GenU. «Այբ» դպրոցը ներկայացնող VR Lab-ը լավագույն 5-յակում է

Մայիսի 24-ը խիստ լարված, պատասխանատու օր էր «Այբ» դպրոցը ներկայացնող VR Lab թիմի աշակերտների՝ Կարենի, Լուսինեի, Հասմիկի և Սաթենի համար: Ամփոփվելու էին «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթի առաջին փուլի արդյունքները:

10 օր առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել էր «Սերունդ առանց սահմանների» մրցույթը, որին միացել էին «Այբ» կրթական հիմնադրամը և UWC Dilijan քոլեջը: GenU-ն համաշխարհային համագործակցություն է, որն աջակցում և ոգևորում է երիտասարդներին հանրօգուտ գործունեություն ծավալել: Նախաձեռնության նպատակը կրթության և զբաղվածության ընդլայնված հնարավորություններ ստեղծելն է 10-ից 24 տարեկան պատանիների և երիտասարդների համար:

Մրցույթի մասին տեղեկացանք ֆեյսբուքյան հայտարարության միջոցով: Նախագծի ձևաչափն ու նպատակը հետաքրքրեցին մեր թիմի անդամներին, բացի դրանից, Հայաստանում այսպիսի մրցույթ իրականացվելու էր առաջին անգամ: Նշեմ նաև, որ մեր թիմի գաղափարը՝ ՎԻ (վիրտուալ իրականության, VR) ակնոցի նախագիծը, դուրս էր մնացել «Կանաչ քիմիա» ակումբի նախագծային ուսումնառության ծրագրից. բոլոր ուժերը պետք է կենտրոնացնեինք բիոպլաստիկի նախագծի վրա: Կարելի է ասել՝ այս մրցույթը հնարավորություն կընձեռեր մեզ վերակտիվացնելու ՎԻ ակնոցի նախագիծը, վերստին աշխատելու գաղափարի մշակման և զարգացման ուղղությամբ: Այսպիսով՝ որոշեցինք անպայման մասնակցել մրցույթին:

Հայաստանի մարզերի ու Երևանի 12-17 տարեկան աշակերտներից շատերն իրենց դպրոցներում չունեն լաբորատորիա կամ բավարար պայմաններ՝ քիմիայի գործնական դասեր իրականացնելու համար: Մեր թիմն առաջարկում է քիմիական ուսուցողական փորձերի ծրագրով համալրված նորարարական VR ակնոցներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան ճշգրիտ փորձեր կատարել` առանց համապատասխան նյութերի և սարքավորումների առկայության։

Մրցույթին ներկայացված 60 նախագծերից ընտրվել են միայն 12-ը: VR Lab-ի նախագիծն այդ 12-ից մեկն է: Հաջորդիվ UWC Dilijan քոլեջում պետք է մասնակցեինք նախնական գաղափարի մշակման աշխատանքներին՝ խմբային վարժանքի (bootcamp) ձևաչափով: Աշխարհում տարածված համավարակով պայմանավորված՝ դասախոսությունները սկսեցին իրականացվել առցանց՝ Zoom հարթակում պարբերաբար կազմակերպվող հանդիպումների տեսքով:

Մոռանալով մնացած վերջնաժամկետների, ընդունելության քննությունների, բոլոր անելիքների մասին՝ 10 օր մեզ նվիրեցինք մրցույթին: Զրուցեցինք շատ փորձագետների հետ, հետաքրքիր դասախոսությունների և ուղղորդող խորհուրդների միջոցով փոխեցինք, շտկեցինք, մի լավ մշակեցինք մեր գաղափարը: Օրվա ընթացքում հերթով անցնում էինք տրամադրության բոլոր երանգների միջով՝ մի պահ նեղվում էինք, հիասթափվում, հետո տրամադրվում, ոգևորվում ու ընթացքից հաճույք ստանում: Պետք է ասեմ՝ թիմը մշտապես մոտիվացվում, ոգևորվում էր մեր Կանաչ քիմիա ակումբի ղեկավարի՝ ընկեր Լիլիթի և VR Lab թիմի հրաշալի համակարգող Տաթևի շնորհիվ: Ընկեր Լիլիթը մեզ մասնագետների կոնտակտներ էր տրամադրում, շատ կարճ ժամանակում կարողանում էր ծրագրավորողի հետ հանդիպումներ կազմակերպել: Տաթևը ցանկացած ժամի աջակցում էր մեզ, հանգստացնում իր խորհուրդներով կամ ուղղակի զանգում ու ոգևորում: Միշտ չեմ կարողացել ընդունել, երբ ասել են, թե աշխատանքի բուն ընթացքն առավել կարևոր է, քան վերջնարդյունքը: Հիմա կարծում եմ, որ մեր թիմի համակարգված գործ անելը, ունեցած առաջընթացը այս փուլի ամենակարևոր ձեռքբերումներից են:

Մինչ կհայտարարվեին հաջորդ փուլ անցնողները, մասնակիցների լարվածությունը և սպասումները վաղուց մոտեցել էին գագաթնակետին: Լարված վիճակն անսպասելիորեն փոխարինվեց ընկերական ջերմ զրույցով: Ոմանք սկսեցին կիթառ նվագել, ոմանք՝ ձայնակցել, մյուսները սոցկայքերի հայտեր էին միմյանց ուղարկում: Հանդիպումների զրուցասենյակները երբեք այդքան ակտիվ չէին եղել: Մոտ 2 ժամ միասին երգում էինք. ի դեպ, երգերն էլ մեր մրցույթի գաղափարին և թեմային լիովին համապատասխան էին` սկսած “We Are the Champions”-ից մինչև “We Are the World”: Իրականում հենց այդ վերջին 2 ժամվա ընթացքում ենք հասցրել ճանաչել իրար ու մտերմանալ:

Այդ նույն ժամանակ՝ ներկայացումից 10 րոպե առաջ, մեր թիմի անդամներով դեռ շարունակում էինք սահիկաշարում ինչ-որ բաներ ավելացնել կամ պակասեցնել, մինչև վերջին վայրկյանն աշխատում էինք, ձևավորման տարրեր էինք փոփոխում: «Բա որ տեխնիկական խնդիրներ առաջանան, բա որ չհասցնենք 7 րոպեում մեզ լավ ներկայացնել…»: Մոտավորապես այս բնույթի նախադասություններ էին բոլորիս մտքում: Բայց ամեն ինչ սպասվածից շատ ավելի լավ անցավ: VR Lab-ը դարձավ լավագույն 5 թիմերից մեկը. շուտով թիմը կստանա դրամաշնորհ 1000 ԱՄՆ դոլարի չափով՝ գաղափարի հետագա զարգացման համար:

Առջևում ավելի պատասխանատու մարտահրավեր է: Արդեն հունիսին կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը, որտեղ կառանձնացվեն 2 առավել հեռանկարային նախագծերը՝ ԱՄՆ մեկնելու և համաշխարհային մրցույթին մասնակցելու համար:

VR Lab-ի շահադրդումը հիմա ավելի մեծ է: Թիմի անդամներից Լուսինեն նշում է. «Անկախ մրցույթի արդյունքներից՝ ամեն հնարավոր ու անհնար կերպով իրականացնելու ենք մեր նախագիծը։ Լիահույս ենք, որ մյուս տարի կկարողանանք շոշափելի արդյունքներ ունենալ՝ արդեն որպես շրջանավարտ շարունակելով մեր աշխատանքը «Կանաչ քիմիա» ակումբում»:

Սաթենիկ Հարությունյան

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>