Հավաքվենք դպրոցում․ շրջանավարտներն ու բարերարները մեկ օրով վերապրեցին դպրոցական կյանքը

«Բարի վերադարձ տուն» խոսքով էր դպրոցում հավաքվող շրջանավարտներին դիմավորում տնօրեն Դավիթ Սահակյանը։ Մի ամբողջ օր դպրոցը լի էր 2014-2021 թվականների շրջանավարտներով։ «Այբ»-ի շրջանավարտների ակումբը նախաձեռնել և կազմակերպել է «Հավաքվենք դպրոցում» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր սերունդների միջև կապը ամրագրել, նպաստել մենտորների ու սաների շփումներին։

Օրակարգը հագեցած և հետաքրքիր էր։ Սկզբում ավագ շրջանավարտները ծանոթացան կրտսեր սերունդների հետ, հետո զրույց-ծանոթությունները շարունակվեցին «Այբ» բարերարների հետ։

Այնուհետև օրվա ամենաթեժ հատվածն էր․ սկսվեցին ֆուտբոլի և բասկետբոլի մրցաշարերը, թիմերում ներգրավված էին շրջանավարտները և բարերարները։ Շրջանավարտների մի խումբ էլ նախընտրեց վոլեյբոլի և սեղանի ամենատարբեր ու զվարճալի խաղերը՝ զուգահեռաբար նաև քաջալերելով այբեցի «ֆուտբոլիստներին, վոլեյբոլիստներին ու բասկետբոլիստներին»։

Շրջանավարտների օրվա «համով» հատվածն էլ ապահովում էին դպրոցի խոհարարն ու տնտեսվարը։ Նրանց պատրաստած հոթդոգները շրջանավարտների համար դպրոցական տարիների հիշողություններից են, որոնք Այբական խաղերի խորհրդանիշն էին։

Խաղերի արդյունքներն ամփոփելուց և մրցանակաբաշխությունից հետո բոլորս շտապեցինք «Այբ»-ի գաղափարակիր, համահիմնադիր Մեսրոպ քահանա Արամյանի հետ զրույցին։ Մինչև ուշ գիշեր քննարկեցինք արժեքաստեղծ թեմաներ։

Օրն այնպես անցավ, կարծես ոչինչ էլ չէր փոխվել, կարծես բոլորս դեռ սովորում էինք մեր հարազատ դպրոցում։ Ինչպես միջոցառման խորագիրն է հուշում, հավաքվենք դպրոցում նորից ու շուտով։

Էլլա Ավագյան, 2021 թ. շրջանավարտ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>