Միքայել Յան․ «Հայաստան գալիս ինձ այնպես եմ զգում, կարծես վերադառնում եմ տուն»

«Այբ» դպրոցի աշակերտները հյուրընկալեցին ManyChat-ի՝ առցանց նամակագրությունների ավտոմատացմամբ զբաղվող կազմակերպության համահիմնադիր Միքայել Յանի հետ։ ManyChat հարթակն այսօր օգտագործում են աշխարհի 160 երկրի ավելի քան 1․000․000 կազմակերպություններ: Իսկ ընկերության արժեքը վաղուց գերազանցել է $100 մլն-ը։ Միքայելը նաև «Այբ» դպրոցի համահիմնադրի՝ Դավիթ Յանի որդին է։ Քննարկվեցին մի շարք թեմաներ, ինչպիսիք են սկսնակ ընկերության (ստարտափ) ստեղծման գործընթացը, բիզնեսում հաջողության հասնելու գաղտնիքները, տեխնոլոգիաների ազդեցությունը մեզ վրա և այլն։

— Աշխարհը տեխնոլոգիապես լիովին զարգացա՞ծ է։

Մի՛ մտածեք, որ եթե ինչ-որ ժամանակ ՏՏ ոլորտում հեղաշրջում է տեղի ունեցել, երբ հայտնվել են համակարգիչը, ապա՝ համացանցը, ուրեմն ամեն ինչ արդեն արված է։ Մենք այս ճանապարհի միայն սկզբում ենք։ Մենք իրականում դեռևս ապրում ենք ոչ այնքան տեխնոլոգիական աշխարհում։ Օրինակ՝ ես չգիտեմ ձեր անունները, չգիտեմ՝ ինչպես ձեզ հետ կապվեմ և նամակ ուղարկեմ։ Վիրտուալ իրականությունն էլ դեռ նորարարական փուլում է գտնվում ու յուրաքանչյուր տան անբաժան մասը չէ, ինչպես հեռախոսը, որից օգտվում են բոլորը՝ սկսած երեխաներից մինչև իմ տատիկը։

— Արդյո՞ք անհրաժեշտ է աշխարհը դարձնել տեխնոլոգիաներով ավելի հագեցած։

Իսկ մենք ունե՞նք այլ տարբերակ։ Եթե նայենք պատմությանը, մարդը միշտ ունեցել է տեխնոլոգիապես զարգանալու հակում։ Դու չես կարող այս գործընթացին դեմ գնալ։ Սկսած դեռևս հնագույն մարդուց՝ պարզ է, որ այս գործընթացի նպատակը գործիքի ստացումն է։ Մենք չունենք ճանկեր, սուր ատամներ, մենք դանդաղ ենք, ոչ դիմացկուն, թույլ, սակայն մենք մեկ առավելություն, գերբնական ուժ ունենք՝ մեր կարողությունը՝ ստեղծելու այնպիսի գործիքներ, որոնք մեզ դարձնում են ավելի արագ, դիմացկուն, ուժեղ։ Գիտնականների կատարած մի փորձում փոխադրման արդյունավետության (էներգատարության) առումով մարդը կենդանիներին զիջում է, սակայն մարդը հեծանիվի վրա գերազանցում է բոլորին։

— Ինչպե՞ս ստեղծել նոր ու հաջողության դատապարտված ստարտափ։

Ստարտափի գաղափար փնտրելիս պետք է հասկանաս, թե ինչն է անձամբ քեզ հետաքրքրում։ Սովորաբար լավ նախագծերն ու հաջող ստարտափները ստացվում են այն դեպքում, երբ կա ցանկություն ինչ-որ բանով զբաղվելու, անգամ եթե դրա համար քեզ ոչ ոք դեռ չի վճարում, անգամ երբ ամեն ինչ հակառակ է գնում, երբ ամեն ինչ բարդ է, որովհետև հենց այդպես էլ լինելու է։ Սկիզբն ամենաբարդն է։ Որպեսզի այդ փուլն անցնես, պետք է իսկապես խանդավառ լինես քո գործում։ Ընդհանուր խորհուրդն այսպիսին է՝ միշտ հետաքրքրություն ցուցաբերեք, խորացեք տարբեր թեմաներում, որովհետև արդյունքում, դառնալով մասնագետ այդ ոլորտում, տեսնում եք խնդիրներ, որոնք դեռ չեն լուծվել ու կարող են, վերածվելով արտադրանքի, գրավել հաճախորդների ուշադրությունը և բերել եկամուտ։

— Անհրաժե՞շտ է արդյոք կրթությունը բիզնեսի համար։

Ծախսել մի քանի տարի բիզնես տեսականորեն վարել սովորելու համար․․․ Չկա ավելի լավ ուսուցում, քան իրական կյանքում իրական խնդիրներին բախվելը, դրանց լուծման փորձերը, դրանք լուծելու անկարողության զգացողությունն ու այդ զգացողության հաղթահարումը։ Երբ Ստիվ Ջոբսն աշխատանքի ընդունեց լիցենզավորված մասնագետների, աշխատանքն անթերի էր ընթանում, սակայն չեղավ արդյունք։ Իրականում նրանք չէին ընկալում, որ բիզնեսի իրական նպատակը արժեքավոր արտադրանքի ստեղծումն է, որը կերջանկացնի հաճախորդին։ Ավելի լավ է ունենալ բիզնես, որն ունի ոլոր-մոլոր ընթացք, որի արդյունքում հաճախորդների կեսը դժգոհ է, քան անթերի գործընթաց, որի արդյունքը չի լինի արժեքավոր արտադրանքը։

Ես դեմ չեմ բարձրագույն կրթությանը։ Ես ավարտել եմ հոգեբանության ֆակուլտետը Մոսկվայի տնտեսագիտության դպրոցում։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ստացածս կրթությունն իմ ներկայիս գործունեությանը համապատասխան է, քանի որ ամբողջ բիզնեսի իմաստը մարդուն՝ հաճախորդներին, աշխատակիցներին, հովանավորողներին, ընկալելու, հասկանալու մեջ է։ Մենք միշտ լուծում ենք մարդկային խնդիրներ։

Պետք չէ մտածել, որ բոլորը դուրս են եկել համալսարանից ու բիզնես են ստեղծել, ապա ես էլ կանեմ այդպես։ Մեծ առասպել է, թե բոլոր հաջող ձեռնարկատերերը երիտասարդ են։ Հաջող ձեռնարկատերերի միջին տարիքը 40-ն է։ Մի՛ շտապեք։ Եթե ես գիտեմ մի մարդու, ով դուրս է մնացել համալսարանից, բայց ստեղծել է հաջող բիզնես, ապա գիտեմ այդպիսի 100-ի, որոնք նույնն են արել, բայց ոչնչի չի հասել։ Ստարտափը շատ ռիսկային է։ Վիճակագրության տեսանկյունից մարդկանց մեծ մասը հաջողության չի հասնում այս ոլորտում։

— Ինչպե՞ս ստեղծել արժեքավոր արտադրանք։

Միակ միջոցը հասկանալու, թե որքանով է ձեր արտադրանքն արժեքավոր, հավանական հաճախորդների հետ շփումն է։ Օրինակ՝ դուք ունեք բաղադրատոմսերի առցանց գիրք ստեղծելու գաղափար, գնում և հարցնում եք մայրիկին, թե որքանով է նա հավանում այն և կօգտագործի՞ արդյոք։ Մայրիկն էլ կպատասխանի՝ իհարկե, ես քեզ սիրում եմ, քո ստեղծածը կօգտագործեմ։ Ահա՛, շուկայի հավանությունը կա, ես խոսեցի հաճախորդի հետ․․․ Խնդիրն այն է, որ եթե հարցերը սխալ տաս, կստանաս ոչ արժանահավատ տեղեկույթ։ Ավելի լավ է հարցնել մայրիկին, թե երբ է վերջին անգամ նա բացել իր բաղադրատոմսերի գիրքը։ Մայրիկն ասում է՝ 20 տարի առաջ։ Ու հանկարծ դու հասկանում ես, որ այստեղ խնդիր չկա։ Չկա խնդիր, չկա բիզնես։

— Ո՞ր հատկությունն է 21-րդ դարի մարդուն ամենից անհրաժեշտ։

Եթե ընտրեմ մի առանցքային հատկություն, ապա՝ սեփական գլխով մտածելը։ Մարդկության տեխնոլոգիական զարգացման հետևանքներից մեկն էլ այն է, որ մենք խորասուզվում ենք ինչ-որ քնի, երազի մեջ՝ հեռախոսի, համակարգչի, սոցցանցերի միջոցով։ Այս ընթացքում շատ հեշտ է կորցնել կապը ինքդ քեզ հետ։ Ու սա շատ վտանգավոր է, քանի որ եթե չհետևես քեզ, կարող ես քո կյանքի մեծ մասն անցկացնել այնպես, ինչպես հասարակությունն է ճիշտ համարում և ոչ թե դու։ Կարճ ասած՝ այդ հատկությունն է ինքդ քեզ հարց տալը, թե ինչն է քեզ համար իսկապես հետաքրքիր, և կարողանալ զբաղվել դրանով։

— Ի՞նչ եք զգում Հայաստանի նկատմամբ։

Իմ տատիկը՝ հայրիկիս մայրը, ծնվել և մեծացել է Հայաստանում, իսկ հայրական պապիկը՝ Չինաստանում։ Հայաստանը և Չինաստանը հանդիպեցին Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Առաջին անգամ ինձ բերեցին Հայաստան, երբ իմ 1 տարին էլ չէր լրացել։ Ես դա չեմ հիշում, բայց այդ հանդիպումն ակնհայտորեն թողել է իր հետքն ինձ վրա։ Ու թեև ես չինացի եմ այնքան, որքան հայ, սակայն ամեն տարի չեմ գնում Չինաստան։ Պատճառը տատիկս է․․․ Ավելի ճիշտ՝ տատիկիս քույրը․ պարզապես երբ հայ բարեկամներիս մոտ այդպես եմ անվանում, ասում են, որ տատիկի քույր չկա, կա տատիկ։ Իմ ծնողները շատ երիտասարդ էին, երբ ես ծնվեցի։ Մայրս թողեց համալսարանն ինձ համար։ Նրանց օգնելու համար տատիկս՝ Էսման, եկավ Հայաստանից, երբ ես 2 տարեկան էի։ Փաստացի իմ ժամանակի մեծ մասը մինչև 6 տարեկան անցկացնում էի նրա հետ։ Նրանից ավելի տիպիկ հայ տատիկ ես չեմ ճանաչում։

Ես երբեք երկար ժամանակ չեմ ապրել Հայաստանում, սակայն հաշվի առնելով, թե որքան ջերմ են ինձ այստեղ ամեն անգամ ընդունում, ինձ այնպես եմ զգում, կարծես վերադառնում եմ տուն։

Մերի Ղուլյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>