Հարցազրույց

Հարցազրույց և ընդունող հանձնաժողով

Ընդունելության քննությունների վերջնական ամփոփումից հետո հարցազրույցների փուլ անցած բոլոր դիմորդների համար կազմակերպվում են երկու տիպի հանդիպում-հարցազրույցներ ապրիլի 27-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Հարցազրույցի առավելագույն միավորը 64-ն է: Դիմորդների ծնողներն այս հանդիպումներին ներկա չեն լինում:

Առաջին տիպի հանդիպումները՝ խաղ-վարժանքները, վարում են դպրոցի հոգեբանները. հնարավոր է նաև այլ մանկավարժների ներգրավում՝ դիտորդի կարգավիճակով: Այս խմբային հանդիպումներն անցկացվում են փոքր խմբերով: Հանդիպումների ընթացքում նախատեսված են խմբային խաղ-վարժանքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղեկություններ հավաքել դիմորդների վերաբերյալ։ Խմբային խաղ-վարժանքների կշիռը հարցազրույցի ընդհանուր միավորում 30% է:

Երկրորդ տիպի հանդիպում-հարցազրույցները դիտարկում և գնահատում են ԸՀ-ի անդամները: Այս հանդիպում-հարցազրույցների կշիռը հարցազրույցի ընդհանուր միավորում 70% է: Այս փուլում ԸՀ-ի անդամները ծանոթանում են աշակերտի հետ, փորձում պարզել «Այբ» դպրոցում սովորելու նրա շահադրդումը (մոտիվացիան), ձգտումները կյանքում, տեսլականը:

Հարցազրույցի արդյունքները բողոքարկման ենթակա չեն։

Հիմնական և սպասման ցուցակների հրապարակում

Ըստ երեք քննությունների և հարցազրույցի փուլի արդյունքում հավաքված միավորների՝ ձևավորվում են ընդունված աշակերտների հիմնական և սպասման ցուցակները: ԸՀ-ն այս ցուցակները հաստատում է ընդհանուր քննարկման արդյունքում, երբ յուրաքանչյուր դիմորդի համար պարզ են լինում 3 քննությունների և հարցազրույցների վերջնական միավորները:

Ըստ այդմ ԸՀ-ն սահմանում է որոշակի անցողիկ շեմ, որը կապված չէ եղած թափուր տեղերի քանակի հետ: Անցողիկ շեմը, հնարավոր է, հաղթահարեն ընդունելության կարգով նախատեսված առավելագույն թվից պակաս թվով աշակերտներ:

Մինչև մայիսի 4-ին ժամը 20:00-ի հրապարակվում է (դիմորդների և նրանց ծնողների համար անհատապես, էլփոստի միջոցով) Ընդունող հանձնաժողովի՝ դպրոց ընդունելու վերաբերյալ վերջնական որոշումը:

Ընդունվածների հիմնական ցուցակից բացի կարող է սահմանվել նաև սպասման ցուցակ այն դեպքում, երբ համալրված են տվյալ ուսումնական տարվա համար նախատեսված բոլոր թափուր տեղերը: Սպասման ցուցակում կներառվեն այն աշակերտների անունները, ում միավորների տարբերությունն անցողիկ արդյունքների համեմատությամբ, ըստ ԸՀ-ի եզրակացության, չի խոչընդոտում աշակերտի ընդունվելուն։ Եթե հիմնական ցուցակում ներառված աշակերտները (այդ թվում՝ «Այբ» համակարգի այլ դպրոցներից ընդունվածները) ինչ-ինչ պատճառներով չկարողանան գալ «Այբ» ավագ դպրոց, ապա դպրոցի աշակերտ դառնալու հնարավորություն կընձեռվի սպասման ցուցակի երեխաներին:

Սպասման ցուցակի երեխաների թիվ նախապես չի սահմանվում: Չի բացառվում, որ սպասման ցուցակ ընդհանրապես չլինի: Սպասման ցուցակից աշակերտներն անցնում են հիմնական ցուցակ ըստ սպասման ցուցակում իրենց զբաղեցրած տեղի: Սպասման ցուցակում աշակերտները դասավորվում են ըստ միավորների նվազման կարգի:

Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում՝ բացառությամբ ՀՀ դատական մարմինների կողմից որոշման վերաբերյալ իրավական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքերի:

Ընդունող հանձնաժողով

Ընդունող հանձնաժողովը ձևավորվում է «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման հիման վրա: ԸՀ անդամներ կարող են լինել ինչպես դպրոցի հոգաբարձության, «Այբ» ակումբի, «միջուկ-դրամագլխի», այնպես էլ դպրոցի ակադեմիական խորհրդի անդամները:

ԸՀ-ի հիմնական գործառույթներն են`

  • դիմորդների հետ հարցազրույցների առաջին փուլը վարող մասնագետների կազմի հաստատումը, դրանց դիտարկման և խմբային հարցազրույցների գնահատման չափանիշների հաստատումը,
  • քննությունների արդյունքների ամփոփումը և հարցազրույցների փուլ անցած աշակերտների ցուցակի հաստատումը,
  • հարցազրույցների անցկացումը, հարցազրույցների արդյունքների ամփոփումը, դիմորդների հիմնական և սպասման ցուցակների հաստատումը:

ԸՀ-ի գործունեության տևողությունը` 2018 թ. փետրվարի 15-ից օգոստոսի 31-ը:

 

Tweets by AybSchool