Կամավորություն․ ինչու է «Այբ»-ում այն կարևոր

Կամավորություն․ «Այբ» համայնքի յուրաքանչյուր անդամ գիտի այս յուրահատուկ բառի նշանակությունը։ Եթե մինչ համայնք մուտք գործելը չէինք կարևորում կամ անտեսում էինք այն, ապա այժմ մեզ համար այն դարձել է առօրյայի անբաժան մաս։ Ինչո՞ւ։ Կամավորությունը «Այբ»-ի արժեհամակարգի հիմնասյուներից մեկն է, առանց որի բարդ է դպրոցը պատկերացնել։ Դա է պատճառը, որ ամեն տարի «Այբ» համայնքը տոնում է կամավորության միջազգային օրը։ Ու թեև դպրոցն անցել է հեռավար ուսուցման, այս անգամ էլ հնարավորությունը բաց չթողեցինք շնորհակալություն հայտնելու կամավորներին և նշելու նրանց կարևորությունը հասարակության մեջ։

Այս հարցում մեզ օգնեցին Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ, Շիրակի պետական համալսարանի դասախոս, Եվրոպական Միության երիտասարդական ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանը, «Այբ» դպրոցի 2018 թ․ շրջանավարտ, այսօր ՀԱՀ-ի ուսանող Նաիրա Խաչատրյանը, «Այբ» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հակոբ Պետրոսյանը, որոնց հետ կազմակերպվեց «Կամավորություն․ ում է դա պետք» խորագրով պանելային քննարկում։ Այն վարում էր «Այբ» դպրոցում հասարակական գործունեությունը համակարգող, աշակերտական համայնքի ավագ համակարգող Արմինե Բաբայանը։

Սկզբում քննարկումներ ծավալվեցին խորագիրն ընդգրկող հարցի շուրջ՝ ում է պետք կամավորությունը։ Երեք բանախոսները պատասխանեցին՝ լրացնելով միմյանց։ Երեքն էլ նշեցին, որ կամավորական աշխատանքն իր դրական հետքն է թողնում առաջին հերթին հենց կամավորի վրա։ Այստեղ նշանակություն չունեն տարիքը, սեռը, սոցիալական դիրքը․․․ Կարևորը, ինչպես նշեց Հակոբը, այն ինքնագոհության զգացողությունն է, որն առաջանում է, երբ անձն առանց շահի իր ներդրումն է ունենում երկրի, կազմակերպության, համայնքի զարգացման մեջ և օգտակար լինում հասարակությանը։ Նաիրան հավելեց, որ կամավորության ընթացքում զարգանում ենք, ստանում նոր կապեր, գիտելիքներ։ Կամավորական աշխատանքը նա նմանեցնում է հնարավորությունների փնջի, որից բոլորս էլ կարող ենք օգտվել։ Ըստ Արթուրի՝ 20 տարվա կամավորության շնորհիվ նա կայացել է որպես մասնագետ։

Հմտությունները, որոնք ստանում ենք կամավորություն կատարելով, օգտակար են ամենուր՝ առօրյա կյանքում, աշխատանքի, ուսման մեջ։ Արթուրի համար դրանց շարքում են կազմակերպչական, թիմի հետ աշխատելու, լսելու, հարցին դիվանագիտորեն մոտենալու ունակությունները։ Դրանց շնորհիվ ապահովում ենք տեսականի և փորձնականի համատեղումը, անհատ քաղաքացու ձևավորման գործոնը, ճիշտ մասնագիտական ընտրությունը։ Հմտությունների շարքին Հակոբը ավելացրեց նաև ինքն իրեն գնահատելու ունակությունը։ Կամավորությունը դառնում է շարժիչ ուժ՝ ստանալու հավելյալ փորձ, որը չենք կարող ստանալ կրթության միջոցով։ Նաիրան վստահեցրեց՝ այս փորձը միշտ կարևորվում է ամենուր, օրինակ՝ օգնում է համալսարանների և աշխատանքի ընդունման համար անցկացվող հարցազրույցներում։

Խոսեցինք նաև կամավորության համար շահադրդման ձեռքբերման մասին։ Բանախոսները բերեցին իրենց օրինակները։ Դրանց մեջ մի նմանություն կար․ երեք բանախոսներն էլ կամավորությամբ սկսել են զբաղվել միջին դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ դառնալուց ի վեր։ Արթուրը որպես նախագահ ակտիվ գործունեություն էր վարում՝ կազմակերպում էր ծառատունկեր, իրագործում մի շարք ծրագրեր, որոնցից մեկն էլ՝ մանկատներ այցելությունները, հաղթեցին «Լավագույն աշակերտական նախաձեռնություն» անվանակարգում։ Այդ առիթով Արթուրը ելույթ ունեցավ ԱԺ-ում։ Թեև դրանք միայն առաջին քայլերն էին, սակայն շահադրդեցին նրան շարունակելու զարգացնել Հայաստանում կամավորական աշխատանքի մշակույթը։ Նաիրան և Հակոբը ծանոթացան այդ մշակույթին շնորհիվ «Այբ» դպրոցի և այժմ էլ հպարտորեն կրում են կամավորի անունը։

Իսկ ինչպե՞ս անենք, որ մարդիկ ձեռք բերեն այդ շահադրդումը և նույնպես գիտակցեն կամավորության նշանակությունը։ Այս հարցին սկզբում պատասխանեց Արմինեն՝ պնդելով, որ կամավորական աշխատանքը պետք է ներկայացվի երեխաներին դեռ փոքր տարիքից՝ դպրոցական հասակից։ Պատասխանատու կամավորն ապագայում կդառնա երկրի արժանի քաղաքացի։ Հայաստանում կամավորության մշակույթը խոր արմատներ ունի, հավաստիացրեց Արթուրը, սակայն հավելեց, որ լուրջ կամավորական ռեսուրսների բացեր էլ ունենք։ Պետության կողմից աջակցությունն է քիչ, և որ ամենակարևորն է՝ չկա կամավորությանը վերաբերող օրենք։ Հակառակ դեպքում կարող էինք ունենալ համակարգված կամավորական մշակույթ, վստահեցրեց Արթուրը։

Եթե այս նյութը ստիպեց ձեզ մտածել կամավորական աշխատանք կատարելու ուղղությամբ, ապա հավանաբար ձեզ մոտ մի ակնհայտ հարց առաջացավ․ որտեղի՞ց սկսել։ Արթուրը որպես վառ օրինակ հիշեցրեց պատերազմական օրերի ընթացքում մեր բոլոր հայ կամավորների աշխատանքը։ «Հենց այստեղ երևաց ազգ-բանակ գաղափարը»,— նշում է Արթուրը։ Հայաստանում շատ հասարակական կազմակերպություններ կան, որոնք հաճախ կամավորների կարիք ունեն։ Վերջում Արթուրը հավելեց, որ կամավորությունը համահավասար է նախաձեռնությանը, ինչի շնորհիվ կարող ենք ունենալ մեր ներդրումը ցանկացած խնդրի լուծման մեջ։

Կամավոր լինելու համար շատ բան հարկավոր չէ, վստահեցնում են բանախոսները։ Կամավորը պետք է ունենա օգնելու և անտարբերության դեմ պայքարելու ոչ արհեստածին ցանկություն։ Դա յուրաքանչյուր քաղաքացու կամավորական համայնքային ծառայությունն է, և ինչքան շուտ դա ընկալենք, այնքան ավելի շուտ Հայաստանը կկատարի ևս մեկ կարևոր քայլ իր զարգացման ճանապարհին։

Մերի Ղուլյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>