Արտերկրից դիմորդներին

 

Արտերկրի՝ հայերենին լիարժեք չտիրապետող դիմորդներն ընդունելության գործընթացին մասնակցում են այնպես, ինչպես սահմանված է դպրոցի ընդունելության կարգով: Ընդ որում, այս դիմորդները մասնակցում են ընդհանուր մրցույթին և ընդունվելու դեպքում իրենց ուսումնառությունը դպրոցում շարունակում հայերենով՝ ընդունված մյուս աշակերտների հետ նույն դասարաններում: Այս դիմորդների տարիքը 2019 թ. սեպեմբերի 1-ի դրությամբ պետք է լինի առնվազն 13,5:
«Այբ» ավագ դպրոցի 2019-2020 ուստարվա ընդունելությունը կատարվում է 2019 թ. մարտ-հունիս ամիսներին: Դպրոց կարող են դիմել՝

  • արտերկրից 12-ամյա կրթությամբ դպրոցների 9-րդ դասարանցիները (միայն հիմնական կրթության վկայականի առկայության դեպքում).
  • 11-ամյա կրթությամբ դպրոցների 8-րդ դասարանցիները, ովքեր առաջին անգամ փոխում են իրենց դպրոցական համակարգը՝ գալով «Այբ» դպրոց (միայն հիմնական կրթության վկայականի առկայության դեպքում)։

Եթե արտերկրից ժամանած դիմորդը ՀՀ-ում առաջին անգամ է հաճախելու դպրոց, ապա ծնողի ընտրությամբ կարող է կրկնել միևնույն դասարանը:

Ընդունելության գործընթացում բացառություն կատարվում է միայն հայոց լեզվի և հասարակական գիտության քննության համար: Դիմորդը պարտադիր մասնակցում է այս քննությանը: Քննության «հայոց լեզու» բաղադրիչը գնահատվում է հետևյալ կերպ.

  • Լեզվի գիտելիքը ստուգող հարցերն առանձնացվում են լեզվամտածողությունը ստուգող հարցերից: Դրանց պատասխանելու դեպքում դիմորդը գնահատվում է իր հավաքած միավորներին համապատասխան: Հայոց լեզվի բաղադրիչի ոչ բավարար գնահատականի դեպքում դիմորդն այս բաղադրիչից ստանում է նվազագույն միավոր, որի շնորհիվ կկարողանա անցնել հարցազրույցի փուլ (եթե լեզվամտածողության կամ մնացած քննությունների որևէ բաղադրիչի գնահատականը 0 չէ): Այս նվազագույն միավորը սահմանվում է քննությունների նախնական արդյունքների ամփոփման ժամանակ՝ ընդունող հանձնաժողովի կողմից:
  • Լեզվամտածողությունը ստուգող հարցերին դիմորդը գրավոր պատասխանում է առաջարկված երեք լեզուներից (հայերեն, ռուսերեն, անգլերեն) մեկով՝ իր ընտրությամբ: Լեզվամտածողության բաղադրիչի առավելագույն հնարավոր միավորը 12-ն է:

Ընդունելության կարգով նախատեսված մնացած քննություններին և հարցազրույցին այս դիմորդները մասնակցում են ընդհանուր մրցույթի կարգով:

Նախնական տեղեկացման դեպքում այս դիմորդներին ընդունելության քննությունների ընթացքում տրամադրվում են հայերենից համապատասխան լեզվին թարգմանող բառարաններ:

Եթե դիմորդը հաղթահարում է անցողիկ շեմը և ընդունվում դպրոց, ապա նրա հետ կնքվող «Ուսումնառության մասին» պայմանագրում ամրագրվում է, որ դիմորդը մինչև 10-րդ դասարանի առաջին ուսումնական կիսամյակի ավարտը պարտավոր է հանձնել քննություն հայոց լեզվից՝ ապահովելով դպրոցի գնահատման կարգով սահմանված շեմային պահանջները: Հայոց լեզվի լրացուցիչ պարապմունքներ կարող են անցկացվել միայն ծնողի լրացուցիչ ֆինանսական մասնակցությամբ՝ «Այբ»-ից դուրս:

Tweets by AybSchool