Էլլա Ավագյանի փոդքաստային նախագիծն արժանացավ «Գրանիշի» հատուկ մրցանակի

«Փոդքաստ մշակույթի զարգացման և ժամանակակից հայ գրականության ձայնը դառնալու համար» «Այբ» դպրոցի 12-րդ դասարանցի Էլլա Ավագյանն արժանացավ «Գրանիշ» գրական համայնքի հատուկ մրցանակին։ «Յան» փոդքաստային նախագծի շրջանակում Էլլան ձայնվածքի («փոդքաստի») է վերածում հայ ժամանակակից հեղինակների պատմվածքները։ Փոդքաստային թողարկումները հրապարակվում են «Գրանիշի» կայքում, որն այս տարի ունեցել է մեկ միլիոն դիտում։ «Գրանիշը» հայկական առցանց տիրույթում ամենահայտնի և մեծ լսարան ունեցող հարթակն է։

«Յան» նախագիծն իրականացվում է «Այբ» դպրոցի հասարակական գործունեության մեդիա թիմի կողմից և բացառապես աշակերտների ջանքերով ու նախաձեռնությամբ։ Էլլա Ավագյանը նախագծի հեղինակն ու կատարողն է։ Փոդքաստների ձայնային հնչյունավորումը կատարում է 11-րդ դասարանցի Էմմա Հովսեփյանը։ Հրապարակվել է արդեն ութ թողարկում։ «Այբ» դպրոցի և «Գրանիշի» գործակցության արդյունքում դպրոցի մեդիա թիմի ստեղծած փոդքաստների ունկնդիրների թիվը կրկնապատկվել է, աշակերտների ոգևորությունը՝ բազմապատկվել։ Երկրորդ եթերաշրջանում Էլլան և Էմման խոստանում են նոր որակի փոդքաստներ։

Կամավորության սկզբունքով հասարակական գործունեությունը «Այբ» աշակերտի անշահախնդիր, անհատույց գործունեության այն ձևն է, որի նպատակն է աշակերտին ձևավորել որպես պատասխանատու քաղաքացի, որն անտարբեր չէ իր շրջապատի նկատմամբ և կարող է իր հոգատարությամբ ու նախաձեռնողականությամբ առավելագույն արդյունք ու հիմնարար փոփոխություն ստեղծել իր շուրջ: Դպրոցում գործում են 12 հասարակական գործունեության թիմեր։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>