Սարտար, հետդ սա՛ր տար․ ինժեներական ակումբի «փրկարար» նախագիծը

Սոնան ու Միքայելը փորձառու լեռնագնացներ են։ Հերթական արշավներից մեկի ժամանակ հանգամանքները նրանց գլխին չար կատակ խաղացին։ Չնայած ողջ փորձառությանը՝ ձյան առատ շերտի պատճառով ճիշտ ճանապարհից շեղվել, մոլորվել էին։ Հեռախոսակապը նման բարձրություններում չի գործում, ձեռքի ռադիոկայաններն (ռացիաները) անսարք էին, ցրտից սառել էին, իսկ հին ու բարի «օգնություն» կանչելով էլ բան դուրս չէր գալիս։ Սոնային ու Միքայելին նման անելանելի իրավիճակից ելք է առաջարկում «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբն իր «Սարտար» նախագծով։

«Սարտարը» գործող կապի միջոցներից անկախ սարքերի համակարգ է, որը նախատեսված է օգնության կարիք ունեցող անհատների ու արշավախմբերի հայտնաբերման և տեղորոշման, GPS արբանյակներով վերջիններիս կոորդինատների ստացման և ռադիոալիքների միջոցով դրանք փրկարար ծառայություններին փոխանցելու համար։ «Սարտարը» կիրառման պարզությամբ հանդերձ հուսալի է, դյուրակիր, ապահովում է երկար և անխափան աշխատանք, ընդգրկում է կիրառության լայն ոլորտներ՝ կիրառելի է ինչպես արշավախմբերի, լեռնագնացների, այնպես և փրկարար ծառայությունների, բանակի և այլ կառույցների կողմից։ Այն երաշխավորելու է Սոնայի ու Միքայելի պես լեռնագնացների անվտանգությունը, ինչպես նաև նվազեցնելու է արտակարգ իրավիճակներով և կապի միջոցների անսարքությամբ պայմանավորված մահացությունների թիվը։ Լեռնագնացի պայուսակում պարանից հետո ամենակարևոր իրը «Սարտարն» է լինելու։

Ինժեներական ակումբն արդեն իսկ իրականացրել է բլոկ-սխեմայի և էլեկտրական սխեմայի նախագծման փուլը։ Զուգահեռաբար մենք հարստացնում ենք մեր գիտելիքները էլեկտրոնիկայի (electrical engineering), ծրագրավորման և եռաչափ մոդելավորման ոլորտներում։ Ներկայումս աշխատում ենք տպասալի՝ պլատայի մշակման վրա։ Հունիս ամսին պատրաստ է լինելու առաջին նախատիպը։

«Սարտար» նախագիծը նոր խոսք է լեռնագնացության ոլորտում։ Այն երաշխավորելու է ապահով և անվտանգ արշավները։

Սոնան՝ Միքայելին․ «Սարտարը հետդ սա՛ր տար, թե ուզում ես լինել ապահով»։

Տաթև Մարգարյան, 11-րդ դասարան, ինժեներական ակումբ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>