«Այբապատում 2023». այբեցիները բացահայտեցին Ներքին Ծաղկավանի առօրյան

Այս տարի ևս «Այբապատման» ուղղություններից մեկը Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղն էր։ Գյուղի դպրոցում մեզ ջերմորեն դիմավորելուց հետո տեղի աշակերտները մեզ ուղեկցեցին դասարաններ, որտեղ մատուցեցինք մեր նախապես պատրաստած դասերը։ Պատրաստել էինք կենսաբանություն, քիմիա, աստղագիտություն, նկարչություն և առաջին բուժօգնություն առարկաներից դասեր տարբեր դասարանների աշակերտների համար, ովքեր մեծ հետաքրքրությամբ հնարավորինս ներգրավվեցին դասերում, և արդյունքում ունեցանք արդյունավետ քննարկումներ։

Ներքին Ծաղկավանի աշակերտներն իրենց հերթին մեզ համար պատրաստել էին քվեստ-արշավ, որի ընթացքում կարողացանք ավելի լավ ճանաչել միմյանց ու գյուղը։ Դպրոց վերադառնալով՝ կազմակերպեցինք ֆուտբոլի խաղ, այնուհետև խարույկի շուրջ երեխաներին ազգային պարեր սովորեցրինք, միասին պարեցինք, կիթառ նվագեցինք, երգեցինք։ Այնուհետև մեզ իրենց տներում հյուրընկալեցին գյուղի ընտանիքները, որ անչափ բարեհամբույր էին ու մեզ օգնելու պատրաստակամ։

Հաջորդ օրվա ամենահետաքրքիր իրադարձությունը դպրոցում տեղի ունեցող ամենամյա ռազմական խաղերն էր։ Խաղերին մասնակցում էին տարբեր դպրոցներից եկած թիմեր։ Թիմերը պետք է կատարեին այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են զենքի քանդումն ու հավաքումը, թիրախին կրակելը, ցատկը և այլն։ Արդյունքում մեր թիմից Սուրիկ Աբրահամյանը խաղերում երրորդ տեղը զբաղեցրեց։ Այդպիսով ամփոփեցինք մեր հիշարժան ու հետաքրքրիր երկու օրերն ու վերադարձանք Երևան։

Նախագիծը արդյունավետ համագործակցություն հաստատեց դպրոցների միջև և տվեց մեզ ոչ միայն մեր գիտելիքները կիսելու, այլև նոր փորձառություն ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։

Նինա Պռազյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>