Նախաձեռնողականությունը՝ որպես մեր կյանքի անբաժան մի մասնիկ

Մեր մեծ ընտանիքն ընտրեց նոյեմբերը որպես նախաձեռնողականության սկզբունքի ամիս։ Պատահական չէ, որ այն իր պատվավոր ու անփոխարինելի տեղն ունի «Այբ»-ի աշակերտի նկարագրում։ Ո՞րն է նրա կարևորությունը և ի՞նչ դեր է այն մեր կյանքում կատարում։

Նախաձեռնողականությունը նորարարությունների հանգեցնող մտքերի ակունքն է։ Չէ՞ որ մի բան է տարաբնույթ մտքեր ունենալ, իսկ մեկ այլ բան՝ այդ հանճարեղ մտքերը զարգացնելն ու կյանքի կոչելը՝ ձեռնարկելով հստակ քայլեր։ Սա բավականին բարդ գործընթաց է, որում մենք անկասկած բախվում ենք հազարավոր խոչընդոտների։ Սակայն նախաձեռնողականության հետ սերտ կապված խրթին ուղին ունի մի շարք դրական կողմեր։ Այն մեկ հարթության վրա է բերում տարբեր մարդկանց՝ միավորելով նրանց հանուն մեկ գերագույն նպատակի։ Գրեթե անհնար է ինչ-որ բան ամբողջովին մենակ նախաձեռնել։ Այս խորամանկ սկզբունքը դրդում է անհատներին իրենց հարցերի պատասխանները գտնել այլ անձանց շնորհիվ։ Նման երևույթի ցցուն օրինակ է «Այբ» համայնքի յուրաքանչյուր միջոցառում, որի նախաձեռնողական աշխատանքները սկսվում են աշակերտներով և ավարտվում դպրոցի անձնակազմի անդամների ներգրավվածությամբ։ Նախաձեռնողականությունը հավերժ իր մեջ է կրում մարդկանց միավորման և մեկ ամբողջական թիմի վերածման խորհուրդը։

Նախաձեռնողականությունն է այն շարժիչ ուժը, որն առաջ է մղում ամեն մի նոր միտք դեպի իրականություն։ Այն հանգեցնում է դրական տեղաշարժի՝ երկրագնդի անդադար շարժին զուգահեռ։

Նախաձեռնողականության առկայությունը զգում ենք մեր գրեթե ամեն քայլում։ Եկե՛ք չանտեսենք այսքան կարևոր սկզբունքը և երբևէ չդադարենք հանդես գալ նորանոր նախաձեռնություններով ինչպես մեր «Այբ» համայնքում, այնպես էլ վերջինիս շրջանակից դուրս։

Ռուզաննա Քարամյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>