Մի անգամ գերմանական դպրոցում․ համատեղ նախագիծի մասին

«Այբ» դպրոցի 5 աշակերտներ` ուսուցչուհի Անուշ Լալայանի ուղեկցությամբ ուսումնական այցով Գերմանիայում էին։ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտայի դպրոցի հետ անցած տարվանից իրականացվում է 3D մոդելավորման նախագիծ։

«Այբ»-ի և Պֆորտայի դպրոցի աշակերտների համատեղ նախագծի և Գերմանիա այցի մասին պատմում է նախագծի մասնակիցներից Մեդիաթիմի անդամ Սերյոժա Արզումանյանը։

Համոզված եմ՝ բոլորդ էլ լսել եք գերմանացիների ճշտապահության մասին, և սեփական փորձից կարող եմ ասել, որ այդ ամենն ուղղակի խոսքեր չեն։ Ինձ համար տպավորիչ էր ճանապարհորդության առաջին երեկոն, երբ գերմանացի աշակերտներն այնպես էին կազմակերպում մեր օրը, որ ոչ մի բանի կարիք չունենանք ու մեզ լավ զգանք. մեզ համար կազմակերպեցին թեյախմություն, տարբեր ժամանցային խաղեր։ Սակայն մինչև գերմանացիների սովորույթներին և կարգ ու կանոնին ծանոթանալը մեզ երկար ճանապարհ էր սպասում։

Մոտ երկու տարի առաջ սկսեցինք աշխատել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հանրահայտ դպրոցներից մեկի՝ Պֆորտայի դպրոցի աշակերտների հետ Cult.Cloud ծրագրի շուրջ, որի իրականացման ընթացքում բազմաթիվ դժվարություններ, վերելքներ ու վայրէջքներ ունեցանք։ Ամենադժվարն այն էր, որ յուրաքանչյուր շաբաթ օր դասերից հետո մնում էինք դպրոցում և աշխատում մինչև ուշ երեկո։ Ապա վերադառնում էինք տուն ու շարունակում առցանց աշխատել միմյանց հետ։

Ծրագրի ընթացքում ամենակարևորն ինձ համար այն էր, որ ավելի ներգրավվեցի խմբային աշխատանքներում և հասկացա, թե ինչպես կարելի է կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի արդյունավետ աշխատանք կատարել։ Աշխատանքն արդյունավետ է լինում այն ժամանակ, երբ անում ես հաճույքով և չես ծուլանում։ Անկեղծ լինեմ. եղել են պահեր, երբ չէի ցանկանում աշխատել և ծուլանում էի, սակայն ես իմ ներսում կարողացա հաղթահարել այդ ամենն ու աշխատանքը հասցրի ավարտին։ Նախագծի ընթացքում սովորեցի աշխատել Fusion 360 3D մոդելավորման ծրագրով։ Սկսեցինք մոդելավորել գերմանական Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատմամշակութային կոթողներից մի քանիսը։ Ունեցանք տեսակոնֆերանս Պֆորտայի դպրոցի աշակերտների հետ՝ ծանոթանալով միմյանց հետ։

Ի վերջո՝ երկարատև ու համառ աշխատանքի արդյունքում մենք հնարավորություն ստացանք մեկնելու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, տեղում աշխատելու և զարգացնելու մեր հմտություններն ու նոր գիտելիքներ ձեռք բերելու 3-աչափ մոդելավորման ոլորտում։ Նոր գիտելիքների ձեռք բերումը մեծ դեր ունի ցանկացած նախագծում։ Նախևառաջ մենք սովորեցինք աշխատել 3-աչափ մոդելավորման մեկ այլ ծրագրով՝ Blender-ով: Ինչպես նաև զարգացրի գերմաներեն լեզվի բանավոր խոսքս ու լսողական հմտություններս։

2020 թ.֊ը մեզ համար սկսվեց այդ ճանապարհորդությամբ։ Գերմանացիները շատ հյուրասեր և բարեհամբույր էին մեր հանդեպ։ Բնությունն էլ աննկարագրելի գեղեցիկ ու խորհրդավոր էր, կարծես Հայաստանում լինեի։ Ի դեպ՝ ես ծնվել և մեծացել եմ Դիլիջան քաղաքում, և ինձ միշտ հաճելի է եղել ապրել մի այնպիսի քաղաքում, որտեղ կան մաքուր օդ և գեղեցիկ բնություն։ Այո՛։ Ես գտա այն քաղաքը, որն ինձ իմ ծննդավայր Դիլիջանը հիշեցրեց։ Դա հենց այն քաղաքն էր, որը մենք այցելեցինք։ Պֆորտայի դպրոցը, որտեղ մենք բնակվում էինք այդ մեկ շաբաթվա ընթացքում, 12-րդ դարում կառուցված շինություն էր, որը մինչ այժմ պահպանել է իր հմայքն ու պատմական կարևորությունը։ Կարծես ինչ֊որ հրաշք մեքենայով տեղափոխված լինեինք Հոգվարթս՝ Հարրի Փոտերի և Ռոնի մոտ։

Այցի վերջում մեր համատեղ նախագիծը պետք է ներկայացնեինք Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և գիտության նախարարությանը, որպեսզի Պֆորտայի դպրոցը ստանար ֆինանսավորում։ Ֆինանսավորման միջոցով նրանք կարող են այցելել Հայաստան, բարելավել կապի միջոցները, որպեսզի առցանց աշխատելու ժամանակ խնդիրներ չառաջանան։ Այսպիսով՝ համագործակցությունը դեռ շարունակվելու է, և մեզ միանալու են նաև 11-րդ դասարանի աշակերտները, և հենց մենք ենք լինելու նրանց մենտորներն այս նախագծի շրջանակում։

Այցի ավարտին հասցրել էի կարոտել ընտանիքիս, ընկերներիս ու Երևանը, սակայն դեմ չէի լինի ավելի երկար մնալ այնտեղ։ Պետեր Ռոզեգերի խոսքով՝՝ «Աշխատանքը կյանքի ժամացույցի զսպանակն է. կարելի է հոգնել նրանից, բայց ավելի շուտ` հոգնել ծուլությունից»։ Հենց այս ծուլությունն էր, որ ինձ հետ էր պահում աշխատանքից, սակայն ես իմ մեջ գտա ուժ, և ծուլությունն այլևս խոչընդոտ չէր կարող լինել ինձ համար։

Սերյոժա Արզումանյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog

Tweets by AybSchool
>