Ամանորի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ 2022

«Այբ»-ը բացում է դռներն ամանորյա հրաշքի առաջ ու հրավիրում բոլորին մասնակցելու դպրոցական մեծ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի, որի կազմակերպիչը «Այբ»-ի շրջանավարտների ակումբն է։ Շտապեք ամրագրել դեկտեմբերի 18-ը Ձեր նախատոնական օրացույցում և եկեք «Այբ»՝ միասին պարուրվելու ամանորյա տրամադրությամբ։ Ձեզ սպասում են գեղեցիկ տոնական ժամանցային ծրագիր և սննդի ու ձեռագործ իրերի ցուցահանդես-տոնավաճառ։

Եվ այսպես, «Այբ»-ի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառում կգտնեք ինչպես աշակերտական ձեռագործ արտադրանք և համեղ տոնական սնունդ, այնպես էլ տարբեր կազմակերպությունների առաջարկած ապրանքների ու պարագաների տեսականի։

Իսկ ովքե՞ր կարող են տաղավար ամրագրել «Այբ»-ի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառում։

Ամեն տարի «Այբ» դպրոցի աշակերտների, ծնողների և համայնքի այլ անդամների կողքին իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն ունեն նաև այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ձեռագործ իրերի՝ կավե, փայտյա և այլ նյութերից ձեռակերտ առարկաների արտադրությամբ և պատրաստ են իրենց ներդրումն ունենալու կրթական որակի բարելավման մեջ։ Եթե ավարտելով նախորդ նախադասությունը՝ հասկացաք, որ երկու նախապայմաններին էլ համապատասխանում եք, ապա Դուք հավանաբար ամանորյա բարեգործական տոնավաճառի մասնակից կարող եք դառնալ։

Մասնակցության պայմաններին ու կարգին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հղմամբ և գտնել գրանցման ու վաճառասեղանների ամրագրման համար նախատեսված ձևաթուղթը։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել կազմակերպիչների հետ հետևյալ էլհասցեով՝ [email protected]։

Ինչո՛ւ մասնակցել «Այբ»-ի ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին

«Այբ»-ը ստեղծվել է հարյուրավոր մարդկանց անշահախնդիր նվիրատվության արդյունքում։ Սրանք մարդիկ են, որ հավատացել են կրթության ուժին։ Այսօր մեր շրջանավարտներն են ստանձնում պատասխանատվություն՝ շարունակելով նպաստել դպրոցի բարեկարգմանն ու բարելավմանը։

Ամենամյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի հասույթն ուղղվում է դպրոցի համար կարևոր որևէ խնդրի լուծմանը։ Այս տարի բարեգործական ֆոնդահայթայթման նպատակը դպրոցի փոքրիկների մարզադահլիճի կահավորման թարմացումն է, մասնավորապես պաշտպանիչ շերտերի (safety padding) և ձայնամեկուսացման համակարգի ներդրումը:

Անհամբեր սպասում ենք բոլորիդ մեր հյուրընկալ այբական տանը։

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>