«Այբապատում» 2022․ ուղղությունը՝ Զառիթափ համայնք

Այս անգամ «Այբապատման» շրջանակում «Այբ» ավագ դպրոցի աշակերտներն ուղևորվեցին Զառիթափ՝ ծանոթանալու գյուղական միջավայրին և իրենց գիտելիքները կիսելու տեղի հասակակիցների հետ, նաև նրանցից սովորելու։ Այցելությունը սկսվեց Զառիթափի Ա․ Մելիքյանի անվան միջնակարգ դպրոց ժամանումով, որտեղ դպրոցի ամբողջ անձնակազմը մեզ դիմավորեց ջերմությամբ և մեծ ոգևորությամբ։ Այցն ուսուցողական և ճանաչողական էր, իսկ դասերը հագեցած էին փորձարարական նյութերով, ժամանակակից էլեկտրոնային կրթական ռեսուրսներով և բարձր տրամադրությամբ:

Գյուղի աշակերտները մեծ ոգևորությամբ սկսեցին մեզ պատմել իրենց դպրոցի մասին, կատարեցին շրջայց դպրոցում՝ ծանոթացնելով մեզ նրա ամեն մի անկյունի հետ։ Դպրոցը բավականին մեծ էր, աշակերտներն առանց ջանք խնայելու օրեցօր ավելի էին գեղեցկացրել իրենց կրթօջախը՝ այն զարդարելով իրենց ձեռքի աշխատանքներով։

Այնուհետև 8-րդ դասարանի աշակերտների հետ Լիլի Թովմասյանը և Անուշիկ Մելքոնյանը անցկացրին քիմիայի դասընթաց՝ փորձերով լի։ Աշակերտները լիովին ներգրավվել էին դասում, խորին ուշադրությամբ հետևում էին ամեն փորձին և իրենք նույնպես կատարեցին փորձեր՝ է՛լ ավելի մոտիկից ծանոթանալով քիմիայի աշխարհին։

Դասերն ավարտվելուն պես աշակերտները մեզ առաջարկեցին շրջայց կատարել գյուղում, ինչին մենք սիրով համաձայնեցինք։ Նրանք ծանոթացրին մեզ գյուղի ավանդույթներին, ցույց տվեցին իրենց գյուղի ամեն անկյուն և ներկայացրին իրենց գյուղի պատմությունը։ Հատկանշական է, որ Զառիթափի բոլոր բնակիչները սիրամարգներ են պահում, ինչը մեզ և՛ զարմանք, և՛ ոգևորություն պատճառեց։ Տեսանք նաև գյուղի ջերմոցը և այցելեցինք Սուրբ Վառվառա մատուռ։

Գյուղին ծանոթանալուց հետո մենք այցելեցինք մեզ հյուրընկալող ընտանիքներ, որտեղ մեզ դիմավորեցին մեծ ջերմությամբ և անկեղծ սիրով։ Բոլորս շատ տպավորված էինք գյուղացիների ջերմությամբ և հոգատարությամբ։ Զառիթափցիներն իրենց տներում մեզ հյուրընկալեցին գիշերակացով։

Երեկոյան դպրոցի դահլիճում Զառիթափի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ցուցադրեցին «Սիրո ճանապարհ» գրական-երաժշտական միջոցառումը:

Երեկոն ավարտվեց ազգային պարերի վարպետության դասով:

Հաջորդ օրն այբեցիներով շարունակեցինք անցկացնել դասեր՝ խմբային աշխատանքներով, բանավեճերով և խաղերով ուղեկցվող։ 10-րդ դասարանի աշակերտներ Էմիլյա Առուստամյանը և Լուսինե Խաչատրյանն անցկացրին ֆիզիկայի, Իռեն Առաքելյանը և Անի Մեհրաբյանը՝ գործարարության, 12-րդ դասարանի աշակերտներ Միլենա Մկրտչյանը և Արամ Բարսեղյանը՝ համաշխարհային պատմության, Նելլի Օհանջանյանը և Ռուզաննա Քարամյանը՝ անգլերենի և մաթեմատիկայի դասեր։ Զառիթափի դպրոցականները, հետևելով նյութի պատկերավոր ներկայացմանն ու տեսական փորձերին, ամրապնդեցին իրենց գիտելիքները։

Հիշարժան ճամփորդությունն ավարտվեց ազգային պարերով և հյուրասիրությամբ։ Թե՛ այբեցիները, թե՛ Զառիթափ գյուղի աշակերտները մեծ փորձ ու գիտելիքներ ստացան, անցկացրին անմոռանալի ժամանակ և ձեռք բերեցին հավատարիմ ընկերներ։

10-րդ դասարանի աշակերտներ Լիլի Թովմասյան և Անուշիկ Մելքոնյան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>