Տարին սկսում ենք սպասված և կարևոր նորությամբ:
Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Այբ» ավանում ավագ դպրոցի նոր մասնաշենք կառուցելու համար Երևանի քաղաքապետարանից ստացել ենք նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
Հիշեցնենք, որ նոր մասնաշենքի կառուցման նախագծի գլխավոր ճարտարապետն է դանիական աշխարհահռչակ BIG (Bjarke Ingels Group) ընկերությունը: «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը հանդես է գալիս որպես նախագծի պատասխանատու ճարտարապետ, իսկ նախագծի կառավարումը ստանձնել է «Պրոդեկո» կազմակերպությունը:
Այս նախագիծն ունենալու է կրթական ու սոցիալական մեծ ազդեցություն: Այն ոչ միայն կմեծացնի մրցունակ, որակյալ ու նորարար կրթության հնարավորությունները, այլև կկրկնապատկի ավագ դպրոցի աշակերտների թիվը։ Սա նշանակում է, որ, ընտանիքի ֆինանսական կարողություններից անկախ, ավելի շատ երեխա հնարավորություն կունենա ստանալու լավագույն կրթություն, քանի որ «Այբ» ավագ դպրոցում աշակերտների շուրջ 70%-ը սովորում է բարերարների աջակցությամբ։
Նոր մասնաշենքը նախատեսվում է ամբողջությամբ կառուցել մեր համայնքի և բարերարների միջոցներով: Սա մեր ներդրումն է նոր սերնդի ու մեր երկրի ավելի լավ ապագայի մեջ:
