Խոսենք հայերեն․ Պե՞տք է ամեն օտար եզր թարգմանել, թե ոչ

Հայերենում օտար բառերի, եզրերի (եզրույթների, տերմինների) կամ հայաբառ, սակայն օտար լեզվի ազդեցությամբ ստեղծված արտահայտությունների կամ կիրառությունների վերաբերյալ շատ հաճախ կարող ենք հանդիպել վիճաբանությունների։ Պե՞տք է ամեն օտար եզր թարգմանել, թե ոչ։ Պե՞տք է ջանալ հայերենում ամեն օտար եզր գտնել և փոխարինել մի հայերեն բառով, այսինքն՝ մաքրազարդել հայերենը։ Եթե տարբեր լեզուները, ինչպես և տարբեր ազգերի մշակույթներն ու կենցաղը, բնականաբար միմյանց վրա ազդում են, և սա բնական երևույթ է, պե՞տք է պայքարել դրա, այսինքն՝ օտար լեզվական ազդեցությունների դեմ։ Չէ՞ որ ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում ո՛չ մի լեզու այս աշխարհում, ներառյալ հայերենը, չի ձևավորվել ու զարգացել առանց այլ լեզուների ազդեցության։ Եթե ուսումնասիրենք հայերենի արմատական բառարանները, կտեսնենք, որ իրանական ծագման արմատները հայերենում ավելի շատ են, քան հենց բնիկ հայերեն արմատները։ Անգլերենում էլ ավելի շատ են լատինական ծագման արմատներն ու բառերը, քան հենց անգլիական, այսինքն՝ գերմանական (քանի որ անգլերենը գերմանական լեզուների ընտանիքին է պատկանում)։ Շատերը, հայտնաբերելով, որ հայերենում իրանական ծագման արմատներն ավելի շատ են, չեն կարողանում հանդուրժել այսպիսի ազգային «խայտառակությունը» և ազգային արժանապատվության դեմ այսպիսի ոտնձգության համար մեղադրում լեզվաբան գիտնականներին, օրինակ՝ Հրաչյա Աճառյանին, թե իբր նա ճիշտ չի որոշել այդ արմատների ծագման լեզուն. ասում են՝ այդ արմատներն իրականում իրանական չեն, այլ հայկական (ասում են՝ ինչպե՞ս է որոշել, որ դրանք իրանական լեզուներից են անցել հայերենին և ոչ թե հակառակը)։ Այդ հարցն իհարկե չէին տա, եթե բառերի ծագումով զբաղվելուն անհրաժեշտ լեզվաբանական կրթությունը ստացած լինեին, անհրաժեշտ գիտելիքներն ունենային, ինչպես Աճառյանը կամ նույն գիտությամբ զբաղվող այլ լեզվաբաններ, օրինակ՝ Գևորգ Ջահուկյանը կամ մեր ժամանակակից լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը։

Չկա ոչ մի ամոթալի բան նրանում, որ հայերենում իրանական արմատները շատ են։ Հայերենում բնիկ հայերեն արմատներն էլ քիչ չեն։ Իր ողջ պատմության ընթացքում հայերենը հարստացել է նաև այլ լեզուներից փոխառված արմատներով, բառերով ու ոճերով. փոխառել կամ որևէ ազդեցություն է կրել նաև սեմական լեզուներից (մասնավորապես ասորերենից), հունարենից, լատիներենից, թուրքերենից, նոր ժամանակներում՝ ռուսերենից, ֆրանսերենից, անգլերենից և այլն։ Եվ սա բնական երևույթ է։

Հետևաբար, նորի՛ց հարցնենք. եթե սա բնական երևույթ է, ի՞նչն է պատճառը, որ շատ մարդիկ պայքարում են օտարաբանությունների դեմ կամ ջանում թարգմանել օտար եզրերը՝ ստեղծելով հայերեն նոր բառեր։ Ինչո՞ւ ավելի հեշտ ճանապարհով չգնալ՝ պարզապես վերցնել ցանկացած օտար բառ ու գործածել հայերենում՝ դարձնելով հայերենի մաս։ Եկեք վերլուծությամբ ու քննությա՛մբ գտնենք այս հարցի պատասխանը։

Նախ նկատի առնենք, որ այսպիսի լեզվապաշտպանությունն ու լեզվապահպանությունը միայն հայերին բնորոշ երևույթ չէ։ Բոլոր ազգերն էլ շատ թե քիչ հոգ են տանում այն մասին, որ իրենց լեզուն հնարավորինս պահպանի սեփական ինքնությունը։ Բայց որոշ ազգեր, ինչպես հայերը, շատ ջերմեռանդ են օտար եզրեր թարգմանելու հարցում, իսկ որոշ ազգեր էլ՝ ոչ այնքան։ Եթե վերցնեք որոշ միջազգային եզրեր և բառարանների օգնությամբ գտնեք դրանց համարժեքներն այլ լեզուներով, կտեսնեք, որ, օրինակ, ֆինները, չինացիները, հրեաները շատ են թարգմանում, կարելի է ասել՝ ձգտում են հնարավորության սահմաններում ամեն ինչ թարգմանել, իսկ միևնույն ընտանիքին պատկանող կամ միմյանց հետ պատմական սերտ առնչություն ունեցած այնպիսի լեզուներ, ինչպիսին, օրինակ, անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իտալերենը, իսպաներենը և ռոմանագերմանական այլ լեզուներն են, հաճախ նաև սլավոնական լեզուները, ավելի քիչ են թարգմանում՝ պարզապես վերցնում են իրենց կամ հարակից լեզվական ընտանիքի մեկ այլ անդամի ստեղծած բառը, միգուցե միայն վերջավորությունը փոխում ըստ սեփական լեզվի պահանջների և այդքանով բավարարվում։ Ինչո՞ւ։ Հավանաբար հենց այն պատճառով, որ նույն կամ պատմականորեն սերտորեն կապված ընտանիքների լեզուներում նույն արմատներն ու նույն ածանցները շատ են, ուստի այնքան էլ էական չէ, թե տվյալ եզրը որ լեզվում է ստեղծվել. այն կամ նույնությամբ, կամ փոքրիկ փոփոխությամբ կարող է հանգիստ դառնալ նաև նույն կամ հարակից ընտանիքի մեկ այլ լեզվի լիիրավ ու ներդաշնակ անդամ՝ առանց մատնելու իր օտար ծագումը։

Ամեն լեզու ոչ միայն քերականական որոշակի կանոններով իրար հետ առնչվող ու որոշակի իմաստներ արտահայտող բառերի հավաքածու է, այլև սեփական հնչյունական պատկերն ունեցող, սեփական հնչողությունն ունեցող մի մեղեդի, եթե կարելի է այսպիսի համեմատություն անել։ Բառերը հնչում են՝ կազմված են հնչյուններից, բառերի խմբերը նույնպես հնչում են, և նայած ինչ լեզվով ես խոսում, այսինքն՝ ինչպե՛ս հնչող բառերից ու բառախմբերից ես խոսքդ կազմում, երգածդ մեղեդին տարբեր կարող է լինել։ Պատկերացրեք, թե ամեն լեզու մի թռչնատեսակ է։ Հմուտ թռչնաբանը թռչնատեսակներն իրարից տարբերում է ոչ միայն նրանց արտաքին տեսքով, այլև նրանց երգով ու կանչով։ Տարբեր թռչնատեսակներ տարբեր ձևով են երգում ու կանչում։ Եթե դուք նույնիսկ չգիտեք որևէ լեզու, բայց ծանոթ եք նրա հնչողությանը, ապա միայն լսելով էլ կարող եք ասել՝ ինչ-որ մեկը, օրինակ, ճապոներե՞ն է խոսում, թե հունարեն (բո՞ւ է, թե տատրակ), թեև թերևս ոչ ճապոներեն գիտեք, ոչ էլ հունարեն։

Որքան շատ լինեն օտարահունչ բառերը մի լեզվում ու դառնան դրա մաս, այնքան ավելի ու ավելի կփոխվի այդ լեզվի հնչյունական պատկերը, և այդ լեզվի ուրույն մեղեդին կաղավաղվի։ Նկատե՞լ եք, որ հայերենի օտար փոխառությունների մի մասը, հենց թեկուզ այդ նույն իրանական բառերը կամ հին ժամանակներում փոխառված այլալեզու շատ բառեր առանց մեր համապատասխան գիտելիքի ու առանց բառարանի օգնության համարյա երբեք չեն մատնում իրենց օտար լինելը, մինչդեռ բառեր կան, որ հենց միայն հնչողությամբ մատնում են իրենց օտար լինելը։ Որովհետև մեր ականջի համար առաջին խմբի բառերը հայերեն են հնչում՝ անկախ իրենց ծագումից, իսկ երկրորդ խմբի բառերը հայերեն չեն հնչում։ Եթե հանդիպենք -իկա, -ացիա, -իստ և այլ այսպիսի վերջավորություններով բառերի կամ այնպիսի հնչյունախմբերի, որոնք մեզ ծանոթ օտար բառերում ենք միայն նկատել, ապա իսկույն կհասկանանք, որ օտար բառի հետ գործ ունենք։ Առաջին հերթին մեր ակա՛նջը դա կզգա։ Եվ հիմա պատասխանե՛նք այս հարցին. եթե օտարահունչ բառերը շարունակ շատանան հայերենում, կփոխվի՞ հայերենի հնչյունական պատկերը, հայերենը կշարունակի՞ հնչել հայերեն, թե կաղավաղվի նրա մեղեդին։ Այսօրվա հայերենն իհարկե նույն կերպ չի հնչում, ինչ անցյալ որևէ դարի հայերեն. հայերեն տարբեր բարբառներ նույն դարում նույնպես տարբեր կերպ են հնչում։ Սակայն նրանք բոլորն էլ, այնուամենայնիվ, հայերե՛ն են՝ նույն երաժշտական թեմայի տարբերակներ։ Մինչդեռ որքան շատ լինեն օտարահունչ բառերը, այնքան անհասկանալի կլինի, թե ինչ լեզվի՝ ինչ մեղեդու հետ գործ ունենք։ Կարծում եմ՝ շատ մարդիկ ենթագիտակցաբար են զգում այս խնդիրը. առաջին հերթին զգում են հայերեն ներթափանցող օտար բառերի առաջացրած հնչյունական «ֆալշը» և ապստամբում դրա դեմ, ինչպես որ ապստամբում են իբրև հայկական ներկայացվող թուրքական մուղամների, ռաբիսի և այլ այսպիսի երաժշտական ոճերի դեմ։ Մի մասը՝ առավել կրթվածը, ապստամբում է, մյուս մասը՝ սակավ կրթվածը, հաճույքով շարունակում հայկական մուղամ լսել ու հնչեցնել։ Տարբեր ոլորտներում օտար ազդեցությունների դեմ այս բոլոր պայքարները, հատկապես փոքր ազգերի պարագայում, ինքնապաշտպանական բնազդից են բխում։ Եվ սա նույնպես բնական է։

Իսկ ինչո՞ւ են հնում մեր լեզվին անցած բազմաթիվ օտար փոխառություններ հայերեն հնչում՝ ի տարբերություն ժամանակակից լեզուներից մեզ անցնող շատուշատ բառերի։ Որովհետև երբ մենք ասում ենք «հայերեն», չգիտենք ու չենք կարող անգամ պատկերացնել մեկ այլ լեզու, քան այն հայերենը, որն արդեն իսկ իրանական և մի շարք այլ լեզուներից մեզ անցած ու հայացած բառերով ու ոճերով էր լի։ Մենք հայերենը ճանաչում ենք սկսած այն ժամանակից միայն, երբ գրվեց մեզ հասած հայերեն առաջին խոսքը, իսկ այն արդեն իսկ բազմաթիվ ազդեցությունների շնորհիվ ստեղծված ու ձևավորված լեզու էր։ Ուրիշ հայերեն մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե, օրինակ, մ.թ.ա. 10-րդ դարում հայերենն ինչպես էր հնչում կամ ինչ բառապաշար ու քերականություն ուներ։ Այն հայերենը, որը մենք ճանաչում ենք իբրև «հայերեն», հենց այդ բազմաթիվ շերտերից կազմված ու արդեն իսկ բազմաթիվ օտար ազդեցությունների ենթարկված լեզուն է։ Բայց այն օտար բառերը, որոնք դարեր շարունակ մեր իմացած լեզվից տարբերվում են, առաջին հերթին՝ իրենց հնչողությամբ, իսկույն ականջ ու աչք են ծակում, կարծես իրենց տեղում չլինեն. առաջանում է լեզվական հնչյունային ընդհանուր ներդաշնակության խախտում («դիսոնանս»), իսկ շատ մարդիկ զգայուն են նման աններդաշնակության հանդեպ, ինչպես որ զգայուն են իբրև հայկական ներկայացվող մուղամի հանդեպ կամ պարզապես մեղեդու մեջ հնչող սխալ ձայնի («ֆալշ»)։

Լեզուների ձևավորումը նման է հենց ազգերի ձևավորմանը։ Երբ մարդիկ խոսում են հայերի մասին, օրինակ՝ նկարագրում հայերին բնորոշ արտաքին հատկանիշները՝ այսպես կոչված «ֆենոտիպը»՝ գանգի ձևը, մաշկի, աչքերի ու մազերի գերիշխող գույները, մազածածկույթը, մարմնի միջին հասակը և այլն, խոսում են մի ազգի մասին, որը թերևս 2500-3000 տարի առաջ որպես մեկ ամբողջություն՝ մեկ ազգ, ձևավորվել է տարբեր ծագման բազմաթիվ ցեղերից։ Եթե ուսումնասիրենք հայերի գենային պատկերը, ապա կտեսնենք, որ տարբեր հայեր տարբեր ծագում ցույց տվող մի շարք գեներ ունեն, և չկա այսպես կոչված մաքուր «հայկական գեն»։ Սակայն այսպիսի ծագումը չի խանգարում, որ մենք այսօր հային ճանաչենք ու արտաքինից տարբերենք, օրինակ, ռուսից, ֆիննից կամ չինացուց։ Մենք հային կարող ենք շփոթել հայերին արտաքինից նմա՛ն ազգերի ներկայացուցիչների հետ։ Եվ «հայ» ասելով՝ մենք այս դեպքում հասկանում ենք ոչ թե մեզ անծանոթ այն հային, որն ապրել է Հայկական լեռնաշխարհում հայ ազգի վերջնական ձևավորումից առաջ և խոսել թեկուզ հայերենի՛ նախնական մի տարբերակով, այլ մեզ պատմականորեն ծանո՛թ հային։

Մի զարմանալի թվացող բան ասեմ։ Ո՛չ մեկ անգամ է եղել, որ ես հանդիպել եմ օտարազգի հայագետների այն քննադատությանը, որ վերաբերում է հայերենում ժամանակակից օտար, հատկապես ռուսերեն, բառերի անհարկի գործածությանը. «Ինչո՞ւ եք այդքան շատ ռուսերեն բառեր գործածում՝ ձերը թողած»։ Հիմա նաև անգլերեն օտար բառերի մասին նույնը կասեին։ Օտարազգի են, բայց, հայերենն իմանալով ու սիրելով (քանի որ հայագետ են), ուստի նաև սեփականացնելով, գիտակցում են, որ օտար անհարկի բառերի շատությունը փոխում-աղավաղում է հայոց լեզուն։ Անգամ օտարներն են այս ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ զգում։

Կարծում եմ՝ հիմա հստակ է, որ օտարաբանությունների դեմ շատերի ներքին ընդվզումն ու սրանից բխող պայքարը նույնքան բնական երևույթ են՝ սեփականը (սեփական ուրույն երգն ու կանչը) հնարավորինս անաղարտ պահելու-պահպանելու, այսինքն՝ ինքնապաշտպանական բնազդից բխած, որքան օտար լեզուներից ազդվելու անխուսափելի երևույթը։ Ուրեմն այս դեպքում գործ ունենք երկու բնական երևույթների հետ, որոնց պետք է ինչ-որ կերպ հաշտեցնել։

Ինչպես հայտնի է, տարբեր իրավիճակներում, տարբեր վայրերում ու տարբեր անձանց հետ խոսելիս մենք լեզվի տարբեր ոճ ու բառապաշար ենք գործածում։ Նույնպես ենք վարվում նաև գրավոր շարադրանք ստեղծելիս։ Եթե այն գիտական տեքստ է, ապա նրա բառապաշարն ու շարադրման ոճը տարբերվում են, օրինակ, գեղարվեստական ստեղծագործության բառապաշարից ու ոճից։ Քանի որ գիտությունը վերազգային երևույթ է՝ չկա հայկական կամ անգլիական ֆիզիկա, հայկական կամ անգլիական կենսաբանություն և այլն, ապա գիտությունը նկարագրող լեզվում օտար միջազգային եզրերի առկայությունն այնքան աչք ու ականջ ծակող չէ, որքան մի գեղարվեստական գործում։ Չնայած նրան, որ անգամ գիտական եզրերն ենք հնարավորության սահմաններում թարգմանում՝ այստեղ ծայրահեղ մաքրամոլությունն անտեղի է և երբեմն նույնիսկ խանգարող։ Սակայն ուրիշ ոճի գրվածքներում, հատկապես գեղարվեստական, ցանկալի է հնարավորինս խուսափել այն օտար եզրերից, որոնք շատ հանգիստ կարելի է փոխարինել հայերեն (կամ հնուց ի վեր իբրև հայերեն համարվող) համարժեքներով։ Որովհետև գեղարվեստորեն շարադրված լեզվի մեղեդիական պատկերը՝ հնչողությունը, նույնքան կարևոր է, որքան արտահայտված մտքերը։ Իսկ մի գիտական տեքստում կարևոր են արտահայտվող մտքերի հստակությունն ու ճշգրտությունը, և եթե այդ հստակությունն ու ճշգրտությունը չեն կարող ապահովվել միայն հայերենի միջոցներով, ապա անշո՛ւշտ պետք է օտար համապատասխան եզրերը գործածվեն։

Նաև կան առարկաներ, որոնք հայկական միջավայրին հատուկ չեն, ուստի բնավ պարտադիր չէ դրանց անունները թարգմանել։ Բանանն ու անանասը հայկական պտուղ չեն, Հայաստանում չեն աճում, կոալան ու կենգուրուն Հայաստանում չհանդիպող կենդանատեսակներ են, կաուչուկն ու պլաստմասսան նյութերի տեսակներ են, ուստի սրանք բոլորովին էլ կարիք չկա հայերեն թարգմանելու։ Սակայն «համակարգիչ»-ը, «համացանց»-ը, «խնդիր»-ը («պրոբլեմ»-ի փոխարեն), «բարդույթ»-ը և բազմաթիվ այլ այսպիսի բառեր հաջողությամբ տեղ են գտել մեր լեզվում, ինչպես դեռևս տասնամյակներ առաջ՝ «հեռախոս»-ը, «հեռուստացույց»-ը, «մշակույթ»-ը, «տնօրեն»-ը և այլն։ Շատերն այսօր չեն էլ կարող պատկերացնել, որ կար ժամանակ, երբ սրանք հայերենում չէին գործածվում, կա՛մ որովհետև պարզապես դեռ չէին ստեղծվել (ինչպես հեռախոսը, մշակույթը), կա՛մ որովհետև գործածությունից դուրս էին մղվել՝ փոխարինվելով օտար բառով (ինչպես տնօրենը, որի փոխարեն արևելահայերենում օտար «դիրեկտոր»-ն էր գործածվում)։ Իսկ հիմա հայերենը չենք պատկերացնում առանց այս բառերի։ Այնպես որ, կարծում եմ, շատ լավ է, որ լայն տարածում ունեցող բառերը հնարավորինս շատ հայացվեն։ Դրանով կկանխվի մեր լեզվի՝ օտար բառերով ավելորդ խճողումը, ուստի կկանխվի նաև հայերենի ուրույն մեղեդու աղարտումը։

Ուրեմն՝ լեզվի ընդհանուր հնչյունային պատկերը շատ չաղավաղելու, հայերենը հայերեն հնչեցնելու նպատակով ցանկալի է, հնարավորության սահմաններում, ժամանակակից օտար բառերը հայերեն թարգմանել կամ արդեն իսկ առկա հայերեն համարժեքներով փոխարինել։ Սակայն մաքրամոլության ու ծայրահեղության հասնելը նույնպես պետք է բացառել, հատկապես այնպիսի խոսքում, որը մասնագիտական ճշգրիտ եզրաբանության կարիք ունի և միայն հայերենի միջոցներով այն ապահովել հնարավոր չէ։

Օտարաբանությունների հետ «վարվելու» կանոններ

1) Եթե հանդիպեք օտարաբանության և չիմանաք՝ պե՞տք է նրան հրավիրել ձեր տուն, այսինքն՝ կիրառել հայերենում, թե ոչ, հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյոք այս օտար բառը հայերենում գործածելու անհրաժեշտություն իրոք կա՞, այս օտար բառը հայերենին անհրաժե՞շտ է»։ Եթե պատասխանը «ոչ» է, որովհետև այդ օտար բառը հանգիստ կարելի է փոխարինել հայերենում արդեն իսկ առկա բառով կամ այդ օտար բառի իմաստը ներկայացնել միայն հայերենի միջոցներով, ապա պարզ է, որ այդ օտար բառը գործածելու կարիք չունեք, որովհետև հայերենում օտարաբանություն գործածելու միակ տրամաբանական արդարացումը կարող է լինել անհրաժեշտությունը։ Եթե անհրաժեշտությունը չկա, ապա տվյալ օտարաբանությունն ավելորդ է։

2) Եթե այս հարցի պատասխանը ցույց տա հակառակը, որ, այո՛, ունե՛ք տվյալ օտար բառի կարիքը, քանի որ հայերեն համապատասխան բառ չկա կամ հայերենի միջոցներով հնարավոր չէ անհրաժեշտ իմաստն արտահայտել, ապա մտածեք հետևյալի շուրջ. հնարավո՞ր է այս օտար բառի համար ստեղծել հայերեն համարժեք։ Երբեմն հայերեն համարժեք ստեղծելը շատ հեշտ է լինում, երբեմն՝ համարյա անհնար։ Եթե հաջողվի հարմար հայերեն բառ ստեղծել, ցանկալի է այն գործածել օտար բառի փոխարեն։ Եթե չհաջողվի հայերեն հարմար բառ ստեղծել, շարունակեք օտար բառի գործածությունը, մինչև կա՛մ մեկը մի լավ հայերեն համարժեք կստեղծի, կա՛մ այդ օտար բառն այնքան կամրապնդի իր դիրքերը հայերենում, որ այն այլ բառով փոխարինելու մասին հավանաբար այլևս ոչ ոք չի մտածի։

Օտարաբանություններ

Սեդա Ստամբոլցյան

Թարգմանիչ, խմբագիր

Կիսվել

Tag Բլոգ

Tweets by AybSchool
>