«Այբ» դպրոցի սաները մասնակցեցին աշակերտական գիտաժողովին

«Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար». Նելսոն Մանդելայի խոսքը կարգախոս էր դարձել Լևոն Միրիջանյանի անվան 155 դպրոցում անցկացված բնագիտական փառատոնի համար։ Այն միավորել էր մի շարք դպրոցների, այդ թվում՝ «Այբ» դպրոցի ուսումնատենչ աշակերտներին, ովքեր այս միջոցառման ընթացքում նպատակ էին դրել ներկայացնել իրենց ստացած գիտելիքները, փորձերի և ուսումնասիրությունների արդյունքներն ու նախագծերը։

Միջոցառումը կազմված էր 2 փուլից՝ պաստառների ու փորձերի ցուցադրությունից և գիտական զեկույցների ներկայացումից։ Առաջին փուլում աշակերտներից ոմանք համառոտ պատմեցին իրենց հետազոտությունների արդյունքների մասին, մյուսները կատարեցին հետաքրքիր ու պատկերավոր փորձեր, այլք ներկայացրին նոր սարքեր և առաջարկեցին լուծել գլուխկոտրուկներ։

«Այբ» դպրոցը հանդես եկավ մի քանի թեմայով. 12-րդ դասարանի սաները ցույց տվեցին, որ առաջին հայացքից դժվար թվացող թեմաները, օրինակ՝ բևեռացումը, կարելի է յուրացնել պարզ փորձերի և համեմատությունների միջոցով, 10-րդ դասարանի աշակերտները պատմեցին վերջերս հայտնագործված օգանեսոն քիմիական տարրի մասին, իսկ միջին դպրոցի սաները մումիայի պատրաստման գործընթացը ներկայացնելու համար օգտագործեցին խնձոր և սոդա։

Թվում է, թե գիտական զեկույցներ կատարելու համար պետք է լինել գիտական ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետ, սակայն փառատոնի երկրորդ փուլի մասնակիցներն ապացուցեցին, որ այս տեսակետը չի համապատասխանում իրականությանը։ Թեև նրանք դեռ սովորում են դպրոցում, սակայն չեն վախենում ուսումնասիրել ու փորձել գտնել սեփական հարցերի հնարավորինս ճշգրիտ պատասխանները՝ նշեց բնագիտական փառատոնի գիտխորհուրդը, որն ընթացքում գնահատում էր նրանց աշխատանքները։ Հատկանշական է, որ գիտխորհրդի անդամները հիմնականում բնագիտական ոլորտներում գիտությունների թեկնածուներ և պրոֆեսորներ էին։ Հնչեցին իմպլանտների, ջրաբաշխական մամլիչի, ծխելու վատ ազդեցությունների, կլոնավորման, մարգարիտների և այլ հետաքրքիր թեմաներով զեկուցումներ։

Գիտեի՞ք արդյոք, որ հնարավոր է այսօր տարբերակել հոտերը արհեստական բանականության միջոցով։ Իսկ այն մասի՞ն, թե որքան վտանգավոր է բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ բևեռափայլը։ Այս և այլ հարցեր գտան իրենց պատասխանները փառատոնի ընթացքում՝ շնորհիվ հետաքրքրասեր աշակերտների։

«Այբ» դպրոցի սաները փառատոնում նաև այլ ներդրում ունեցան։ Փառատոնի ամենափոքրիկ մասնակիցները «Այբ» դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն էին, ովքեր ներկայացրին, թե ինչպես է երաժշտությունը՝ կախված ժանրից՝ ռոք, թե դասական, ազդում բույսերի աճի վրա։ 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանն ու Նանե Ենգիբարյանն էլ պատմեցին «ReneMask` դիմակների վերածնունդ» հեղինակային նախագծի մասին, ըստ որի հնարավոր է դիմակների ուլտրաձայնային և քիմիական քայքայման միջոցով լուծել ոչ միայն դիմակների թափոնների կուտակման և դրանց՝ օվկիանոս արտանետման, այլև այլընտրանքային էներգիայի աղբյուրի ստացման խնդիրները, քանի որ արդյունքում կարող է ստացվել վառելիք։

Փառատոնի նպատակն էր բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացումն ու աշակերտների ստեղծարարության ձևավորումը։ Գիտխորհուրդը փակման արարողությանը նշեց նմանատիպ միջոցառումների կազմակերպման կարևորությունը։ Այն ընդգծեց, որ մասնակիցները երկրի ապագա սերունդն են, որը գիտական ասպարեզում դրական փոփոխություն է հետագայում առաջացնելու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Մերի Ղուլյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>