Թարգմանչաց տոնը: Ավանդույթի համաձայն այս տարի էլ Օշականում տոնը համախմբել էր «Այբ» համայնքին։

Տոնի կապակցությամբ «Այբ» դպրոցի 10-րդ դասարանցիները մեկնեցին Օշական։ Ճանապարհի ընթացքում դպրոցի հոգևոր հովիվ տեր Աշոտի հետ աշակերտները զրուցեցին Թարգմանչաց տոնի մասին, քննարկեցին, թե ինչու էր կարևոր սեփական գիր ունենալը, ինչպես են թարգմանել և այլն։ Հասնելով Օշական՝ աշակերտները զրույց ունեցան «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի համահիմնադիր Տ. Մեսրոպ քահանա Արամյանի, «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ Արամ Փախչանյանի և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանի հետ, որոնք խոսեցին Թարգմանչաց շարժման և տոնի խորհրդի, առաքելության և նշանակության մասին։ Զրուցեցին, թե ինչպես գրերի գյուտն օգնեց հայ գրականության զարգացմանը։ Զրույցից հետո աշակերտները մտան եկեղեցի, որտեղ տեսան սբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը և գեղեցիկ կազմով Աստվածաշունչը։

Օրն աշակերտների համար ունեցավ կարևոր նշանակություն, քանի որ նրանք իմացան Թարգմանչաց տոնի և դրա կարևորության մասին, ինչպես նաև է՛լ ավելի ամրապնդեցին գրերի ստեղծման վերաբերյալ ունեցած գիտելիքները։
Աշակերտներն ապագայում կդառնան բժիշկներ, ծրագրավորողներ կամ կընտրեն այլ մասնագիտություններ, սակայն ողջ կյանքի ընթացքում պետք է հիշեն այն աստվածաշնչյան պատգամը, որն առաջինն է թարգմանվել մեր ուսուցչի կողմից՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Հովակիմ Մասերյան
10-րդ դասարան


Tweets by AybSchool
>