«Այբ»-ի պատվիրակությունը՝ «Նազարբաև» ինտելեկտուալ դպրոցների կոնֆերանսին

Հոկտեմբերի 25-26-ին «Այբ» դպրոցի պատվիրակությունը՝ տնօրեն Արամ Փախչանյանի գլխավորությամբ, Ղազախստանում մասնակցում էր «Նազարբաև» ինտելեկտուալ դպրոցների կոնֆերանսին։

Հոկտեմբերի 25-ի իր ելույթում Արամ Փախչանյանն անդրադարձավ դպրոցների համագործակցության արդյունավետությանը և այն արդյունքներին, որ աշակերտները կարող են ստանալ միջմշակութային հաղորդակցությունից։

Մասնավորապես, նա խոսեց «Այբ»-ի և Ուստ-Կամենոգորսկի «Նազարբաև» ինտելեկտուալ դպրոցի համագործակցությունից։ Այս դեպքում նույնիսկ տարածությունը խնդիր չէ, քանի որ կազմակերպվում են նաև առցանց հանդիպումներ։ Նման իրական և վիրտուալ հանդիպումների շնորհիվ աշխարհի տարբեր հատվածներում ապրող մարդիկ, լինելով տարբեր մշակույթների կրող, մտերմանում են և գտնում ընդհանուր հետաքրքրություններ, ինչը շատ կարևոր է։

Արամ Փախչանյանը նաև խոսեց հայաստանյան և արտասահմանյան դպրոցների հետ համագործակցության՝ «Այբ»-ի հաջող փորձի մասին, որը հիմնականում կատարվում է նախագծային ուսումնառության ծրագրի շրջանակում։

«Դպրոցն ավարտելիս այդ երեխաներն արդեն պատրաստ են ներգավվելու հասարակական կյանքում։ Նրանք ավելի ինքնուրույն են, կարող են աշխատել, նախագծեր իրականացնել։ Երբեմն նրանք շատ ավելի պատասխանատու և հետևողական են, քան մեծերը»,- ասաց պարոն Փախչանյանը։

Հավելենք, որ «Նազարբաև» ինտելեկտուալ դպրոցների հետ «Այբ»-ը համագործակցում է 2016 թվականից։ Այդ ընթացքում դպրոցը հյուրընկալել է «Նազարբաև» ինտելեկտուալ դպրոցների աշակերտներին, և առցանց հանդիպումներ են անցկացվել դպրոցների աշակերտների միջև, իսկ առաջիկայում նախատեսվում է «Այբ»-ի աշակերտների այցը Ղազախստան։

Tweets by AybSchool