Ամառային հանգիստ․ ինչպես օգտակար անցկացնել ժամանակը

Հավերժ թվացող քննություններից հետո բոլորս երազում ենք ամառվա մնացած մասն անցկացնել հնարավորինս արդյունավետ, որպեսզի կարողանանք հանգստանալ դասերից, մի քանի ամսով կտրվենք մեր առօրյայից և այդ 2,5 ամսում ձեռք բերենք նոր հմտությունների ու հետաքրքիր արկածների մեծ փորձ։ Մխրճված լինելով ամառը կազմակերպելու գործում՝ հաճախ մոռանում ենք ամենակարևորը՝ վայելել մեր ունեցած ազատ ժամանակը հնարավորինս արդյունավետ։ Ուստի ձեզ ներկայացնում եմ 5 քայլ՝ ամառը հնարավորինս օգտակար անցկացնելու համար։

1 Ժամանակն անցկացրե՛ք ընկերների հետ

Չնայած որ դպրոցն ու դասերն ավարտվել են, չի նշանակում, որ կարող եք մոռանալ այն միջավայրը, որտեղ կրթվում էիք։ Օգտագործե՛ք ձեր ազատ ժամանակը դասընկերների հետ կապվելով, հանդիպելով և միասին ժամանակ անցկացնելով։ Մի՛ սահմանափակվեք միայն նրանց հետ հեռախոսազանգերով կամ տեսազանգերով, այլ միասին բացահայտե՛ք աշխարհը համակարգչի էկրանից այն կողմ։ Առավոտյան կամ երեկոյան մի բաժակ սուրճը կամ թեյը հիանալի հնարավորություն է մտքեր, հիշողություններ կամ տարբեր պատմություններ միմյանց հետ կիսելու համար, իսկ միասին ճանապարհորդության կամ զբոսախնջույքի գնալը հրաշալի միջոց է նոր հիշողություններ ստեղծելու։

2 Կամավորություն

Չկա ավելի հաճելի զգացմունք, քան այն, որ գիտակցում ես, որ օգնել ես ընկերոջդ, համայնքիդ կամ որևէ բարեգործական ընկերության։ Մանկատանը կամ ծերանոցում կամ նույնիսկ փրկված կենդանիների ապաստարաններում կամավոր աշխատանքը ձեզ կդարձնի ավելի կարեկից, ուշադիր և կյանքի նկատմամբ գիտակցված: Դա ձեզ կյանքում կսովորեցնի ավելին, քան դպրոցները երբևէ: Եթե ունեք ազատ ժամանակ, ինչո՞ւ կամավորություն չանել տեղական բարեգործական կազմակերպությունում: Բարեգործական կազմակերպությունները միշտ էլ լրացուցիչ ձեռքի կարիք ունեն, և դա հիանալի միջոց է ձեր համայնքին որևէ կերպ օգնելու համար: Նայեք, թե ինչ կա ձեր տարածքում, և ով է փնտրում նոր կամավորներ: Կամավորության շնորհիվ կստանաք կյանքի հսկայական փորձ, այն կծանոթացնի ձեզ արտաքին աշխարհին և նրա խնդիրներին, որոնք հետագայում լուծելու համար ավելի շատ միջոցներ և գաղափարներ կունենաք։

3 Ճամփորդե՛ք նոր վայրեր

Երբեք ուշ չէ նոր վայրեր այցելելն ու դրանք բացահայտելը, հատկապես եթե դրանք քո հայրենիքի մի մասն են։ Սովորողի համար ճանապարհորդելը ոչ միայն ցանկալի է, քանի որ մեծ հաճույք է պարգևում, այլև խրախուսելի, քանի որ ճամփորդությունները մեծացնում են դպրոցից դուրս ձեր սովորելու, ճանաչելու և ուսումնասիրելու ցանկությունն ու պատրաստակամությունը, մեծացնում ձեր անկախությունը և զարգացնում նոր իրավիճակներին հարմարվելու հմտությունները։ Ուստի մի՛ կորցրեք ձեր թանկ ժամանակից ոչ մի րոպե, սկսե՛ք ճամփորդել հայրենիքում կամ նույնիսկ դրա սահմաններից դուրս։

4 Մարզվե՛ք

Հիշե՛ք, թե որքան կարևոր է ֆիզիկական առողջությունը։ Գարնան վերջին օրերն ու հունիսի կեսը նվիրել եք քննություններին և դրանց պատրաստվելու քրտնաջան ու անվերջ թվացող աշխատանքին։ Այժմ ազա՜տ եք։ Ամառային արձակուրդը լավագույն ժամանակն է սպորտով զբաղվելու, ֆիզիկական վարժություններ կատարելու կամ պարզապես ինքնազգացողությունն ու ֆիզիկական ուժը բարելավելու համար:

5 Նոր նախասիրություն

Ամռան ազատ ժամանակը ծախսեք նոր նախասիրություն գտնելու համար։ Եթե մտածում եք, որ արդեն ամեն ինչ փորձել եք, ապա ես եկել եմ հակառակն ապացուցելու ներկայացնում եմ նոր նախասիրությունների մի ցուցակ, որոնցից կարող եք ընտրել ձեզ ամենաշատ դուր եկածը և փորձել ձեր ուժերը։ Ամառվա ընթացքում կարող եք սովորել նոր լեզու, վերադասավորել ձեր սենյակն ու նոր մթնոլորտ ստեղծել այնտեղ, նկարել սիրելի արտիստներին, աճեցնել բույսեր, մասնակցել որևէ առցանց դասընթացի՝ ձեզ հետաքրքրող թեմաներով, ձեր փորձը կիսել կրտսեր սերնդի հետ, լուսանկարչությամբ զբաղվել, գնալ զբոսախնջույքի, առավոտյան շուտ արթնանալ և դուրս գալ զբոսանքի․․․

Առհասարակ ամառն օգտակար անցկացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս խուսափել համակարգչի էկրանի դիմաց երկար նստելուց և փորձել նկատել մեր շրջապատն ու դրա գեղեցկությունը, նրանում տեղի ունեցող փոփոխությունները և այն բոլոր զբաղմունքները, որոնք կարող ենք գտնել այնտեղ։

Ինա Գրիգորյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>