Տեղի ունեցավ «Այբ»-ի ամանորյա բարեգործական տոնավաճառը

Կայացավ «Այբ» դպրոցի ամենահեքիաթային ու ջերմ միջոցառումը՝ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որի կազմակերպիչը «Այբ»-ի շրջանավարտների ակումբն է։ Այս տարի ևս բարեգործական տոնավաճառը համախմբել էր ամբողջ «Այբ» համայնքին՝ աշակերտներին ու ծնողներին, ուսուցիչներին ու բարերարներին, դպրոցի ընկերներին և մի խումբ արվեստասերների։

Տոնավաճառի ամբողջ ընթացքում դպրոցում տիրում էին ամանորյա հեքիաթի փայլն ու բարձր տրամադրությունը. ցուցահանդեսի բոլոր վաճառասեղանները փայլփլում էին ամենատարբեր ձեռագործ իրերի գեղեցկությամբ, համեղագույն անուշեղենով ու խորտիկներով, իսկ մանկական ու գիտության անկյուններում փայլում էին զարմացած աչուկներն ու երեխաների գույնզգույն նկարչական գործերը։

Բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի մասնակիցների համար «Հայաստան» դահլիճում կազմակերպվեց տոնական կինոդիտում, իսկ սննդի տոնավաճառում էլ մատուցվեց տոնական տաք գլինտվեյնը։ Այբական սեղաններից անպակաս էր նաև այբական ավանդական հոթդոգը, իսկ դպրոցի բակից՝ ազգային պարն ու ամանորյա երաժշտությունը։

Այս տարի բարեգործական տոնավաճառի մասնակիցները հավաքվել էին մեկ ընդհանուր նպատակի՝ ռազմամարզական ուսումնական ավանի կառուցման շուրջ, և ուրախությամբ փաստում ենք, որ տոնավաճառի շնորհիվ «Այբ»-ը 3 895 880 դրամով մոտեցավ նպատակի իրագործմանը։ Շնորհակալություն ենք հայտնում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի բոլոր մասնակիցներին։

Անժելա Մաթևոսյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>