Այնտեղ Լևոնն է․ դպրոցի մարզադահլիճը անվանակոչվեց պատերազմում զոհված սանի անունով

Բարության հուշ էր թևածում «Այբ»-ում։ Դպրոցի հարկի տակ հավաքվել էին «Այբ»-ի տարբեր տարիների շրջանավարտները, բարերարները, ուսուցիչներն ու աշակերտները։ Օրը հիշատակի էր, արարողությունը՝ աննախադեպ։

«Այբ» դպրոցի 2020 թվականի շրջանավարտ, 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Հովսեփյանի հիշատակին դպրոցի Գ մասնաշենքի մարզասրահը վերանվանակոչելու արարողակարգն էր։ Առաջարկն արել էին «Այբ»-ի բարերարներ Սարգիս Բադալյանը և Մարինե Դալլաքյանը։ Հատուկ արարողակարգին մասնակցում էին նաև Լևոնի ծնողները, հարազատները, ովքեր «Այբ» էին եկել Արցախից։

Արարողությունը Տերունական աղոթքով սկսեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ Լևոնին «Այբ»-ում միշտ ենք հիշելու։ «Եվ ոչ միայն «Այբ»-ը վառ է պահելու Լևոնի հիշատակը, այլև նրա օրինակով ուսուցանելու, կրթելու է սերունդներ։ «Այբ»-ը Լևոնի հոգին է պահպանելու։ Կյանքը վերջավոր մի իրականություն չէ մեզ համար, կյանքը հավիտենական ճամփորդություն է։ Եվ մենք անընդհատ աղոթում ենք մեր ննջեցյալների համար։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին», - ասաց տեր հայրը։

«Մարզադահլիճը վերանվանակոչելով՝ հավերժացնում ենք Լևոնի անունը, նրա հետ նաև մեր բոլոր հերոսների անունները, որոնք ընկան հանուն հայրենիքի պաշտպանության», - նշեց Սարգիս Բադալյանը։ Մարինե Դալլաքյանը հավելեց․ «Ուզում եմ, որ գալիք սերունդները ճանաչեն ու ձգտեն լինել Լևոնի և նրա նման հազարավոր տղաների նման արի»։

Լևոնն «Այբ» ավագ դպրոց էր ընդունվել մարզային հատուկ ընդունելությամբ՝ ստանալով ամբողջական կրթաթոշակ և ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում կեցության հնարավորություն:

2017-2020 թվականներին ուսման երեք տարիների ընթացքում Լևոնը ներգրավված է եղել «Այբ» համայնքի տարբեր նախաձեռնություններում և միջոցառումներում: Լինելով այբական արժեքները կրող վառ անհատականություն՝ մասնակցել է «Այբապատում» ծրագրին` տարածելով այբական սկզբունքներն ու գիտելիքը Հայաստանի տարբեր դպրոցներում։ Մասնակցել է նաև Ղազախստանի դպրոցներից մեկի հետ համատեղ իրականացվող այբական ծրագրին, ընկերների հետ այցելել Ղազախստան։

Բոլորի կողմից սիրված, ընդունված ու անփոխարինելի Լևոնը աչքի է ընկել նաև ուսումնական ձեռքբերումներով: Մասնակցել է մաթեմատիկայի և ֆիզիկայի տարբեր օլիմպիադաների և զբաղեցրել բարձր հորիզոնականներ։

Աշակերտական թիմի համակարգող Տիգրան Հարությունյանը հիշեց, թե ինչպես էր Լևոնն ամեն տեղ առաջամարտիկ, նախաձեռնող ու պատրաստակամ բոլորին օգնելու, - «Այնտեղ, որտեղ Լևոնն էր, բարություն էր։ Միշտ իրեն առաջ էր նետում։ Այդպես էլ գնաց կռիվ»։

Անվանակոչության արարողությունից հետո 12-րդ դասարանի աշակերտ Արամ Բարսեղյանը Լևոնի ծնողներին նվիրեց իր հեղինակած «Անմահների պատերազմը» գրքի առաջին օրինակը։ Արամն այն սկսել էր գրել պատերազմի օրերին և նվիրել է անմահացած տղաների հիշատակաին ի դեմս ընկերոջ՝ Լևոն Հովսեփյանի։

Լևոնին ճանաչողները գիտեին, թե նրա կյանքում որքան կարևոր ու հատուկ տեղ և նշանակություն ունեին սպորտը և սպորտային միջոցառումները: Լինելով սպորտային թիմի ակտիվ անդամ՝ հաճախ էր կազմակերպում ու մասնակցում ֆուտբոլի ու շախմատի մրցաշարերի: Գրանցել է տարբեր հաջողություններ։ Նշանակալից էր QSI միջազգային դպրոցում տեղի ունեցած թեթև աթլետիկայի մրցույթը, որի ժամանակ Լևոնը նվաճեց 2 արծաթե մեդալ:

Լևոնի ընկերներն ասում են, որ նրան երբեք երկար չեն փնտրել։ Ամենահավանական վայրը միշտ եղել է սպորտդահլիճը։ Եվ պատահական չէ, որ այսուհետև «Այբ» դպրոցի Գ մասնաշենքի սպորտդահլիճը կրելու է «Լևոն Հովսեփյան» անունը։

Հատուկ և խորհրդանշական օրն ամփոփեցին Լևոնի դասընկերները՝ կատարելով Լևոնի սիրելի հայրենասիրական երգերը, ապա պարեցին ռազմապար ի փառս հերոսացած տղաների։

Փառքդ՝ հավերժ, հիշատակդ՝ անմար, մեր սիրելի՛ Լևոն։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>