«Այբապատում» 2023․  այբեցիները Գեղարքունիք համայնքի դպրոցում

«Այբապատում» նախագծի շրջանակում «Այբ» ավագ դպրոցի աշակերտներս հյուրընկալվել էինք Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի դպրոցում։ Գեղարքունիքի միջնակարգ դպրոց ժամանելուն պես մեզ այնտեղ դիմավորեցին դպրոցի անձնակազմը և 3-րդ դասարանի աշակերտները։ Մի փոքր ծանոթությունից հետո դպրոցի տնօրենը կազմակերպեց շրջայց, որի ընթացքում ծանոթացանք դպրոցի գրանցած հաջողությունների և աշակերտների առօրյայի մի մասին։

Ուշագրավ էին դպրոցում նորատունկ ծառերի և մշակաբույսերի այգիները, նաև ջերմոցը։ Եղեռնի 106-ամյակին դպրոցի աշակերտները տնկել էին 106 ծառ դպրոցի հետնամասում։ Այստեղ կար նաև մշակաբույսերի՝ ընդամենը 100 քմ տարածքով այգի, որն ուներ շուրջ 16 անուն մշակաբույս։ Այգին հաղթող է ճանաչվել «Ամենաէկոլոգիապես մաքուր այգի» մրցույթում, և դպրոցը ստացել է 1 մլն 200 հզր դրամ պարգև՝ դպրոցի զարգացման համար։ Մշակաբույսերը խնամել էին աշակերտները, իսկ հետո դրանցով պատրաստել էին կոմպոտ և թեյ։ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցն այդ թեյերը գեղեցիկ փաթեթավորմամբ նվիրեց «Այբ» դպրոցի աշակերտներին։ Այգուն կից կար ջերմոց, որտեղ, հակառակ Գեղարքունիքի սառնաշունչ եղանակին, շատ տաք էր։ Այստեղ աշակերտները զբաղվում էին մշակովի և հիդրոպոնիկ բույսերի աճեցմամբ։

Դպրոցն ուներ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, համակարգչային սենյակ և ակտիվ գործունեություն վարող գրադարան։ Ինժեներական լաբորատորիան շատ անգամներ մրցույթների է մասնակցել, որոնցում հաղթելուց ստացված գումարները օգտագործվել են դպրոցը բարելավելու համար։ Լաբորատորիան ունի 3D տպիչ, որոշ էլեկտրոնային մանրամասներ, որոնց աշխատանքը սիրում են ուսումնասիրել այնտեղ հաճախող աշակերտները։ Ստանալով տարբեր բարդ մեխանիզմներ՝ նրանք է՛լ ավելի լավ են պատկերացնում իրենց կենցաղում հանդիպող սարքավորումների մանրամասները։ Գեղարքունիք գյուղում «Արմաթ»-ի գործունեությանը ծանոթանալուց հետո այցելեցինք դպրոցի ճաշարան, և այն մեզ զարմացրեց համեղ կերակրատեսակներով։ Այցելեցինք նաև դպրոցի համակարգչային սենյակ, որտեղ այդ պահին անցկացվում էր շախմատի օլիմպիադա. հաղթողը անցնելու էր մարզային փուլ։ Երբ այցելեցինք գրադարան, «Այբ»-ի աշակերտները դպրոցին նվիրեցին գրքեր։ Այստեղ իմացանք, որ ՀՀ գրադարանների հանրապետական գիտաժողովում դպրոցական գրադարանների միակ ներկայացուցիչը եղել է հենց Գեղարքունիք գյուղից, և ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից այս գրադարանն է ստացել «Լավագույն դպրոցական գրադարան» կոչումը։

Օրվա ընթացքում «Այբ» ավագ դպրոցի աշակերտներս մասնակցեցինք տարբեր դասերի, նաև մատուցեցինք մեր պատրաստած դասանյութերը։ Դասերի ավարտից հետո մեզ համար մի հետաքրքիր ճամփորդություն էին կազմակերպել. բեռնատար մեքենաների բեռնափոխադրիչներում կանգնած՝ մենք հասանք այն սարը, որտեղից հետո պետք է հետ արշավեինք։ Այդ ամենը շատ տպավորիչ էր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ սա ուղղակիորեն գյուղի բնակիչների առօրյայի մի մասն էր։ Սարի վրա կային շատ ծաղիկներ, որոնք հավաքում էինք և հիանում դրանց գեղեցկությամբ ու բուրմունքով։ Երբ հետ եկանք, մեզանից ոմանք գնացին դպրոցում սովորող աշակերտների հետ ֆուտբոլ խաղալու, իսկ մյուսներն էլ ծանոթացան դպրոցում «1+1» թերթի խմբագրության հետ: Երեկոյան ժամին դպրոցի բակում վառեցինք խարույկ, որի շուրջ ազգային պարեր պարեցինք։ Հագեցած օրվա ավարտին բոլորս գնացինք մեզ հյուրընկալող ընտանիքներ, որտեղ մեզ ջերմորեն ընդունեցին։

Հաջորդ օրը վերսկսեցին դասերը, որոնց ժամանակ Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին ծանոթացրինք մեր պատրաստած դասընթացների մյուս մասին։ Այդ օրվա ընթացքում ավելի լավ ծանոթացանք դպրոցի թերթի խմբագրությանը և ընդհանուր մեդիայի գործունեությանը։ Պարզվեց, որ դպրոցը նկարահանել է վավերագրական ֆիլմ, որն արժանացել է «Իմ համայնքը» անվանակարգում մրցանակի։ Ֆիլմում նկարահանվել են հենց դպրոցի աշակերտները՝ ցուցադրելով նաև գեղեցիկ կադրեր գյուղից։ Ֆիլմի խորքում ընկած էր մի հին պատմություն, որը հասել էր գյուղացիների նախապապերից։ Պատմվում էր դաշտի մեջտեղում տեղ գտած քարի մասին, որից սկիզբ են առնում 7 աղբյուր։ Այդտեղ հին ժամանակներում բնակիչներն աստվածներին զոհեր էին մատուցում, որոնց արարողակարգը նույնպես տեսանք ֆիլմում։

Երկու օր Գեղարքունիք գյուղում՝ երկու օր գեղեցկադեմ բնության գրկում և պարզ ու կամեցող մարդկանց շրջանում։ «Այբապատում» նախագծի շնորհիվ ստացանք անփոխարինելի տպավորություններ, որոնցից եղած հարազատ զգացողությունները երբեք չեն մոռացվի։

Նարե Գրիգորյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>