«Արվեստանոցը» մշակում է «Արտադաս» ուսումնական նախագիծը

«Արվեստանոցը» «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության ակումբներից մեկն է (ղեկավար՝ Մարի Ադամյան)։ Այս տարի ակումբն իր արդեն իսկ հաջողած չորս նախագծերի կողքին կառուցում է ևս մեկը` «Արտադասը»։ Նախագծի շրջանակում ակումբի մասնակիցները փորձում են լուծումներ առաջարկել ինքնուրույն ստեղծագործելու և սեփական գաղափարները զարգացնելու կաշկանդվածության խնդրին, որ տարածված է աշակերտների շրջանում։

Տարեսկզբին ակումբի աշակերտները, իրենց գործունեության հիմքում դնելով վերոնշյալ խնդիրը, զինվելով ստեղծարարության ու ճանաչողության մեծ պաշարով և նպատակ ունենալով ստեղծելու արվեստի ուսումնական ծրագիր, անցան աշխատանքի։

Նրանք արդեն ստեղծել և մշակել են խաղեր, պատրաստել տեսանյութեր, հավաքել և մշակել տեղեկույթ, ստեղծել նկարներ ու այս ամենը խտացրել ուսումնական միջոցառումների շարքում, որոնցից յուրաքանչյուրը միջին դպրոցի աշակերտների համար բացահայտելու է նկարչության այս կամ այն ոլորտն ու երանգը։ Իսկ այս գունապնակը պիտի բացահայտվի Երևանի և մարզերի մշակութային մի շարք կենտրոններում ու թանգարաններում՝ տարբեր տարիքային խմբի երեխաների և, իհարկե, ակումբի աշակերտների ջանքերով և համագործակցությամբ։ Այս նախագիծը «Արվեստանոցի» անդամներին թույլ է տալիս ոչ միայն ուսումնասիրել արվեստի տարբեր շերտերը, այլև մշակել դրանց ներկայացման բազմազան, հետաքրքիր և «գունավոր» ճանապարհներ։

Այժմ էլ «Արվեստանոցը» շարունակում է «Արտադասի» գունապնակի հարստացումը, զարգացնում և բարելավում հունիսին նախատեսվող հանրային մշակութային ծրագրերի բովանդակությունն ու ձևաչափը։ Հատկանշական է, որ ծրագիրն ունի շարունակական բնույթ ու զարգանալու հնարավորություն և, որ ամենակարևորն է, արվեստը ամենքին և ամենուր հասանելի դարձնելու, արվեստի հանդեպ աշակերտների արմատացած թերահավատության «թեր» մասնիկը վերացնելու նպատակ։

Լանա Մելիքյան, 12-րդ դասարան, «Արվեստանոց» ակումբ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>