«Այբ»-ի աշակերտները՝ անգլերենի միջազգային օլիմպիադայի եզրափակիչում

Հռոմում տեղի ունեցավ «Hippo English Without Borders» անգլերենի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Օլիմպիադան անցկացվում էր 10-րդ անգամ։ Մասնակցեցին 54 երկրների 184 ներկայացուցիչներ։ «Այբ»-ի աշակերտները ևս եզրափակիչ փուլում էին։ 6-րդ դասարանցի Սաթեն Մուրադյանը և 10-րդ դասարանցի Վիկա Ավանյանը հաղթահարել են մրցույթի կիսաեզրափակիչ և European Qualifiers փուլերը, իսկ 11-րդ դասարանցի Արմինե Քեշիշյանը Հռոմում մասնակցեց մրցանակաբաշխությանն ու ծածանեց հայկական եռագույնը։ Վերջինս գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը իր տարիքային խմբում։ Շնորհավորում ենք մեր աշակերտներին և հպարտանում նրանց հաջողությամբ։

Արմինեն այս հոդվածով պատմում է մրցույթի ու դեպի հաղթանակ իր շարժառիթի մասին։

***

։

***

«Hippo»-ն անգլերենի միջազգային մրցույթ է, որի նպատակն է միավորել ու համախմբել տարբեր երկրների ու ազգերի երեխաների, որոնք սիրում են անգլերենը ու պատրաստ են մրցել իրենց գիտելիքներով։ Մրցույթի կարգախոսն է ENGLISH WITHOUT BOARDERS` անգլերենն առանց սահմանների։ Այս մրցույթի շրջանակներում մասնակիցները հաղորդակցվում են, ստանում նոր գիտելիքներ ու հմտություններ, ձեռք բերում նոր ընկերներ։

Օլիմպիադան ըստ տարիքի բաժանված է կատեգորիաների, որոնք ունեն իրենց համապատասխան լեզվի մակարդակները։ Ես մասնակցում էի «Hippo 4» կատեգորիայում, որը համապատասխանում է անգլերենի B2 մակարդակին։ Ի տարբերություն օլիմպիադայի նախապատրաստական և կիսաեզրափակիչ փուլերի՝ եզրափակիչում քննվում էր մասնակիցների լեզվի տիրապետումը բոլոր առումներով՝ անգլերեն գրել, կարդալ, խոսել, լսել, բառապաշարային-քերականական իմացությունը՝ հատուկ հարցաշարի միջոցով։ Հարցաշարերը կազմված էին Միսուրիի համալսարանի Mizzou Academy-ի և «Bucksmore Education» բրիտանական կազմակերպության կողմից։

Մինչև եզրափակիչը իմ ձեռքբերումներից մեկը համարում եմ այն, որ կարողացա լինել մոտ վաթսուն հազար մասնակիցներից եզրափակիչ անցած 184-ից մեկը։ «Այբ» համայնքում լինելով և նրա սկզբունքներին հետևելով՝ սովորեցի միշտ ավելի բարձրին ձգտել։ Հետևաբար, նպատակ դրեցի մասնակից երկրներին ցույց տալ, թե Հայաստանի նոր սերունդը ինչի է ունակ։

Բացի դրանից, եզրափակիչից դեռ մի քանի օր առաջ Հայաստանի սահմանին կրկին անհանգիստ էր, կրկին հարձակում մեր երկրի վրա։ Նման իրավիճակում մարդկային առաջին արձագանքը կարող է լինել հիասթափության և զայրույթի մատնվելը։ Բայց «Այբ»-ում հասկացել էի, որ Հայաստանին պետք է ոչ թե հուսահատվելը, այլ որ մենք՝ աշակերտներս, շարունակենք մեր սրբազան գործը՝ սովորելը։ Իմանալով այս ամենը՝ ես իմ առաջ դրեցի երկրորդ նպատակ՝ ցույց տալ, որ պայքարը կարող է լինել ինչպես երկրի սահմանում՝ զենքով, այնպես էլ քննասենյակում՝ գիտելիքով։

Ոսկե մեդալ ստանալը աննկարագրելի զգացողություններ պարգևեց։ Ուրախ էի ոչ միայն նման անձնական ձեռքբերում ունենալու, այլև իմ առաջ դրած նպատակներին հաջողությամբ հասնելու համար։ Գիտակցում եմ, որ առանց «Այբ»-ի ազդեցության չէի ունենա նման նախաձեռնողականություն ու նպատակասլացություն օլիմպիադային մասնակցելու համար։ Հուսով եմ, որ բարձր պահեցի ոչ միայն դպրոցի, այլև իմ երկրի պատիվը։

Արմինե Քեշիշյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>