«Այբ»-ի շրջանավարտների «Կամար» երգչախմբի մենահամերգ

Երկար դադարից հետո «Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը վերադարձավ մեծ բեմ: «Կամար» երգչախմբի մենահամերգը տեղի ուենցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

9 տարվա պատմություն ունեցող երգչախումբը բազմաթիվ հնչեղ համերգներ է ունեցել հայաստանյան և արտասահմանյան բեմերում՝ Ֆրանսիայից Հունաստան:

Այժմ որոշ դադարից հետո երգչախումբը դարձյալ վերադարձավ համերգային գործունեության` նոր խորհրդանշական անունով` «կամար» կապելով այբական տարբեր սերունդների միջև։ «Այբ» շրջանավարտների «Կամար» երգչախմբի խմբավարն է մեներգչուհի, «Գեղարդ» երգեցիկ խմբի հիմնադիր և խմբավար Անահիտ Պապայանը։

Համերգի ծրագիրը ներառում էր հայ հոգևոր և աշխարհիկ երգերի մշակումներ։ Միջնադարյան հեղինակներից հնչեցին Մովսես Խորենացու, Կոմիտաս Աղցեցու, Ներսես Շնորհալու, Հակոբ Կլայեցու շարականներն ու տաղերը` Կոմիտասի, Մակար Եկմալյանի և Երվանդ Երկանյանի խմբերգային մշակումներով։

Աշխարհիկ երգերն ընտրված էին դարձյալ Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Երվանդ Երկանյանի, ինչպես նաև Կարա-Մուրզայի, Բարսեղ Կանաչյանի, Գրիգոր Սյունու, Թաթուլ Ալթունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Ստեփան Լուսիկյանի ժառանգությունից։

«Այբ»-ի երգչախմբի մասին

«Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը հիմնադրվել է 2014 թվականին: Հասցրել է մենահամերգներ ունենալ Հայաստանում և արտերկրում։ 2015 թվականին, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ, անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի առաջարկով «Այբ« դպրոցի աշակերտների և շրջանավարտների երգչախմբերը միասին մեկնեցին Ֆրանսիա, որտեղ ելույթներով հանդես եկան երեք քաղաքներում` Տուկեում, Բապոմում և Փարիզում։ Ուղևորության նպատակը հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անդաստան» ստեղծագործության համատեղ կատարումն էր «Միրզոյան» լարային քառյակի, Երևանի Ֆրանսիական դպրոցի երգչախմբի և կոմպոզիտորի հետ, որը նաև դաշնակահարն էր։

Փարիզում համերգը կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում, որտեղ «Այբ»-ի երգչախումբը նաև հանդես եկավ առանձին ելույթով` ներկայացնելով հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ։

Հիշարժան է 2016 թվականի ուղևորությունը Հունաստան, ուր «Այբ»-ի շրջանավարտների երգչախումբը հրավիրված էր Պատմոս կղզում մասնակցելու հոգևոր երաժշտության փառատոնի։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>