Այսուհետ պլաստիկի թափոնները կառանձնացվեն «Այբ»-ում

Սիրելի՛ այբեցիներ, այսուհետ դպրոցում կտեսնեք թղթե և պլաստիկե շշերի թափոնների համար նախատեսված առանձին արկղեր։ Թղթերն ու պլաստիկե շշերը հավաքվում են վերամշակման նպատակով՝ նպաստելով բնության ու շրջակա միջավայրի պահպանմանը։

«Այբ» դպրոցում նոր ուսումնական տարին մեկնարկում ենք կարևոր նախաձեռնությամբ այսուհետ դպրոցում կառանձնացվեն պլաստիկի թափոնները։ Ծրագիրն իրականացվում է ISSD (Innovative Solutions for Sustainable Development of Communities Armenia, հայ՝ Նորարարական լուծումներ հասարակությունների կայուն զարգացման համար) կազմակերպության հետ համատեղ։

Աշակերտներին շատ է ոգևորել գաղափարը նրանք ակտիվ մասնակցում են միջոցառմանը՝ հատուկ արկղերի մեջ նետելով օգտագործված թղթերն ու պլաստիկե շշերը։

«Այբ»-ում նաև հատուկ տեղեկատվական հանդիպման նպատակով հյուրընկալեցինք ISSD Armenia-ի ներկայցուցիչներին, որոնք աշակերտներին պատմեցին նախագծի նպատակների մասին և ներկայացրին թափոնները չվերամշակելու և ռեսուրսներն անխնա վատնելու վտանգներն ու վատ հետևանքները, ինչպես նաև ծանոթացրին թափոնները տեսակավորելու առանձնահատկություններին։

Կարևոր հիշեցում աշակերտներին

Մեկանգամյա օգտագործման բաժակները, ափսեները, պատառաքաղներն ու դանակները դեռևս չեն վերամշակվում, և արկղերը նախատեսված չեն դրանց համար։ Արկղերի մեջ պետք է նետել միայն ամուր պլաստիկ։

Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունն այս անչափ կարևոր նախաձեռնությանը։

 

Սերգեյ Բադալյան

12-րդ դասարան

 

Tweets by AybSchool