Ամառային ընթերցանություն ինչ կարդալ

Ամառային արձակուրդներ են, սակայն շատերս չգիտենք՝ ինչպես անցկացնենք մեր ժամանակը։ Գրքերի ընթերցանությունը հետաքրքիր զբաղմունք կարող է լինել բոլոր ժամանակների համար, օրինակ՝ երբ տանն ես, երկար ճանապարհ պետք է գնաս կամ նոր արկածներ ես փնտրում։ Ամեն գիրք պարունակում է առանձին չբացահայտված աշխարհ, որը տեղավորվում է քո ձեռքերի մեջ, սակայն կարող է քեզ կլանել հեշտությամբ։ Ամառային ընթերցանության համար առաջարկում ենք փոքր գրքացանկ, որը հնարավոր է ձեզ հետաքրքրի, և ամառվա ընթացքում մի նոր զբաղմունք գտնեք։

«Արձագանք» - Պեմ Մունյոս Ռայան

Եթե դուք երաժշտության սիրահար եք կամ հետաքրքրվում եք երաժշտությամբ, այս գիրքը ձեզ միանշանակ կհետաքրքրի։ Պատմությունը չորս երաժշտասեր երեխաների մասին է, ովքեր ապրում էին բավականին ծանր դարաշրջանում։ Այս գրքի ամեն էջ ողողված է երաժշտությամբ, որի շնորհիվ երեխաները փորձում էին արտահայտել իրենց զգացմունքները, սիրո և հոգատարության կարիքը։ Եթե ձեր սրտում նույնպես կա երաժշտություն, ապա դուք միանգամից կխորասուզվեք այս երեխաների ապրումների մեջ։

«Դա Վինչիի ծածկագիրը» – Դեն Բրաուն

Այս գիրքը միանշանակ կհետաքրքրի առեղծվածների սիրահարներին, ովքեր սիրում են նոր պատմություններ բացահայտել։ Պատմությունը հիմնականում պտտվում է նրա շուրջ, թե ինչ գաղտնիք է Դա Վինչին ծածկագրել իր նկարներում։ Հեղինակն իր խուզարկուական ունակությունները հավաքել է գլխավոր հերոսի կերպարի մեջ, որի հետ ամեն նոր գլխում կբացահայտեք նոր արկածներ և գաղտնիքներ։ Այս գիրքը ձեզ կկլանի իր մեջ, կստիպի իր հետ մտածել այս արկածների շուրջ և հաստատ ամռանը ձեզ պարապ չի թողնի։

«Արևի շուրջ օղակ» - Քլիֆորդ Սայմակ

Այս գիրքը նույնպես կհետաքրքրի ձեզ, եթե դուք առեղծվածների սիրահար եք։ Այս գրքի պատմությունը պտտվում է մի գրողի շուրջ, ով ժամանակի ընթացքում բացահայտում է աշխարհի զարգացման գաղտնիքները, որոնք թաքցված էին մարդկանցից։ Հեղինակը գրքում ստեղծել է մի աշխարհ, որը ձեզ կստիպի մտածել կյանքի օրինաչափությունների մասին։

«Երեքը մի նավակում՝ չհաշված շանը» - Ջերոմ Ք․ Ջերոմ

Եթե սիրում եք կատակերգություններ ու արկածներ և ցանկանում մի լավ խնդալ, ապա Ջերոմ Կլապկայի այս գիրքն անկասկած ձեզ համար է։ Պատմությունը երեք անգլիացի երիտասարդների մասին է, ովքեր գնում են ճամփորդության և հայտնվում բավականին տարօրինակ և ծիծաղելի իրավիճակներում։ Հեղինակն այս երիտասարդների պատմությունը ողողել է մեղմ բրիտանական հումորով ու երգիծանքով։

«Սպանություն գոլֆի դաշտում» - Ագաթա Քրիստի

Դետեկտիվ ժանրի մի գիրք, որը կհետաքրքրի ձեզ, հատկապես եթե Ագաթա Քրիստիի պատմությունների սիրահար եք։ Գրքում կկարողանաք գլխավոր հերոսների հետ միասին բացահայտել ամերիկացի միլիարդերի սպանությունը, որը լի է հետաքրքիր գաղտնիքներով և գլուխկոտրուկներով։ Եթե ցանկանում եք ամբողջությամբ խորասուզվել պատմության մեջ և փորձել ձեր հետախուզական ունակությունները, ապա այս գիրքը ձեզ համար է։

Այս ամառը հետաքրքիր և արկածներով լի դարձնելու մեջ ձեզ միանշանակ կօգնի գրքերի ընթերցանությունը։ Ձեր ձանձրալի ժամանակը կարող եք վերացնել՝ ամեն անգամ բացահայտելով գրքերում պահված փոքրիկ աշխարհները, և ձեր ամառը դարձնել և’ ուսուցողական, և’ հետաքրքիր։

Ալեքսանդրա Համբարձումովա, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>