«Այբ» դպրոցը ներկայացնում է Հայաստանը The Earth Prize մրցույթում

«Այբ»-ը կրթական նոր հաջողություն է գրանցել։ Հայաստանը ներկայացնող աշակերտների թիմը անցել է միջազգային The Earth Prize բնապահպանական մրցույթի եզրափակիչ փուլ՝ ընդգրկվելով դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում։ Մեր երկիրը մրցույթին ներկայացնում են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը բժշկական դիմակների վերամշակման «Rene’Mask» նախագծով, գիտական ղեկավար՝ «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լիլիթ Համբարձումյան։

Մրցույթին հայտ էր ներկայացրել 114 երկրից 516 դպրոց, ընդհանուր՝ 650 թիմ։ Հայաստանը ներկայացնող «RenéMask» նախագիծը մրցելու է ինը նախագծերի դեմ Մեծ Բրիտանիայից, Վիետնամից, Շվեցարիայից, Թայվանից, Կանադայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հարավային Կորեայից, Ճամայկայից և Քենիայից։ Լավագույն տասնյակի դպրոցներից են հեղինակավոր Eton Collage (ՄԲ), Havergal College (Կանադա), International School of Zug and Luzern (Շվեյցարիա) և այլն։

The Earth Prize-ը բնապահպանական կայունության մրցույթ է 13-19 տարեկան աշակերտների թիմերի համար, որոնք սովորում են նույն դպրոցում։ Մրցույթի պահանջն էր, որ աշակերտների թիմերը ներկայացնեին բնապահպանական որևէ խնդրի լուծում՝ միտված աշխարհն էկոլոգիապես ավելի կայուն դարձնելուն։

«RenéMask» նախագծի հեղինակը «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Իլյա Լալազարյանն է։ Դպրոցում ուսումնասիրությունների, գիտափորձերի ու քննարկումների արդյունքում Իլյան քիմիայի ուսուցչուհու՝ Լիլիթ Համբարձումյանի ուղղորդմամբ մշակել է լաբորատոր պայմաններում դիմակներից փոքր էկոլոգիական հետքով վառելանյութի ստացման մեթոդն ու նախագիծը։ Այսպես՝ «RenéMask»-ը լուծում է առաջարկում միանգամից երկու մտահոգիչ խնդրի համար, որոնք են շրջակա միջավայրի աղտոտվածությունը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների աճող պահանջարկը։ Դիմակների քիմիական մշակմամբ հնարավոր է ստանալ հեղուկ վառելանյութ, որը կարող է օգտագործվել ջերմություն հաղորդող սարքերում, որոշ շարժիչներում։

Մրցույթի եզրափակիչը կկայանա մարտի 25-ին։ Աշակերտները իրենց նախագծիը առցանց կներկայացնեն հեղինակավոր ժյուրիին։ Մրցանակային ֆոնդը 200 000 ԱՄՆ դոլար է։

Մեծ հույսով սպասում ենք վերջնական հաղթանակի։ Համարում ենք, որ այն միայն աշակերտներինն ու «Այբ» դպրոցինը չէ միայն, այլ նախևառաջ Հայաստանինը, քանի որ հայտ է ներկայացնում գերարդիական էկոլոգիական թեմայով նորարար լուծում առաջարկել աշխարհին։

Վստահ ենք, որ կրթությունն է մեր երկրի կայուն զարգացման և հզորացման գրավակններից մեկը։ «Այբ»-ն այդ լուսավորաչական և կենսական գործի ակնունքներում է ու շարունակում է ազգային կրթությամբ ամրագրել Հայաստանի հեղինակությունը։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>