Պարային երկու մշակույթ, մեկ ընդհանուր տանիք․ արգենտինական տանգոն «Այբ» դպրոցում

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կազմակերպվում է «Արգենտինական տանգոյի շաբաթ», որի ընթացքում արգենտինացի պարողները հայ հանդիսատեսին են ներկայացնում տանգոն իր ողջ կրքով և հմայքով։

Էլ ի՞նչ մշակութային համագործակցություն առանց «Այբ»-ի։ Սեպտեմբերի 18-ին «Արգենտինական տանգոյի շաբաթվա» շրջանակում  հյուրընկալեցինք արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսային և Անաբել Սալդանյա Մարտինեսին։

Ինչպես և վայել է իսկական այբեցիներին, դպրոցի աշակերներն ու անձնակազմը հայկական ազգագրական պարերով ընդունեցին հյուրերին, որոնց անչափ դուր եկան հայկական ազգային պարերը։ Նրանք մեծ ոգևորությամբ էին խոսում՝ նշելով, որ ուրախ են տեսնել այսքան շատ երեխաների՝ համախմբված մի գաղափարի և ոգու շուրջ։

Այնուհետև հիացնելու հերթը հյուրերինն էր կրքոտ տանգո արգենտինացի լավագույն պարողների կատարմամբ, որին հաջորդեց վարպետության դասը «Այբ»-ի աշակերտների և աշխատակազմի համար։

Երկստեք հարստացած մշակութային տպավորություններով՝ հրաժեշտ տվեցինք հյուրերին, որոնք, մեծ բավականություն ստացած, վերադարձան Արգենտինա՝ հույսով, որ մյուս տարի նույնպես կհանդիպեն «Այբ»-ի պայծառ դեմքերին։ Իսկ մենք վերադարձանք մեր դասերին՝ մտքում կրկնելով արգենտինական տանգոյի քայլերը։

Հավելենք, որ «Արգենտինական տանգոյի շաբաթ» միջոցառումն իրականացվում է Հայաստաստանում Արգենտինայի դեսպանության, «Կոնվերս» բանկի և «Կարաս» գինիների ցանցի համագործակցությամբ։

 

Սերգեյ Բադալյան

12-րդ դասարան

 

Tweets by AybSchool