Արցախյան շաբաթ «Այբ»-ում

2022-23 ուսումնական տարին «Այբ» ավագ դպրոցում աշակերտների նախաձեռնությամբ հայտարարվել է «Արցախի տարի», և Արցախին նվիրված միջոցառումներին՝ հետաքրքիր և ուսանելի նախագծերին, մասնակցել են բազմաթիվ աշակերտներ։

Դրանցից էր 10-րդ դասարանի աշակերտ Էրիկ Ճաղարյանի «Արցախյան շաբաթ» նախագիծը, որի մասնակիցները ստացան հարուստ գիտելիքներ Արցախի մասին։ Նախագիծն օգտակար էր նրանով, որ աշակերտները հնարավորություն ունեցան նորովի ծանոթանալու Արցախի պատմությանը, մասնավորապես նրա մշակույթին։ Չէր մոռացվել նաև արցախյան խոհանոցը, որի համբավը տարածված է ամենուր։

Շաբաթը սկսվեց «Համայնքի ժամին» Արցախի պատմությունը ներկայացնող սահիկաշարով, որի շնորհիվ աշակերտները ստացան հստակ գիտելիքներ հայոց այս հինավուրց երկրամասի մասին։

Հաջորդ օրը «Հայաստան» դահլիճում աշակերտներին ներկայացվեց Արցախի հանրահայտ ժենգյալով հացի պատրաստման արարողությունը, որից հետո բոլոր աշակերտները կարողացան մեծ հաճույքով համտեսել այն։

Երրորդ օրը կազմակերպվեց Արցախին նվիրված հետաքրքիր հարցախաղ, որին մասնակցեց երկու թիմ։ Մեկը աշակերտների թիմն էր, մյուսը՝ ուսուցիչներինը։ Թիմերին տրվեցին բազմաթիվ հարցեր Արցախի վերաբերյալ։ Պարզվեց, որ երկու թիմերն էլ հավասարազոր էին, ուստի պարտվող չեղավ. հաղթեց գիտելիքը։

Շաբաթվա ընթացքում՝ հինգշաբթի օրը, դպրոցի Ա մասնաշենքում գործեց արվեստի անկյունը, որտեղ թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները կարող էին հետաքրքիր ժամանակ անցկացնել և, իհարկե, ի ցույց դնել իրենց շնորհքը՝ նկարելով Արցախին նվիրված որևէ թեմայով նկար։ Ավելի համարձակներն իրենց «գլուխգործոցներով» կարողացան նաև մասնակցել կազմակերպված մրցույթին։ Իսկ արդեն հաջորդ և վերջին օրը «Հայաստան» դահլիճում ամփոփվեցին շաբաթվա արդյունքները, և ներկայացվեցին նախորդ օրվա մրցույթի հաղթողները։ «Լավագույն ոճ» անվանակարգում առաջին տեղը գրավեց 10-րդ դասարանի աշակերտ Արամ Մկրտչյանի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու նկարը։ «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում առաջին տեղին արժանացավ 10-րդ դասարանի աշակերտ Տաթև Գրիգորյանի նկարը։ «Ամենաարտահայտիչ դեմքով տատիկ-պապիկի նկար» անվանակարգում հաղթեց 10-րդ դասարանի աշակերտ Լեոն Խաչատրյանը։ «Լավագույն նկար» անվանակարգում առաջին տեղը գրավեց կրկին Տաթև Գրիգորյանը։

Խորհրդանշական էր այն փաստը, որ շաբաթը համընկավ Հայոց զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձին։ Այն փաստորեն մի յուրօրինակ նվիրում եղավ Արցախյան գոյամարտում զոհված հայորդիների հիշատակին։

Ինչ խոսք, շաբաթն արդյունավետ էր, նորություններով լի և կմնա բոլոր մասնակիցների հիշողության մեջ։ «Արցախյան շաբաթը» գնաց, սակայն Արցախը մնաց բոլորիս սրտերում։

Մհեր Ենգիբարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>