Ուսման արժեք և ֆինանսական աջակցություն

2020-2021 ուստարում «Այբ» ավագ դպրոց ընդունված, ինչպես նաև «Այբ» միջին դպրոցն ավարտած ու ավագ տեղափոխվող մեկ աշակերտի ուսման առավելագույն արժեքը մեկ ուստարվա համար 2,800,000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ է, որը չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։ Դպրոցից տուն և տանից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը ներառյալ՝ 2020-2021 ուստարում «Այբ» ավագ դպրոցի ուսման առավելագույն արժեքը կազմում է 2,950,000 (երկու միլիոն ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։ Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել դպրոցի ֆինանսական բաժին։


Ուսման արժեքը ներառում է՝


• հիմնական դասապրոցեսը,
• խորացված պարապմունքները,
• ընտրովի դասընթացները,
• Դպրոցի կողմից կազմակերպվող լրացուցիչ պարապմունքները,
• օլիմպիական խմբակները
• երեքանգամյա սնունդը (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ),
• դասերին օժանդակող այցելությունները, արտագնա դասընթացները:

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ»-ի մշակած և կյանքի կոչած կրթաթոշակային համակարգը հավասար հնարավորություն է ընձեռում բոլոր աշակերտներին, անկախ վճարունակությունից, ուսանելու «Այբ» դպրոցում: «Այբ» դպրոց ընդունվում են ՄԻԱՅՆ ըստ քննությունների և հարցազրույցի արդյունքների: Ընդունելության փուլը հաջող անցնելուց և ընդունված աշակերտների ցուցակում հայտնվելուց հետո աշակերտի ծնողը/խնամակալը կարող է դիմել «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողովին՝ ուսման տարեկան վարձի որոշակի չափ սահմանելու ակնկալիքով: Ֆինանսական աջակցության որոշումը կախված չէ աշակերտի հավաքած քննական միավորներից կամ նրա հետագա առաջադիմությունից, այլ միայն ու միայն ընտանիքի ֆինանսական կարիքներից:

Աշակերտի վճարունակությունը որևէ առավելություն չի տալիս կամ խոչընդոտ չի ծառայում ընդունելության ժամանակ: Նույն կերպ՝ աշակերտի թույլ կամ բարձր առաջադիմությունը չի ենթադրում ուսման արժեքի չափի ավելացում կամ նվազեցում:

Կրթաթոշակային ֆոնդը ձևավորվում է «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման ջանքերի արդյունքում, անհատ և կորպորատիվ հովանավորների կողմից հատուկ «Այբ» աշակերտներին կրթաթոշակ տրամադրելու նպատակով նվիրաբերվող գումարներից:

Ինչպես են կայացվում ֆինանսական աջակցության որոշումները

Այն բանից հետո, երբ աշակերտն ընդունվում է «Այբ» դպրոց, ծնողը/խնամակալը լրացնում է համապատասխան դիմում-հայտ, որում ներկայացնում է ընտանիքի ֆինանսական դրությունը, և դիմումը հանձնում Այբ կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողովին: Դիմումին կցվում է ծավալուն փաստաթղթերի շարք, ուր ներկայացվում են ընտանիքի իրական/փաստացի եկամուտները, ծախսերը, գույքի ու սեփականության մասին ինֆորմացիա, այլ տեղեկություններ, որոնք կօգնեն ֆինանսական աջակցության հանձնաժողովին գնահատելու ընտանիքի վճարունակությունը: Ընտանիքի վճարունակությունը որոշելիս հանձնաժողովը հիմնվում է հետևյալ ինֆորմացիայի վրա.

  1. Ծնողների/խնամակալների վճարունակություն։ Օրինական ներկայացուցիչը երեխայի կրթության իրավունքի ապահովման առաջին երաշխավորն է, ուստի անհրաժեշտություն է առաջանում գնահատելու նախ օրինական ներկայացուցչի վճարունակությունը: Ծնողների վճարունակությունը գնահատենք x:
  2. Մոտ բարեկամների, ընկերների կողմից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը։ Եթե, ըստ ներկայացված տեղեկությունների, ընտանիքն ունի կամ կարող է ունենալ ֆինանսական աջակցություն մոտ բարեկամներից կամ ընկերներից, ապա հանձնաժողովը հաշվի է առնում նաև այդ փաստը: Մոտ բարեկամների / ընկերների կողմից հնարավոր աջակցությունը գնահատենք y:
  3. Ունենալով x + y գումարը՝ ֆինանսական աջակցության հանձնաժողովը որոշում է ուսման վարձի տարեկան չափը (z): z գումարը կարող է լինել 10,000 դրամից մինչև ուսման սահմանված առավելագույն վարձը:

Ուշադրություն։ Եթե կրթաթոշակ ստացած աշակերտի՝ «Այբ» ավագ դպրոցում սովորելու ողջ ընթացքում երբևէ հայտնաբերվի, որ սույն հայտը լրացնելիս տրամադրվել են կեղծ կամ թերի տեղեկություններ, ապա դա կարող է հանգեցնել ուսումնառության մասին պայմանագրի անհապաղ դադարեցմանը՝ օրինական ներկայացուցչի կողմից ուսման առավելագույն վարձի վճարմանը` որպես տուգանք, և աշակերտի անհապաղ հեռացմանը «Այբ» ավագ դպրոցից:

2020-2021 ուսումնական տարվա «Այբ» ավագ դպրոցի ֆինանսական աջակցության հայտը՝ ստորև՝

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ

Tweets by AybSchool
>