ՀՏՀ

 

       Վճարային համակարգ       

 

2018 թ. հունվարի 1-ի դրությամբ դպրոցի բոլոր բաղադրիչներում՝ տարրական, միջին և ավագ, մեկ աշակերտի ուսման արժեքն է 2մլն 800 հազ. դրամ:

«Այբ» դպրոցը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց է, կարգավիճակով՝ հիմնադրամ (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ), ստեղծվել է բացառապես բարերարների աջակցությամբ, և ուսման ողջ գումարն օգտագործվում է երեխաներին լավագույն կրթությամբ ապահովելու համար։ Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ արտոնություներ, ինչպես նաև «Այբ» ավագ դպրոցում գործում է ֆինանսական աջակցության ծրագիր:

Աշակերտի վճարունակությունը որևէ առավելություն չի տալիս կամ խոչընդոտ չի ծառայում ընդունելության ժամանակ: Նույն կերպ՝ աշակերտի թույլ կամ բարձր առաջադիմությունը չի ենթադրում ուսման արժեքի չափի ավելացում կամ նվազեցում:

Ուսման արժեքը ներառում է՝

• հիմնական դասապրոցեսը,

• խորացված պարապմունքները,

• ընտրովի դասընթացները,

• լրացուցիչ պարապմունքները,

• օլիմպիական խմբակները,

• սնունդը (նախաճաշ, ճաշ, հետճաշիկ),

• դասերին օժանդակող այցելությունները, արտագնա դասընթացները:

«Այբ» ավագ դպրոցը սոցիալական ծրագիր է և դպրոցում ուսանելու հավասար հնարավորություն է ընձեռում ընդունված բոլոր աշակերտներին՝ անկախ ընտանիքի վճարունակությունից:

Ֆինանսական աջակցության ծրագիր: Այն բանից հետո, երբ աշակերտն ընդունվում է «Այբ» դպրոց, ծնողը/խնամակալը ներկայացնում է համապատասխան դիմում-հայտ, որում արտացոլվում է ընտանիքի ֆինանսական դրությունը, և դիմումը հանձնում ֆինանսական աջակցության հանձնաժողովին, որն էլ հայտի հիման վրա որոշում է կայացնում ֆինանսական աջակցության չափի վերաբերյալ:

Այսօր «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 75%-ից ավելին սովորում է ֆինանսական աջակցությամբ: Կարդացեք ավելին:

Ուշադրություն։ Աշակերտի թույլ կամ բարձր առաջադիմությունը չի ենթադրում ուսման արժեքի չափի ավելացում կամ նվազեցում:

Ուշադրություն։ «Այբ»-ի ֆինանսական աջակցության ծրագիրը չի գործում «Այբ» տարրական և միջին դպրոցներում:

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ»-ի մշակած և կյանքի կոչած կրթաթոշակային համակարգը հավասար հնարավորություն է ընձեռում բոլոր աշակերտներին, անկախ վճարունակությունից, ուսանելու «Այբ» դպրոցում: «Այբ» դպրոց ընդունվում են ՄԻԱՅՆ ըստ քննությունների և հարցազրույցի արդյունքների:

Ընդունելության փուլը հաջող անցնելուց և ընդունված աշակերտների ցուցակում հայտնվելուց հետո աշակերտի ծնողը/խնամակալը կարող է դիմել «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողովին՝ կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում՝ ամբողջական կամ մասնակի) ստանալու ակնկալիքով: Ֆինանսական աջակցության որոշումը կախված չէ աշակերտի հավաքած քննական միավորներից կամ նրա հետագա առաջադիմությունից, այլ միայն ու միայն ընտանիքի ֆինանսական կարիքներից:

Այն բանից հետո, երբ աշակերտն ընդունվում է «Այբ» դպրոց, ծնողը/խնամակալը լրացնում է համապատասխան դիմում-հայտ, որում ներկայացնում է ընտանիքի ֆինանսական դրությունը, և դիմումը հանձնում ֆինանսական աջակցության հանձնաժողովին: Դիմումին կցվում է ծավալուն փաստաթղթերի շարք, ուր ներկայացվում են ընտանիքի իրական/փաստացի եկամուտները, ծախսերը, գույքի ու սեփականության մասին ինֆորմացիա, այլ տեղեկություններ, որոնք կօգնեն ֆինանսական աջակցության հանձնաժողովին գնահատելու ընտանիքի վճարունակությունը:

Ընտանիքի վճարունակությունը որոշելիս հանձնաժողովը հիմնվում է հետևյալ ինֆորմացիայի վրա՝

  • Ծնողների/խնամակալների վճարունակություն։ Մենք ծնողներին դիտում ենք որպես երեխայի առաջին հովանավորներ և նախևառաջ գնահատում նրանց վճարունակությունը: Ծնողների վճարունակությունը գնահատենք x:
  • Մոտ բարեկամների, ընկերների կողմից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը։

Եթե, ըստ ներկայացված տեղեկությունների, ընտանիքն ունի կամ կարող է ունենալ ֆինանսական աջակցություն մոտ բարեկամներից կամ ընկերներից, ապա հանձնաժողովը հաշվի է առնում նաև այդ փաստը: Օրինակ՝ եթե դիմումի մեջ նշվում է, որ երեխաների հանգիստն ամեն ամառ հովանավորում է մորաքույրը, ապա հանձնաժողովը ենթադրում է, որ նույն մորաքույրը կարող է աջակցությունն ուղղել երեխաների կրթությանը: Կամ եթե, ըստ ներկայացրած փաստաթղթերի, 200.000 ԱՄՆ դոլար արժողությամբ տունը գնվել է ոչ թե ծնողների, այլ տատիկ-պապիկի կողմից, ապա ենթադրվում է, որ տատիկ-պապիկն ի վիճակի են աջակցել ընտանիքին՝ երեխայի ուսման ծախսերը հոգալու նպատակով:

Մոտ բարեկամների/ընկերների կողմից հնարավոր աջակցությունը գնահատենք y: Ունենալով x + y գումարը՝ ֆինանսական աջակցության հանձնաժողովը որոշում է պակասող գումարի չափը (z), որը և փոխհատուցվում է «Այբ» դպրոցին՝ տվյալ աշակերտի ուսման ծախսերի պակասող մասը փակելու նպատակով: z գումարը կարող է լինել 10,000 դրամից մինչև ուսման արժեքի ամբողջ գումարը:

Ուշադրություն։ Եթե ֆինանսական աջակցության դիմումի մեջ նշված տեղեկությունները կեղծ լինեն և դրանց կեղծ լինելու փաստը երբևէ բացահայտվի, աշակերտն առանց որևէ նախապայմանի կամ բացառության անմիջապես կհեռացվի «Այբ» դպրոցից:

Ֆինանսական աջակցության հանձնաժողովի թափանցիկությունն ապահովելու նպատակով, «Այբ»-ից կրթաթոշակ ստացած բոլոր աշակերտների անունները հրապարակվում են մեր կայքում: Կրթաթոշակային ֆոնդի հովանավորները ստանում են հաշվետվություններ այն մասին, թե ում է տրամադրվել կրթաթոշակ:

Ուշադրություն։ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդը կարող է վերանայել սահմանված մեկ աշակերտի ուսման արժեքի չափը յուրաքանչյուր տարվա համար:

«Այբ» դպրոցը ստեղծվել է և շարունակում է ֆինանսավորվել աշխարհի տարբեր անկյուններում ապրող ու աշխատող բարերարների նվիրատվությունների շնորհիվ: Ավելի քան 200 անհատ Հայաստանից և արտերկրից միավորվել են հանուն հայկական կրթական ոլորտի զարգացման և իրենց անհատույց ներդրումները կատարել և կատարում դպրոցի շինարարության ու համալրման նպատակների և աշակերտների կրթաթոշակների համար:

«Այբ»-ի կրթաթոշակային ֆոնդը ձևավորվում է «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման ջանքերի արդյունքում, անհատ և կորպորատիվ հովանավորների կողմից՝ հատուկ «Այբ»-ի աշակերտներին կրթաթոշակ տրամադրելու նպատակով նվիրաբերվող գումարներից:
2011-2018 ուսումնական տարիներին «Այբ» ավագ դպրոցի աշակերտները ստացել են ընդհանուր 1027021943 ՀՀ դրամի (մոտ 2111450 ԱՄՆ դոլար) կրթաթոշակ (ֆինանսական աջակցություն՝ ուսման վարձի փոխհատուցման համար):

 

              Ընդունելություն

 

«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը) և 11-ամյա կրթությամբ դպրոցների 8-րդ դասարանցիները, որոնք առաջին անգամ փոխում են իրենց դպրոցական համակարգը՝ գալով «Այբ» դպրոց (միայն հիմնական կրթության վկայականի առկայությամբ):

Մենք ունենք նաև հատուկ կարգ՝ արտերկրից դիմորդների համար։

«Այբ» տարրական դպրոց կարող են ընդունվել 6-րդ տարին բոլորած երեխաները:

Աշակերտներն ընդունվում են դպրոց դիմորդների հետ հանդիպում-դասերի և ծնողների հետ զրույցների արդյունքների հիման վրա՝ տվյալ ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ: Ընդունելության գործընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ:

«Այբ» միջին դպրոց կարող են ընդունվել միայն ընթացիկ ուսումնական տարվա 6-րդ դասարանցիները և 11-ամյա կրթությամբ դպրոցների 5-րդ դասարանցիները, որոնք առաջին անգամ փոխում են իրենց դպրոցական համակարգը՝ գալով «Այբ» դպրոց, ինչպես նաև արտերկրից ժամանած դիմորդները: Աշակերտներն ընդունվում են դպրոց համաձայն հանձնած քննությունների ու հարցազրույցների արդյունքների:

Ուշադրություն։ 2018-2019 ուսումնական տարուց սկսած՝ «Այբ» միջին դպրոցում գործում է միայն լրացուցիչ ընդունելություն:

«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները, 11-ամյա կրթությամբ դպրոցների 8-րդ դասարանցիները, որոնք առաջին անգամ փոխում են իրենց դպրոցական համակարգը՝ գալով «Այբ» դպրոց, ինչպես նաև արտերկրից ժամանած դիմորդները: Աշակերտներն ընդունվում են դպրոց համաձայն հանձնած քննությունների ու հարցազրույցների արդյունքների:

«Այբ» տարրական և միջին դպրոցներում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում ուսումնական տավա ընթացքում կազմակերպվում է լրացուցիչ ընդունելություն:

«Այբ» տարրական դպրոցի լրացուցիչ ընդունելության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Այբ» միջին դպրոցի լրացուցիչ ընդունելության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուշադրություն։  «Այբ» ավագ դպրոցում լրացուցիչ ընդունելություն չկա:

«Այբ» դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ քայլի։

Քայլ 1․ Գրանցվել և մասնակցել բաց դռների օրերին:

Քայլ 2․ Մասնակցել անվճար խորհրդատվական հանդիպում-դասերի, որոնք կուղղորդեն քննություններին պատրաստվելիս:

Քայլ 3․ Ապահովել անգլերենի համար պահանջվող նվազագույն շեմը:

Քայլ 4․ Ներկայացնել ընդունելության հայտը, որը հասանելի է մեր կայքում:

 

       Կրթական ծրագիր       

 

«Այբ» դպրոցում դասավանդումը կատարվում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայկական կրթական ծրագրով՝ մշակված «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: ԱԲ-ը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ հայալեզու ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար: Ուսուցումը ԱԲ-ով կատարվում է հայոց լեզվով:

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրն ունի չորս կարևորագույն բաղադրիչ՝  

  • համակողմանի կրթություն,
  • խորացված ուսուցում,
  • արժեքներ և դաստիարակություն,
  • հմտություններ ու կարողություններ։

«Այբ» դպրոցում ամեն աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը՝ բաղկացած պարտադիր և ընտրովի առարկաներից:

«Այբ» ավագ դպրոցում առաջարկվում է 42 առարկա 8 առարկայախմբում + 8 նախագծային առարկա։

ԱԲ-ի առարկայախմբերն են՝ 

-հայագիտություն,

-միջազգային լեզու,

-մաթեմատիկա, 

-բնական գիտություններ,

-օտար լեզուներ,

-հասարակագիտական առարկաներ,

-արվեստներ,

-մարմնակրթություն։ 

«Այբ» դպրոցում գնահատումը կատարվում է բնութագրական արձագանքի (feedback) միջոցով: Թվանշանային գնահատման համար «Այբ»-ում կիրառվում է 100-միավորանոց սանդղակ:

«Այբ» դպրոցում չկան օրագրեր և մատյաններ: Փոխարենը գործածվում է «Մուդլ» էլեկտրոնային համակարգը (անգլ.՝ Moodle): 

«Այբ» դպրոցի ուսուցիչներն ուսուցումը կազմակերպելու համար օգտվում են տարբեր կրթական ռեսուրսներից։ Դպրոցի գործունեության ընթացքում յուրաքանչյուր առարկայի համար մեր ուսուցիչների կողմից հավաքագրվել, մշակվել, թարգմանվել և հարմարեցվել են տարբեր կրթական ռեսուրսներ՝ աշակերտի համար նախատեսված թեմատիկ նյութեր, աշխատանքային տետրեր ու թերթիկներ, թեմատիկ պրեզենտացիաներ, խնդրագրքեր, քննական նյութեր, տեսանյութեր, էլեկտրոնային աղբյուրներ և այլն, որոնք և օգտագործվում են կրթական գործընթացը կազմակերպելիս։

Կրթական ռեսուրսների մշակումը շարունակական գործընթաց է, որում «Այբ» դպրոցի ուսուցչական համայնքը մշտապես ներգրավված է որպես ստեղծարար ուժ։

«Այբ» դպրոցում դասավանդման լեզուն հայերենն է: Մայրենի լեզվով կարդալու, խոսելու, գրելու և մտածելու կարողությունների կատարելագործումն առաջնահերթություն է «Այբ» դպրոցում: Դպրոցը քարոզում է հայկական գիրն ու գրականությունը, դպրության մեր ավանդույթները: Սակայն պահանջվում է նաև օտար լեզուների, մասնավորապես՝ անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն լրացուցիչ մասնագիտական գրականությունից օգտվելու, արտասահմանցի մասնագետների հետ շփվելու և այլ նպատակներով:

«Այբ» տարրական և միջին դպրոցներում հատուկ պայմաններով է կազմակերպվում ուսումնառությունը այն երեխաների համար, ովքեր լիարժեք չեն տիրապետում հայերենին: 

 

              Դպրոցի մասին

 

«Այբ» դպրոցը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց է և գործում է հիմնադրամի կարգավիճակով (իրավաբանորեն գրանցված է որպես «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ): «Այբ կրթական հանգույց»-ը («Այբ» դպրոցը) հոգաբարձուների խորհրդի կողմից ղեկավարվող հիմնադրամ է և հասարակական կառույց: «Այբ»-ը չունի սեփականատերեր և բաժնետերեր:

«Այբ» դպրոցն ապահովում է աշակերտների տեղափոխումն ամեն առավոտյան քաղաքի տրանսպորտային որոշ կետերից դեպի դպրոց և հակառակը: Սա լրացուցիչ ծառայություն է, որի արժեքն է տարեկան 150․000 (հարյուր հիսուն հազար) դրամ։​​​​​

 «Այբ» դպրոցի աշակերտները սնվում են օրական երեք անգամ. առավոտյան տրվում է նախաճաշ, ցերեկը՝ ճաշ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ հետճաշիկ: Դպրոցի ճաշացանկը կազմվում է առողջ սննդակարգի կանոններին համապատասխան:

 

 

 

Tweets by AybSchool