Ինչպես քննական շրջանում ավելի քիչ անհանգստանալ ու լավ հանձնել քննությունները

Քննությունների ընթացքում շատերս ժամանակի սղության պատճառով կորցնում ենք կապն ընկերների հետ, երբեմն տխրում առանց որևէ էական պատճառի, կորցնում ինչ-որ բան անելու շահադրդումը, իսկ ամենից հաճախ խախտվում է քնի ռեժիմը, անընդհատ արթնանում ենք գիշերվա ընթացքում։ Այս ամենի պատճառն այն է, որ մենք չափազանց շփոթված ու լարված ենք, մեզ անընդհատ թվում է, թե լավ չենք պատրաստվել քննություններին (կամ ժամանակը չի հերիքում լավ պատրաստվելու համար), թվում է, թե ամենայն հավանականությամբ չենք կարողանա հանձնել դրանք և այլն։

Ինչպե՞ս քննական շրջանում ավելի քիչ անհանգստանալ ու հնարավորինս լավ հանձնել քննությունները։

  1. Շատ կարևոր է ժամանակի մեծ մասը հատկացնել պատրաստվելուն։ Որպեսզի սա արդյունավետ լինի, հարկավոր է խուճապի մատնվելու ու շփոթվելու փոխարեն կազմել հստակ գրաֆիկ, որով առաջնորդվելու եք քննությունների ընթացքում։ Պարզեք, թե յուրաքանչյուր առարկայի համար ձեզ որքան ժամանակ է պետք լիովին պատրաստ լինելու համար, ամեն օր կատարեք ինչ-որ քանակի աշխատանք։ Վերջին գիշերվա ընթացքում ամբողջ նյութը սովորելն այս դեպքում լավագույն այլընտրանքը չէ։
  2. Երբեմն բավականին հետաքրքիր ու հեշտ է լինում քննություններին պատրաստվել ընկերների հետ, ոչ թե միայնակ։ Նախևառաջ՝ շահադրդող կլինի միջավայրը՝ շուրջն այնպիսի մարդկանց ունենալը, որոնց հետ ունեք միևնույն նպատակներն ու տեսակետները։ Սա կնպաստի նաև մեծ աջակցությանն ընկերների կողմից, ինչպես նաև հնարավորություն կտա միմյանցից փոխադարձաբար սովորելու։
  3. Եթե, այնուամենայնիվ, որոշել եք միայնակ աշխատել, ապա ընտրեք այնպիսի տարածք, որը կլինի հանգիստ։ Աղմկոտ միջավայրը ձեզ անընդհատ շեղելու է ու խանգարելու։ Ընտրեք մեծ սենյակ, որը, ըստ ձեզ, տրամադրում է սովորելու։ Սակայն անընդհատ մի՛ սովորեք նույն սենյակում, պարբերաբար փոխե՛ք պարապելու վայրը։
  4. Նյութն ավելի ակնառու դարձնելու համար հիանալի տարբերակ են մտաքարտեզները։ Դրանք վառ ու պատկերավոր են, կարող են օգնել ցանկացած պահի, երբ որևէ բան մոռանում եք։ Սրանց առկայության դեպքում այլևս կարիք չկա գիրքը երկար թերթելու։
  5. Սովորելու ընթացքում անընդհատ ընդմիջումներ վերցրեք։ Հրաշալի կլինի, եթե քայլելուց բացի նաև կատարեք որոշ ֆիզիկական վարժություններ։ Ազատ ժամանակը կարելի է անցկացնել նաև ընկերների հետ, և եթե սկսեք ձեզ գերհոգնած զգալ, ավելի ճիշտ կլինի ինչ-որ ժամանակով հեռանալ գրքերից։
  6. Օգնությո՛ւն խնդրեք ուսուցիչներից։ Երբեք մի՛ վախեցեք օգնության խնդրանքով նրանց դիմելուց, և եթե որևէ թեմայի վերաբերյալ պարզաբանման կարիք կա, խոսե՛ք նրանց հետ դրա մասին։
  7. Կարգավորե՛ք քունը։ Հանգիստը շատ լավ է ձեր ուղեղի համար։ Փորձե՛ք գիշերը քնել լիարժեք՝ ապահովե՛ք 8-ժամյա քուն և խուսափե՛ք մինչև ուշ գիշեր կամ վաղ առավոտ պատրաստվելուց։ Քունը կենսական նշանակություն ունի քննության մեջ հաջողության հասնելու համար։
  8. Քննության ողջ պատրաստությունները նախօրո՛ք արեք։ Այն ամենը, ինչ ձեզ պետք է գալու քննության օրը, ցանկալի է պայուսակում պատրաստ ունենալ նախորդ գիշերը։ Հիմնականում կարող են պետք գալ գրիչներ, հաշվիչ, ջուր և նշաթերթիկներ։
  9. Քննությունից առաջ կարևոր է շուտ արթնանալ ու նախաճաշել նույնիսկ այն դեպքում, երբ դուք չեք սիրում նախաճաշել։ Սովը կարող է դանդաղեցնել ուղեղի աշխատանքը։
  10. Երբ արդեն քննական սենյակ պետք է մտնեք, ավելի լավ է չքննարկեք ընկերների հետ այն, թե ինչ եք սովորել ու ինչ գիտեք։ Շատ հնարավոր է, որ ամեն մեկդ սովորեք տարբեր կերպ ու տարբեր մեթոդներով ու վերջին վայրկյանին քննարկումն ավելի շփոթեցնի ձեզ։ Ճիշտ կլինի լուռ սպասել քննության մեկնարկին, իսկ քննության ընթացքում ուշադիր հետևել ժամանակին։ Որևէ հարցի պատասխանը չիմանալու դեպքում լավ է անցնել առաջ, հետո վերադառնալ դրան։ Քննասենյակից շուտ դուրս մի՛ եկեք, օգտագործե՛ք ողջ տրված ժամանակը ձեր աշխատանքը լիովին ստուգելու ու հարցերին լիարժեք պատասխանելու համար։

Քննություններին պատրաստվելիս դուք կարող եք սահմանել ձեզ հարմար կանոններ, քանի որ միշտ քննություններ եք տալու, և փորձառությունն ու կազմակերպվածությունը երբեք չեն խանգարի։

Շուշիկ Մանուկյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>