[ Հարցազրույց ] Գեղարվեստական մարմնամարզության այբեցի չեմպիոնը

Լուսինեն դեռ վաղ տարիքից հետաքրքրվել է գեղարվեստական մարմնամարզությամբ, ապա սկսել զբաղվել դրանով։ Արդյունքն իրեն սպասել չի տվել․ բազմաթիվ անգամներ հաղթել է Երևանի և ՀՀ առաջնություններում, հինգ անգամ մասնակցել «Friendship» միջազգային մրցաշարին, հաղթել երկու անգամ, «Aurora Cup» միջազգային մրցաշարում գրավել երրորդ տեղը, իսկ 2019 թ.-ին արժանացել ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի կոչման։

Լուսինե Բաղդասարյանը սովորում է «Այբ» ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Շարունակում է նաև սիրելի մարզաձևով զբաղվել։ Ինչպես է համատեղում այբական առօրյայի հետ, ինչով է գեղարվեստական մարմնամարզությունը յուրահատուկ և ինչու է նրա կերպարն ընկերների համար ոգեշնչող։

Զրուցել եմ Լուսինեի հետ նրա մարզական և դպրոցական առօրյայի և նպատակների մասին։

- Լուսինե՛, քանի՞ տարեկանից ես զբաղվել գեղարվեստական մարմնամարզությամբ ու ի՞նչ հաջողությունների ես հասել։

- 3 տարեկանից եմ սկսել զբաղվել։ Կապ չունի, որ փոքր եմ եղել։ Քանի որ քույրիկս հաճախում էր մարմնամարզության դասերի, նրան տեսնելով՝ ես ինքս էլ շատ էի ուզում զբաղվել այդ մարզաձևով։ Համոզեցի ծնողներիս, որ ինձ էլ նրա հետ տանեն։ Հաջողություններից խոսելով՝ կարող եմ ասել, որ բազմիցս դարձել եմ Երևան քաղաքի չեմպիոն, երեք անգամ Հայաստանի չեմպիոն, նաև մրցույթների մասնակցել եմ Վրաստանում։

- Գիտեմ, որ պրոֆեսիոնալ ես զբաղվում։ Դժվար չէ՞ դասերի հետ համատեղելը։

- Իրականում շատ դժվար է, քանի որ պարապմունքներս երկար են տևում` 3-4 ժամ, և տուն վերադառնում եմ բավականին ուշ, հետևաբար դասապատրաստումս ավարտին հասցնում եմ շատ ուշ, որի պատճառով չի հաջողվում ժամանակին քնել։ Արդյունքում առաջանում է գերհոգնածություն։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով սիրում է այն, ինչով զբաղվում է, անպայման ժամանակ է գտնում դրա համար։ Բացի դրանից, ժամանակը ճիշտ կառավարելը բավականին օգնում է ամեն ինչ լիարժեք կատարելուն։

- Ասացիր, որ քույրդ է քեզ ոգեշնչել, որ դու էլ սկսես զբաղվել։ Ձեր մեջ երբևէ մրցակցություն եղե՞լ է։

- Մրցակցություն մեր միջև չի եղել․ նա 5 տարով մեծ է ինձանից և այդ ժամանակ մրցում էր բարձր տարիքային խմբերի հետ, իսկ ես` փոքր: Սակայն ես միշտ ձգտել եմ նրան, որ կարողանամ անել այն, ինչ ինքն էր անում։

- Կարո՞ղ ես ասել, որ նա քեզ համար իդեալ է։

- Միանշանակ ո՛չ։ Քույրս թողել է մարզումները բավականին շուտ, երբ ես դեռ փոքր եմ եղել, այդ պատճառով նրա կատարումները այդքան էլ լավ չեմ հիշում և չեմ կարող իդեալ համարել։ Իդեալ որպես այդպիսին ինձ համար ռուս մարզուհի Ալեքսանդրա Սոլդատովան է: Նա շատ պրոֆեսիոնալ է իր գործում, անասելի ճկուն է և անթերի կատարում է իր բոլոր վարժությունները: Բացի դրանից, ինձ նրա մեջ ամենաշատը դուր են գալիս կամքի ուժը և խիզախությունը: Չնայած առողջական խնդիրներին՝ նա երկար ժամանակ շարունակում էր մարզվել և հաղթանակներ տանել: Գեղարվեստական մարմնամարզությունն այդ առումով շատ վտանգավոր կարող է լինել, կարող է լուրջ հետք թողնել հետագա կյանքի վրա, եթե ճիշտ ժամանակին չդադարեցվեն մարզումները: Անկախ հիասթափություններից և անկումներից՝ նա չի կոտրվել և արել է իր առավելագույնը:

- Այդ դեպքում ի՞նչն է քեզ ոգեշնչում գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվելու։ Ինչպիսի՞ն է Լուսինեն մարզման ժամանակ։

- Մարզումներիս ժամանակ ես միշտ մտածում եմ ավելիին հասնելու մասին, մրցույթների մասնակցելու և հաղթելու։ Որոշ ժամանակ առաջ ես պետք է գնայի աշխարհի առաջնության, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Հիմա ես ավելի շահադրդված եմ պարապում, որպեսզի հասնեմ նպատակիս։ Մարզվելիս ես մոռանում եմ մնացած ամեն ինչի մասին և կենտրոնանում միայն աշխատանքի վրա։

- Մարզումները քեզ համար հոբբի՞ են։

- Իրականում դժվար հարց է, քանի որ ես ապագաս չեմ պատկերացնում այդ ուղղությամբ, սակայն վերաբերվում եմ դրան ամենայն լրջությամբ․ դա ինձ համար ավելին է, քան հոբբին։ Այնուամենայնիվ, ես շա՜տ երկար ժամանակ արդեն զբաղվել եմ դրանով և կցանկանայի նաև այլ բաներ փորձել:

- Տամ վերջին հարցս․ իսկ ինչպիսի՞ն կլիներ Լուսինեն առանց գեղարվեստական մարմնամարզության։

- Առանց դրա, միանշանակ, կիսատ կլիներ: Համենայն դեպս, այս պահին ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց դրա: Դա ինձ օգնում է ցրվել, հաճույք և միաժամանակ գոհունակություն ստանալ իմ կատարած աշխատանքից և նվաճումներից:

Ինգա Թումանյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>