Data Analytics ակումբի աշակերտները պատրաստում են Exel-ի տեսադասեր

Data Analytics ակումբի բացումը ոգևորիչ էր շատ աշակերտների համար, ուստի աշակերտների քանակն ակումբում գերազանցեց նախնական սահմանված չափը։ Սա նշանակում էր, որ մեր աշխատանքի բաժանումը այլ կերպ կատարվեց․ ընտրեցինք նախագծի ղեկավար, ղեկավարի օգնական և հանրային կապերով զբաղվողներ։ Այս ամենից հետո մեր թիմը որոշեց մշակել նախագիծը, որ պետք է իրականացնեինք։ Առաջին երկու ամիսների ընթացքում մենք ուսումնասիրեցինք Excel էլեկտրոնային հարթակը, դրա ֆունկցիաները, կիրառությունը մանրամասնությամբ, քանի որ նախագծի ցանկացած թեմայի ընտրության դեպքում մեզ խիստ անհրաժեշտ էր դրա իմացությունը։ Միևնույն ժամանակ սկսեցինք մտածել նախագծի թեմայի ընտրության շուրջ․ որոշել էինք իրականացնել մեր նախագիծը երիտասարդության շրջանում ծխախոտի տարածվածության, դրա հետևանքների մասին։ Սակայն սա բավականին անիրատեսական էր, ուստի որոշվեց փոխել նախագիծը։ Այժմ, հասկանալով, որ տվյալների վերլուծություն հնարավոր չէ իրականացնել առանց բավականաչափ տվյալների (որոնք մենք ինքնուրույն հավաքել չէինք կարող) և արդեն իսկ վերլուծված տվյալներով, նպատակահարմար համարեցինք Instagram հարթակում Excel-ի հայալեզու էջ բացել, քանի որ բոլոր դասընթացներն օտարալեզու էին։ Instagram-ի մեկ րոպեանոց հոլովակները հնարավորություն կտային արագ ու մատչելի ձևով նյութը յուրացնելու, ինչպես նաև արագ կտարածվեին։

Նախքան բուն էջում հրապարակումներ անելը մենք նախագծեցինք՝ ինչպիսի հրապարակումներ պետք է կատարեինք։ Ավելի հարմար և հետաքրքիր բովանդակություն ստեղծելու համար որոշեցինք հրապարակումները բաժանել մի քանի մասի՝ թեմատիկ տեսահոլովակի և խիստ տեղեկատվական ու հումորային գրառումների։ Այնուհետև թիմը բաժանեցինք մի քանի խմբի՝ հոլովակների համար համապատասխան տեքստ պատրաստողներ, հոլովակները մոնտաժողներ, ձայնագրողներ, գրառումները պատրաստողներ։ Դեկտեմբերին բացեցինք մեր էջը։ Քանի որ ունեինք արդեն գիտելիքի բավարար պաշար, սկսեցինք նախագծի իրականացումը։ Թիմի յուրաքանչյուր խումբ աշխատում է մինչ օրս պատշաճ կերպով իր գործունեությամբ՝ մշակում գրառումները և դրանք ժամանակին հրապարակում (ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ)։

Չնայած բուն նախագծի իրականացումից անցել է ընդամենը 2-3 ամիս, մենք արդեն իսկ այն համարում ենք հաջողություն ձեռք բերած և տեսնում ենք մեր աշխատանքների արդյունքը, քանի որ այս կարճ ժամանակում հասցրել ենք ձեռք բերել 1300-ից ավելի հետևորդ, և օրական դրանք ավելի արագ են ավելանում։ Վերջին ամսվա ընթացքում մեր էջը հասանելի է դարձել 33 հազար օգտատերի, իսկ վերջին երկու հոլովակներն ունեցել են համապատասխանաբար 24,3 հազար և 13,2 հազար դիտումներ։

Սրանից թիմն ավելի ու ավելի է ոգևորված՝ նոր հրապարակումներ կատարելու և ավելի շատ ճանաչվածություն ձեռք բերելու։ Հանրային կապերով զբաղվողներն էլ ավելի շահագրգռված են՝ նոր միջոցներով և ավելի մտերմիկ հարթակ ստեղծելու հետևորդների համար և նրանց ցանկություններին համարժեք գրառումներ կատարելու։ Վերջին օրերին ստացել ենք նաև անձնական նամակներ կամ մեկնաբանություններ որոշ խնդրանքներով և հարցերով, որոնք վառ ապացույցն են նախագծի հաջողված լինելու, ինչպես նաև ոգևորում են մեզ՝ աշխատանքները նոր ուժերով և գաղափարներով շարունակելու։ Ուստի թիմի խմբերից յուրաքանչյուրը ջանասիրաբար կատարում է իրեն բաժին ընկած աշխատանքը՝ փորձելով ամեն հաջորդ հրապարակման մեջ ավելի շատ հետաքրքրություն ստեղծել:

Այսպիսով՝ մենք օրեցօր ավելի ենք շահադրդվում մեր նախագծի աշխատանքներով և վստահաբար կարող ենք ասել, որ ուրախ և հպարտ ենք հենց այս ակումբի անդամը լինելու համար և անհամբեր սպասում ենք հետագա արդյունքներին։

Հետևե՛ք մեր էջին` data_ayb :)

Data Analytics ակումբ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>