«Ստվերների թատրոն» ակումբի աշակերտները պատրաստում են շրջիկ ներկայացումներ

Նորաստեղծ «Ստվերների թատրոն» ակումբը սկսել է աշխատել երեք ներկայացումների վրա, որոնք ունեն տարբեր թեմատիկ ուղղվածություն։ Երեք ներկայացումների սցենարները գրելու ընթացքում մենք ոչ միայն զարգացրել ենք մեր ստեղծագործելու և թիմային աշխատանքի, այլև տեխնիկական՝ կերպարներ նկարելու, էսքիզներ անելու հմտությունները։

Ուսումնասիրելով իրարից կտրականապես տարբերվող երեք թեմաներ՝ մենք օգտվել ենք տարբեր աղբյուրներից՝ սկսած լեգենդներից մինչև մերօրյա յութուբյան տեսանյութեր։

Առաջին ներկայացումը, որի վրա աշխատել ենք, պատմում է չինական հին առասպելներից մեկի մասին, որը նվիրված է նոր տարվան։ Թեման ընտրվել է ստվերների թատրոնի՝ Չինաստանում ծագած լինելու փաստի պատճառով։ Տեսողական առումով գրավիչ ու հետաքրքրական կերպարներ ու տեսարաններ ստանալու գործոնը ևս ազդեց ներկայացումը էկրանացնելու որոշմանը հանգելուն։

Խորանալով առասպելների թեմայի մեջ՝ որոշեցինք անդրադառնալ նաև շատերի կողմից ճանաչված, բայց թյուրըմբռնված կերպարի՝ Մեդուզա Գորգոնայի առասպելին։ Փակագծերը շատ չբացելով՝ նշենք, որ արդի և «թարմ» տեսանկյունից ենք մոտեցել ներկայացումը բեմադրելու գործընթացին. այս ներկայացման մեջ հանդիսատեսը կճանաչի ծանոթ կերպարն անծանոթ կողմերից։ Իսկ վերջին ներկայացումը շեշտակիորեն տարբերվում է նախորդ երկու ներկայացումներից իր թեմայով և ներկայացման ոճով։ Դասագրքային նյութի միապաղաղությունն ավելի պատկերավոր ու դյուրըմբռնելի ձևով ներկայացնելու նպատակով՝ փորձել ենք ստանալ այնպիսի ներկայացում, որը հետաքրքիր կլինի ոչ միայն պատանի հանդիսատեսի, այլ նաև մեծահասակների համար։

Երեք ներկայացումների սցենարները, ինչպես նաև կերպարների գաղափարները գլխավորապես պատրաստ են։ Մոտակա դասերի ընթացքում կհամապատասխանեցնենք կերպարների գործողությունները ձայնային և լուսային էֆեկտներին՝ պատրաստվելով վերջնական ներկայացումներին։

Հաշվի առնելով, որ ներկայացումների ցուցադրությունները տեղի են ունենալու Հայաստանի տարբեր մարզերում և, հետևաբար, օգտագործվող նյութերը պետք է երկար ծառայեն իրենց նպատակին՝ մենք որոշեցինք համագործակցել դպրոցում գործող մեկ այլ՝ ինժեներական ակումբի հետ և ձեռք բերել ավելի ամուր նյութից պատրաստված կերպարներ և բեմ։ Նախատեսում ենք սկզբնական ցուցադրություններն իրականացնել մեր դպրոցում, որից հետո շրջիկ թատրոնի ձևաչափով ցուցադրություններ ունենալ հատկապես սահմանամերձ գյուղերում։ Ներկայացումներին զուգահեռ իրականացնելու ենք աշխատարաններ, որոնց շրջանակում պատրաստվում ենք հանդիսատեսին նույնպես ներգրավել «էկրանի» հետևում իրականացվող աշխատանքներում։

Անցնելով այս ինքնաճանաչողական ճանապարհը միասին՝ մենք փորձում ենք, այս ստվերաշատ աշխարհում հեղինակային ստվերներ կերտելով, ներկայացնել հաճախ ստվերի տակ մնացած պատմություններ։

Էմմա Խանամիրյան, Հասմիկ Հարությունյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>