Այց Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները նկարչության ուսուցիչ Մարի Ադամյանի ուղեկցությամբ այցելեցին Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային բիենալե։ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են գեղարվեստական տպագրության ոլորտում գործող և միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների աշխատանքները։

Աշակերտները ծանոթացան արվեստի այս ճյուղին և դրա բազմաթիվ տեխնիկաներին, որոնցից են լինոփորագրությունը, սերիգրաֆիան, օֆորտը, լիթոգրաֆիան, թվանշային տպագրությունը։ Կարողացան նաև շփվել մրցույթի մասնակից Սոֆի Մուսոյանի հետ և զրուցեցին գեղարվեստական տպագրության տեխնիկաների մասին։ Սոֆիի հետ մասնակցեցին աշխատարանի և հնարավորություն ունեցան ծանոթանալու լինոփորագրության նրբություններին։

Նկարչության խմբի աշակերտները պատմեցին տպավորությունների մասին։ Ըստ Ինգայի՝ ցուցահանդեսը հետաքրքիր էր և նոր տեխնիկաների ծանոթանալու հնարավորություն տվեց։

Գայանեն արտահայտեց իր կարծիքը՝ ասելով․ «Ստեղծագործությունները շատ ոգեշնչող էին․ ինձ համար դարձան իմ ապագա նկարների գաղափարների աղբյուր»։

Հայկի խոսքով՝ բավականին հետաքրքիր էին և՛ նկարներին ծանոթանալը, և՛ անձամբ շփվելը մասնակիցներից մեկի հետ։

Այս այցի շնորհիվ աշակերտներից շատերի համար արվեստի այս տեսակը հետագայում կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր։

Ալեքսանդրա Համբարձումովա, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>