Փոդքաստինգի ակումբը ներկայացրեց «Հայփոդ» նախագիծը

ՀԲԸՄ-ի դահլիճում տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության փոդքաստինգի ակումբի «Հայփոդ» նախագծի շնորհանդեսը: Ակումբը ներկայացրեց տարվա ընթացքում ստեղծած փոդքաստների շարքը Հայաստանի յոթ քաղաքների մասին:

Շնորհանդեսին հյուրընկալելով տարբեր ոլորտների հյուրերի՝ «Հայփոդ»-ի ներկայացումը դարձավ է՛լ ավելի տպավորիչ թե’ թիմի անդամների, թե’ հյուրերի համար: Միջոցառման բացումը կատարեցին թիմի անդամներից Վիկտորիա Նավասարդյանն ու Նարե Կուրղինյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով նախագծի նպատակն ու գաղափարը: Թիմի անդամները խոսեցին նաև տարվա ընթացքում ձեռք բերված հաջողությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Բացի դեպի Դիլիջան և Գյումրի ճամփորդություններից՝ «Հայփոդ»-ի ստեղծման ընթացքում հաջողվել է նաև համագործակցել մի քանի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Պրոգրես ստուդիան»` փոդքաստների ձայնագրման համար, Գյումրու «Երիտասարդների տուն» բաց հասարակական կազմակերպությունը և Դիլիջանի համայնքային կենտրոնը, որոնց կամավորները մեզ համար շրջայցեր անցկացրին Դիլիջանում ու Գյումրիում, Gorgeouz Beats խումբը, որ տրամադրեց ֆոնային երաժշտություն: Տարվա ընթացքում թիմն առիթ է ունեցել հիշարժան հանդիպումներ ունենալ նաև գրող Հովիկ Աֆյանի և հայտնի սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանի հետ:

Արհեստական բանականության կտրուկ զարգացմանը հետևելով` փոդքաստինգի ակումբը ևս հետ չի մնացել աշխարհի նորարարություններից և, համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող Podcastle.ai-ի հետ, կարողացել է կլոնավորել թիմի անդամներից Ալինայի ձայնը և ստեղծել փոդքաստների նաև անգլալեզու տարբերակը: ԱԲ-ը նաև օգնել է ակումբին, որ ստեղծվեն բացիկներ և գեղեցիկ պատկերազարդ շապիկներ: Այս հարցում օգնել է հայտնի Midjourney կայքը, որի միջոցով ստեղծվել են հայկական տարածաշրջանների պատկերները և տպագրվել շապիկների և փոստային քարտերի վրա:

Շնորհանդեսի ընթացքում, բացի հետաքրքիր և տպավորիչ ներկայացումներից, աշակերտները կազմակերպել էին նաև պանելային քննարկում հատուկ հյուրերի մասնակցությամբ: Քննարկման մասնակիցներն էին Podcastle.ai-ի հիմնադիրներից Արսեն Համբարձումյանը, Գյումրու Երիտասարդների տան շահառուներ Ռաֆիկն ու Էլիզաբեթը, անհատ զբոսաշրջավար Արմինե Միրիջանյանն ու Gorgeouz Beats-ի «Տար-բեր» նախագծի պրոդյուսեր Արարատ Դիլոյանը:

Ամփոփելով շնորհանդեսը և լսելով հյուրերի արձագանքները կատարված աշխատանքին՝ փոդքաստինգի ակումբն իր այս ուսումնական տարվա նախագիծը համարում է հաջողված և ոգևորված սպասում է հետագա նախագծերի իրականացմանը:

Հայաստանի քաղաքների ձայնը կարող եք լսել այս հղումով:

Աիդա Մանուկյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>