Անկախություն 29. Վեց հարց ՀՀ անկախության մասին

«Այո՛, մենք գնում ենք դեպի համայն մարդկության ընտանիք, բայց արդեն մեր դրոշի ներքո, մեր անկախ պետականության և մեր ազգային սեփական դիմագծով: Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ: Դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանե՛նք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:

Գերագույն խորհրդի դիմումից՝ ուղղված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին», 21 սեպտեմբերի, 1991

Սեպտեմբերի 18-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ հեռավար միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 29-րդ տարեդարձին։ Միջոցառումն ուներ «Վեց հարց ՀՀ անկախության մասին» խորագիրը․ «Այբ» ավագ դպրոցի աշակերտները՝ պատմության ուսուցիչների աջակցությամբ, փորձել էին ինքնուրույն ուսումնասիրել և գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները։ «Անկախություն․ կայսրությունների փլուզումից ծնված պատահականությո՞ւն, թե՞ պայքարից ծնված օրինաչափ հաղթանակ», «Ի՞նչ է հռչակում ՀՀ անկախության հռչակագիրը», «Ի՞նչ են խորհրդանշում ՀՀ պետական խորհրդանիշները», «Ինչո՞ւ Թուրքիան առաջիններից մեկը ճանաչեց ՀՀ անկախությունը», «Ինչպե՞ս հաստատվեցին ՀՀ դիվանագիտական կապերը» «Հայաստանի Հանրապետությունը փակ սահմանների հետևում․ բացվե՞լ, թե՞ չբացվել»՝ այս հարցերը ներկաներին հնարավորություն տվեցին կրկին հետևելու մեր անկախ պետության ստեղծման դժվարին ընթացքին և վերարժևորելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դերը մեր մեծ ՀԱՅՐԵՆԻՔԻ այս փոքր հատվածում վերստեղծված պետության կառուցման գործում։ Փոքր կարող են լինել տարածքները, բայց ոչ՝ ազգերը, առավել ևս՝ ո՛չ մենք։ Փոքր տարածքները խոչընդոտ չեն հզոր պետության կառուցման ճանապարհին։ Ծնունդդ շնորհավո՜ր, Հայաստանի անկա՛խ Հանրապետություն։

Լիլիթ Մինասյան, պատմության ուսուցիչ,

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>