Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

Միշտ էլ հետաքրքիր է հանդիպել ուրույն մասնագիտություն ունեցող և լայն գիտելիքների տեր մարդկանց հետ։ Նրանցից է հայտնի քարտեզագիր և պատմաբան Ռուբեն Գալչյանը, որի հետ հանդիպում կազմակերպվեց «Այբ» դպրոցում։ Պատկառելի է նրա վաստակը․ նա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է, «Մովսես Խորենացի» մեդալակիր։ Գիտական մեծ արժեք ունեն նրա աշխատությունները կովկասյան տարածաշրջանի պատմության և աշխարհագրության վերաբերյալ: Դրանց արժեքը ավելի է մեծանում ներկա բարդ ժամանակահատվածում, երբ սրված են հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև նաև երկու պետությունների սահմանագծման շուրջ։ Անվանի գիտնականն ու քարտեզագիրը հաճախ է ելույթ ունենում հեռուստատեսությամբ, ունկնդիրներին հավաստի տեղեկություններ տալիս հայ-ադրբեջանական ճշգրիտ սահմանների մասին։ Նա կովկասյան տարածաշրջանի պատմական քարտեզագրության առաջատար փորձագետ է։

Հանդիպմանը մենք շատ բան իմացանք Ռուբեն Գալչյանի անցած ճանապարհի մասին։ Ծնվել է Իրանում, որտեղ ստացել է նախնական կրթություն, ապա ուսումը շարունակել Մեծ Բրիտանիայում, որտեղ դարձել է էլեկտրոինժեներ։ Քարտեզներով դեռ փոքրուց է հետաքրքրվել, սակայն ավելի մոտիկից դրանցով սկսել է զբաղվել ավելի ուշ։ Ուսումնասիրելով բազմաթիվ քարտեզներ՝ հմտացել է քարտեզագրության մեջ։ Շուրջ կես դարի ընթացքում նա հսկայական աշխատանք է կատարել՝ ուսումնասիրելով Հայաստանի 2600 տարվա պատմությունն ու աշխարհագրությունը և կատարելով էական շտկումներ այդ բնագավառներում։

«Այբ» դպրոցում կազմակերպված հանդիպման սկզբում պարոն Գալչյանը հակիրճ ներկայացրեց քարտեզների պատմությունը, թե ինչպես են դրանք դարերի ընթացքում փոփոխվել։ Ապա ցուցադրեց հնագույն քարտեզներից մեկը՝ Բաբելոնի աշխարհացույցը։ Այն փորագրվել է քարե սալերի վրա մ.թ.ա. 6-րդ դարում և պատկերում է ժամանակի երեք պետությունները, որոնցից միայն Հայաստանն է, որ մինչև այժմ գոյատևում է։ Ըստ Գալչյանի՝ եթե հարցնեն, թե հայն ով է, ապա կարող ենք վստահաբար պատասխանել, որ հայերը հնագույն ժողովուրդ են, և հայերի երկիրը՝ Հայաստանը, պատկերված է եղել աշխարհի հնագույն քարտեզի վրա։ Հանդիպման ընթացքում քարտեզագետը նաև անդրադարձավ ժամանակակից իրականությանը։ Աշակերտներին պատմեց, թե ինչպես ենք անցյալում բազում հողեր անտեղի կորցրել ու տվել հարևաններին, այդ թվում՝ Ադրբեջանին։ Ներկայացված քարտեզների վրա մեր սեփական աչքերով տեսանք, թե ինչպես երբեմնի հզորագույն «ծովից ծով» Հայաստանը դարձավ փոքրիկ մի երկիր, որն այժմ դժվար է անզեն աչքով տեսնել։

Հանդիպման վերջում քարտեզագետն ընդգծեց․ «Հարկավոր է հզոր լինել։ Պատմությունը ցույց է տվել, որ հույսը չպետք է դնել ուրիշների վրա, ուստի հարկավոր է մեր ռազմական ուժը մեծացնել։ Միայն հզոր բանակ ունենալո՛վ կարող ենք մտածել գիտության մասին, որից հետո այս երկուսի հիման վրա զարգացնել մեր պետությունը»։

Օգտակար հանդիպման վերջում պարոն Գալչյանը նաև իր գրքերից նվիրեց դպրոցի գրադարանին։

Մհեր Ենգիբարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>