Արվեստի շաբաթը «Այբ»-ում

Ուսումնական տարվա վերջին ամիսը արվեստով լի էր «Այբ» դպրոցում: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես՝ ավանդույթ դարձած Արվեստի շաբաթը տեղի ունեցավ մայիս ամսին:

Մայիսի 10-13-ը արվեստի առարկայախմբի աշակերտները հանդես եկան հաշվետու բեմադրություններով, համերգներով, նկարչական ցուցահանդեսներով և աշխատարաններով:

Սկիզբն ազդարարվեց պարախմբերի ելույթներով, որոնք ուղեկցվեցին օլիմպիադաներում մրցանակակիր դարձած, այբական սկզբունքներին համապատասխանող, նաև հասարակական թիմերում ակտիվությամբ աչքի ընկած աշակերտների ամենամյա մրցանակաբաշխությամբ: Սրանից ընդամենը մեկ օր անց «Հայաստան» դահլիճի բեմը վերածվեց թատրոնի բեմի։ Բեմարվեստի խմբերը ներկայացան 3 տարբեր ներկայացումներով՝ «Մուլտֆիլմերում խոսում ենք հայերեն», «Հայկական ֆիլմերի կոլաժներ», «Ժամանակակից պիեսների կոլաժներ»:

Ժամանակացույցը բավական հագեցած էր: Բեմարվեստին հաջորդեց նկարչական ցուցահանդեսը, որտեղ 1-12-րդ դասարանների աշակերտները ներկայացրին իրենց ամբողջ տարվա ստեղծագործական աշխատանքները: Այս տարին բացառիկ էր նրանով, որ արվեստների առարկայախմբի ղեկավար Մարի Ադամյանի ջանքերով և շնորհիվ ունեինք շատ տարբերվող քանդակ և հարթաքանդակ, որոնց հեղինակը 11-րդ դասարանցի Ալինա Սարգսյանն է։ Իմիջիայլոց, քանդակը խոսում էր. կար QR կոդ, որի միջոցով այցելուները լսում էին, թե ինչի մասին է մտածում այդ համակրելի կերպարը։

Վերջին օրը բոլորը հնարավորություն ունեցան վայելելու բարձրաճաշակ երաժշտություն՝ «Այբ»-ի երաժշտախմբի կատարմամբ:

Այսպիսով՝ առօրյա հոգսերից մի փոքր կտրվելով՝ «Այբ» դպրոցի համայնքի ներկայացուցիչները և հյուրերը վայելեցին արվեստի տարբեր ժանրերի յուրօրինակ կատարումներ՝ մեր աշակերտների ներկայացմամբ:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>