Ամառային ծրագիր

«Այբամառ»

«Այբամառ» ամառային ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար։ Այն հետաքրքիր ժամանցով, խաղերով, այցելություններով ու ճամփորդություններով համեմված ծրագիր է, որի նպատակն է կազմակերպել երեխաների հանգիստը՝  միաժամանակ ապահովելով դրա կրթական բաղադրիչը։ Առաջին անգամ ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին։

Մասնակցում են երեխաներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։

 

«Այբամառ 2018» ծրագրում ներառված էին 6-11 տարեկան երեխաներ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ Ռուսաստանից: Ծրագրի 3-շաբաթյա հատվածը տեղի ունեցավ Երևանում` «Այբ» դպրոցում, իսկ մեկ շաբաթը դիլիջանյան գեղեցիկ բնության գրկում:

Ծրագրի բոլոր նախագծերը հագեցած էին հետաքրքիր և ուսուցողական դասընթացներով տարբեր առարկաներից` ռուսերեն, անգլերեն, հայերեն, սպորտ, նկարչություն և տեխնոլոգիա, տիկնիկագործություն, երաժշտություն և այլն: «Այբամառ 2018»-ի ընթացքում ունեցանք էքսկուրսիաներ դեպի տարբեր թանգարաններ և հաստատություններ, ինչպես նաև ճամփորդություններ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր:  Օրինակ՝ «Քառյակ» նախագծի ընթացքում երեխաները այցելեցին Սաղմոսավանք, Ամբերդ, Հայոց այբուբենի հուշարձան և Օշական: Այնտեղ մասնակիցները ծանոթացան կոթողների, ինչպես նաև հայոց այբուբենի ստեղծման պատմությանը: Ողջ ծրագրի ընթացքում իհարկե չէինք մոռանում ժամանակ հատկացնել հանգստին և խաղերին՝ համատեղելով հաճելին և օգտակարը:

 

2013 թ. «Այբ»-ի նախաձեռնությամբ հաջողությամբ իրականացված «Այբամառ» ծրագիրն այս տարի ներկայացավ ճամբարի ձևաչափով: Այս տարի «Այբամառ»-ն իր մասնակիցներին հյուրընկալեց Արզականի հրաշագեղ բնության գրկում տեղակայված «Երեքնուկ» հանգստյան տանը: 

«Այբամառ 2016» ճամբարի նոր ձևաչափը հիմնված էր քվեստային խաղերի և հանձնարարությունների վրա: Քվեստները կազմվել էին «Այբ» դպրոցի ուսուցիչների կողմից՝ մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից: Ճամբարի ողջ ընթացքում մասնակիցները բաժանվել էին թիմերի և մրցում էին հատուկ մրցանակների համար: Երեխաները նաև մասնակցեցին «Ողջ մնալու արվեստ» ակումբի կողմից կազմակերպած վարպետության երկօրյա դասընթացին: Այս երկու օրվա ընթացքում նրանք ձեռք բերեցին տեղանքում կողմնորոշման, ժայռամագլցման, հրաձգության հմտություններ և կարողացան ձեռքի տակ եղած միջոցներով կրակ ստանալ:

Ճամբարը եզրափակվեց ստվերների թատրոնով, որի ժամանակ ծնողներին ներկայացվեցին Եզոպոսի առակները, իսկ վերջում բոլորը միասին մասնակցեցին սպորտլանդիայի:

 

2013 թ. «Այբ»-ի նախաձեռնությամբ հաջողությամբ իրականացված «Այբամառ» ծրագիրն այս տարի կրկին հյուրընկալեց իր փոքրիկ մասնակիցներին սփյուռքից: Ըստ ավանդույթի, հավաքվեցինք «Այբ» դպրոցում, որտեղից պետք է սկսվեր մեր ճամփորդությունը դեպի հայ մշակույթ ու պատմություն: 

«Այբամառ 2014» ծրագրի ընթացքում երեխաները հասցրին այցելել Տաթևի հրաշագեղ վանական համալիր, լինել հայտնի քանդակագործ և նկարիչ Մոմիկի թանգարանում և հիանալ նրա ստեղծած մարգարտով՝ Նորավանքով: Այս անգամ երեխաները տեղեկություններ ստացան միջնադարյան եկեղեցական կենցաղի, համալսարանական կյանքի և այն ժամանակների մարդկային հնարամիտ արարումների մասին: «Այբամառ 2014»-ը հնարավորություն ընձեռեց երեխաներին՝ ծանոթանալու նաև ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի կյանքին և աստղերի անծայրածիր աշխարհին: Աստղադիտարան այցելության ժամանակ գիշերային պարզ երկնքում երեխաները դիտակով նայեցին աստղերին, գտան գալակտիկաներ և մոլորակներ, որոնք մինչ այդ անտեսանելի էին թվում նրանց: Ծրագիրը եզրափակվեց ամփոփիչ համերգով, որի ժամանակ ներկայացվեց «Սուտասանը» հեքիաթի բեմադրությունը և ավանդույթ դարձած սպորտլադիայով: 

 

2013թ. հուլիսի 29-ից օգոստոսի 12-ը «Այբ»-ի նախաձեռնությամբ իրականացվեց «Այբ ամառային ծրագիրը»: Այն նախատեսված էր սփյուռքահայ 10-15 տարեկան երեխաների համար, որոնք հայերենի իրենց գիտելիքները զարգացնելու կարիք ունեին և նրանց համար, ովքեր ցանկանում էին հաղորդակից դառնալ հայկական մշակութային արժեքներին: Մասնակիցների մեծամասնությունը ժամանել էր Ռուսաստանից, կային նաև մասնակիցներ Հայաստանից:

Ծրագիրը բավական հագեցած էր ու հետաքրքիր: Կարճ ժամանակահատվածում երեխաները հասցրեցին լինել առաջատար թանգարաններում և պատկերասրահներում, այցելեցին այնպիսի գեղատեսիլ վայրեր, ինչպիսիք են Գեղարդի վանական համալիրը, Գառնու հեթանոսական տաճարը, Նորավանքը, Սևանա լիճը, Ամբերդը, լինել Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում: Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեին իրենց տպավորություններն արտահայտել ստեղծագործական դասերի ժամանակ: Մեծ բանաստեղծի տուն-թանգարան այցելությունից ոգեշնչված՝ երեխաները բեմադրեցին «Կիկոսի մահը» հեքիաթը և ամփոփիչ համերգին այն ներկայացրին հանդիսատեսի դատին: Համերգից հետո երեխաները մրցեցին իրենց ծնողների հետ սպորտլանդիայի միջոցառումներում՝ գրանցելով իրենց առաջին փոքրիկ հաղթանակները:

 

Tweets by AybSchool